Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարժման մասին ապատեղեկատվություն են տարածում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ իրենց շարժման մասին ապատեղեկատվություն են տարածում.
«Ես խնդրում եմ հաշվի առնել միայն մեր պաշտոնական հայտարարությունները, որովհետև բացի մեզնից ուրիշ ոչ ոք իրավասու չէ անել հայտարարություններ՝ մեր ծրագրերի և նպատակների մասին։ Երեկ, այսօր մենք հայտարարություն ենք արել առաջիկա անելիքների մասին, և մյուս օրվա անելիքների մասին հայտարարություններ իրավասու են անել միայն ու միայն մեր շարժման պաշտոնական ներկայացուցիչը»։
Փաշինյանը հիշեցրեց, թե որն է իրենց առաջիկա անելիքը. «Ժամը ուղիղ 17։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթ ենք սկսում, և ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում սկսվում է հանրահավաք, որի ընթացքում կխոսվի վերջին զարգացումների, հաջորդ օրերի անելիքների մասին, իսկ ընդհանուր պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, որ մինչև վերջին վայրկյանը մեր զգոնությունը չենք կորցնում, շարունակում ենք մնալ մեր պայքարի դիրքերում՝ մինչև մեր դե ֆակտո արձանագրված հաղթանակը չարձանագրվի նաև դե յուրե»։
Նա կոչ արեց հաշվի չառնել որևէ հայտարարություն, որն իրենց շարժմանը պլանների փոփոխություն է վերագրում։ «Խնդրում եմ հավաքել ուժերը՝ այս պրոցեսը տրամաբանական ավարտին հասցնելու համար, իսկ թե ինչ նրբություններով մենք այդ գործընթացը կկազմակերպենք, կախված է քաղաքական վիճակի նրբություններից»։