«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Երևանում, մեր հայ բարեկամների ներքին գործն է». Պեսկով
Կրեմլը գոհունակությամբ է նշում, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ մենք տեսնում ենք, որ իրադրությունը բնավ չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհացնող է»,-լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է. «Այն ամենը, ինչ տեղիէ ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն է: Այն շատ թանկ գործընկեր է մեզ համար, որի հետ մենք շատ լայն կապեր ունենք ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի բնագավառում եւ այլն, եւ այլն»:
«Մենք հուսով ենք, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը եւ որ ամենամոտ ժամանակներս, արդեն տեսանելի հեռանկարում ի հայտ կգան քաղաքական այն կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ Պեսկովն ասել է, որ Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները համեմատելն անտեղի է:
«Ես զուգահեռներ չէի անցկացնի, որովհետեւ իրադրությունը միանգամայն տարբեր է, եւ հազիվ թե այստեղ կարելի է ուղղակի զուգահեռներ անցկացնել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Նրա խոսքով՝ «իհարկե, դեռ պետք է վերլուծել այդ իրադրությունը (Հայաստանում), մենք շատ ուշադիր հետեւում ենք դրան»: «Այժմ ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ ասոցիացիաներ անցկացնելն այստեղ անտեղի է»,-ընդգծել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ հեռախոսազրույցներ չի ունեցել ո՛չ Հայաստանի պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Ո՛չ, նախագահը դեռեւս շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-ասել է Պեսկովը եւ հիշեցրել, որ ապրիլի 23-ի երեկոյան հեռախոսազրույց է կայացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Կարեն Կարապետյանի միջեւ: