Ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական 4 խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են: «Արմենպրես»-ը զրուցել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Հանրապետական խմբակցությունը Սահմանադրությամբ տրված ժամկետներում` մինչև ապրիլի 30-ը ներառյալ, կքննարկի Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի հարցը և կգա միասնական որոշման: «Ինչ որոշման էլ մենք հանգենք, դա պայմանավորված է լինելու բացարձակապես Հայաստանի Հանրապետության պետական շահով, Հայաստանի քաղաքացիների շահերի սպասարկմամբ` նկատի ունենալով ազգային անվտանգության և ներքին կայունության առաջնահերթությունը: Մենք պետականամետ քաղաքական ուժ ենք, որտեղ պետության և հայրենիքի շահն ամենավերն է և մենք կառաջնորդվենք նժդեհյան հետևյալ սկզբունքով` կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին` հնարավոր է, որ իրենց թեկնածուն չլինի ՀՀԿ-ական, այլ սատարեն մեկ այլ թեկնածուի, Շարմազանովը պատասխանեց. «Ես ասացի, մենք կքննարկենք, կգանք միասնական որոշման: Մեր որոշումը կլինի ազգային անվտանգության և ներքին կայունության շահը սպասարկելու ուղղությամբ: Հանրապետական կուսակցությունը պետական ուժ է, և մենք մինչև ապրիլի 30-ը կգանք որոշման և կներկայացնենք մեր հստակ որոշումը, թե ինչ ենք անում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը` շեշտելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում կողմերի միջև: «Այս պահին ես որևէ հստակ որոշման մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ ընթանում են բավականին ինտենսիվ բանակցություններ: Վստահ եղեք, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում մենք մեր որոշումը կունենանք և սահմանված կարգով` մինչև ապրիլի 30-ը, մինչև այն պահը, երբ պիտի առաջադրվեն վարչապետի թեկնածուները, մեր որոշումը կհրապարակենք»,- ասաց Զոհրաբյանը:
Խորհրդարանական «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ դաշինքը պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, սակայն այդ հարցում չեն շտապում. ««Ելք» դաշինքը պատրաստ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց երեկ ամբիոնից հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի բոլոր 4 խմբակցությունների թեկնածուն: Հիմա, կարծում եմ, պարոն Փաշինյանը բանակցությունների մեջ է մյուս երեք խմբակցությունների հետ: Արդյունքների մասին, ենթադրում եմ, որ մեզ կտեղեկացնեն»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ «Դաշնակցություն»-ը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: «Ազգային ժողովի նիստին ընդառաջ մեր որոշման մասին տեղեկատվություն կստանաք»: Հարցին` հնարավո՞ր է ՀՅԴ-ն որոշում կայացնի սատարել Նիկոլ Փաշինյանին, Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ այս պահին չունեն, սակայն հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ և քննարկումներ կունենան Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հետ: «Հարցերի բավականին մեծ շրջանակ ունենք, որոնց վերաբերյալ հետաքրքիր են պարոն Փաշինյանի և նրա կողմնակիցների մոտեցումները: Նաև այդ քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև չբացառեց, որ կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի սեփական թեկնածուին: