«Եթե ընդդիմության տրամաբանությունը նույնը մնաց, նոր իշխանությունը ժամանակի ընթացքում ավելի շատ է դեգրադացվելու». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ թավշյա հեղափոխության հիմնական պատճառը հասարակության դժգոհությունն էր ոչ միայն՝ սոցիալ-տնտեսական իրավիճակից, արդարության բացակայությունից, այլ նաև իշխանության վերաբերմունքից.

«Կարող են լինել խնդիրներ, բայց էական է, թե իշխանությունն ինչպես է վերաբերվում այդ խնդիրներին և հանրության պահանջներին։ Այդ բացարձակ անտարբերությունը, ցինիզմը, երեսպաշտությունը, որով արձագանքում էին խնդիրներին, դա էր ահռելի հիմքը կազմում այդ դժգոհության, իսկ դա արդեն հեղափոխության նախադրյալ է»։

Ըստ նրա՝ Փաշինյանի՝ փողոցային պայքարի կոչն ավանդական էր, բայց պայքարն ինքը ոչ ավանդական մեխանիզմով էր. «Մինչև հիմա մարդկանց ասում էին՝ դուք եկեք հանրահավաքի, մենք կխոսենք, դուք կլսեք, ձեր գործը լսելն է, մեզ հավատալն է, իսկ իշխանության հետ ինչ կխոսենք, դա արդեն մենք գիտենք։ Փաշինյանն արեց այլ բան՝ առաջարկեց գնալ գործողությունների։ Մարդիկ սկսեցին մասնակցել շարժմանը, բացի լսողից՝ մարդիկ անողի դերում հայտնվեցին։ Կոնկրետ առաջարկը բերում է հանրության կոնկրետ գործողություններին, և այս առումով, կարծում եմ՝ հաջողության գրավականներից մյուսը նաև սա էր»։

Իսկ ապագայում, մեկնաբանի խոսքով՝ շատ բան կախված է լինելու արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների հարաբերություններից.

«Այսինքն՝ ինչպիսի հարաբերություն, ընկալում կլինի ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի հետ, որովհետև, եթե հիմնական միջոցը դիտարկենք խորհրդարանը՝ որպես խաղի նոր կանոններ սահմանելու տարբերակ, այստեղ իրավիճակը կարող է անկայուն լինել, որովհետև մենք տեսնում ենք մի քանի ուժեր, որոնցից ամեն մեկն ունի իր շահը, և եթե խոսք գնա նոր ընտրական խաղի կանոնների մասին, պրոցեսը վերածվի «բազարի»։

Արդեն ցանկացած ուժ սկսելու է մտածել, թե այդ կանոններում ինչպիսին պետք է լինի խորհրդարան անցնելու իր շանսը։ Դրա համար շատ կարևոր է ուժայինների և Նիկոլ Փաշինյանի համատեղ աշխատանքը»։

Բադալյանի կարծիքով՝ շատ վատ կլինի, երբ երկար շարունակվի այն վիճակը, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, բայց խորհրդարանում չունենա կայուն մեծամասնություն. «Դրա համար հնարավորինս արագ պետք է ընտրական մեխանիզմը կարգի բերել և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եթե ժամանակը երկարի, ապա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի առումով խնդիրներ կառաջանան, որովհետև հասարակության մեջ անմիջապես սկսելու են ակնկալիքները Նիկոլից, հետո հիասթափություն լինի»։

Քաղաքական մեկնաբանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե քաղաքականությունն ինչպիսին է լինելու.

«Մենք գիտենք, որ իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ, փորձելու է հասնել իրավականության, օրինականության հաստատմանը, մնացած առումներով պարզ չեն նոր իշխանության գաղափարական մոտեցումները, և ըստ այդմ՝ պարզ չէ, թե նոր ընդդիմությունն ինչպիսին է լինելու։ Բայց շատ կարևոր է ընդդիմությունը, որը նոր կանոնների սահմանման պարագայում թույլ չտա իշխանությանը դեգրադացվել, որովհետև եթե ընդդիմության տրամաբանությունը նույնը մնաց, նոր իշխանությունը ժամանակի ընթացքում ավելի շատ է դեգրադացվելու։

Մյուս խնդիրն այն է, որ փողոցում Փաշինյանին աջակցող հասարակությունն ինչքանով է շարունակելու սուբյեկտ մնալ, թելադրելու գաղափարներ, տարբեր առաջարկներ, և այլն, թույլ չտալով, որ քաղաքական դաշտն էլի կտրվի հասարակությունից»։

Տեսանյութեր

Լրահոս