Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել
Հայկական համայնքը, մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար, վրացական համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը:
«Հիմա Թուրքիայի դեսպանատան առջև ցույց են կազմակերպել մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ եկեղեցու հետ: Իսկ մեկ շաբաթ առաջ վրացական «TV 1» հեռուստաալիքով ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմը»,-ասաց Ստեփանյանը:
Ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև փոքրիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Ցեղասպանության մասին պատմող կադրեր: Ստեփանյանի խոսքով՝ տարբեր դեսպանատներից ներկա են եղել բազմաթիվ ներկայացուցիչներ: «Առաջին անգամ վրացական շատ հեռուստաալիքներ լուսաբանել են այդ միջոցառումը»,-եզրափակեց Ստեփանյանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: