Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն. Վազգեն Մանուկյանը ճանապարհային քարտեզ է առաջարկում

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, եւ անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Նման հայտարարություն է տարածել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին եւ այս ձեւով:

Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարեւոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա եւ ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձեւով:

Այս պահին խոսքն այն մասին է, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան եւ ձեռք բերված փորձը:

Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձեւակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովը լուծարումը եւ նոր խորհրդարանի ձեւավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկիել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով:

Բնական է, որ իրավիճակի այլ լուծումներ էլ կան, բայց դրանց մասին խոսելն արդեն անիմաստ է, պետք է քննարկել այս տարբերակները, որոնց ճանապարհային քարտեզը ես տեսնում եմ հետեւյալ կերպ.

1. Ազգային ժողովը ձեւավորում է Ազգային համաձայնության կառավարություն:

2. Ազգային ժողովն անհապաղ (20-30 օրվա ընթացքում) մշակում է նոր ընտրական օրենքի նախագիծ, ընդ որում նախագիծը հիմնականում մշակում է ընդդիմությունը, եւ եթե օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային օրենքներին, ապա Ազգային ժողովը պարտավորվում է այն ընդունել:

3. Տեղի են ունենում նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ մի կարեւոր հարց կա. ընդհանրապես գոյություն ունի միջազգային նորմ, որը պարտադիր չէ, բայց ավանդույթի ուժ ունի, ըստ որի ընտրական օրենքը կարելի է փոխել միայն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ: Կարելի է այդ նորմը բանի տեղ չդնել եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել անմիջապես, բայց այդ 6 ամսի պահանջն ունի ներքին տրամաբանություն. երբ խաղի կանոնները փոխվում են, կուսակցություններին տրվում է ժամանակ, որպեսզի կարողանան նոր խաղի կանոններով առաջնորդվել, եւ ես կարծում եմ՝ դա ճիշտ է:

Այս պահին նոր ընտրություններ անցկացնելը կնշանակի ձեւավորել մի խորհրդարան, որտեղ ներկայացված չէ հասարակության ամբողջ պալիտրան: Իսկ հասարակության պալիտրան այս օրերի ընթացքում արագորեն փոխվում է, եւ գոնե 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի այն ձեւավորվի կուսակցաշինության միջոցով եւ ոչ թե հեղափոխական տրամադրություններով: Ես նույնիսկ գտնում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը պետք է գործի գոնե մեկ տարի:

4. Այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվում է համաձայնագիր Ազգային ժողովի խմբակցությունների միջեւ:

Տեսանյութեր

Լրահոս