Բաժիններ՝

Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը համաձայնեցրել են իրանական միջուկային գործարքի պահպանման պայմանները. SZ

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնեցրել են այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի երկարաձգել Վաշինգտոնի մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այդ մասին ապրիլի լույս 24-ի գիշերը հայտնել է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

«Բանակցությունների հինգ փուլից հետո եվրոպական եւ ամերիկյան կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է Իրանին նոր պատժամիջոցներով սպառնալ նրա հրթիռային փորձարկումների եւ ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության պատճառով: Միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրը պետք է մնա նախկինը, բայց դրա առանձին դրույթներ մեկնաբանվելու են նորովի»,-գրում է հրատարակությունը:

Երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը բաղկացած է չորս կետից եւ ներառում է միջուկային գործարքի ավարտման ժամկետը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների լիազորությունների շրջանակը, Իրանի հրթիռային ծրագրերը, ինչպես նաեւ Եմենում, Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում Թեհրանի ազդեցության գոտիները: Համաձայնագրում ընդգծվում է, որ նույնիսկ ԳՀՀԾ-ի գործողության ավարտվելուց հետո Իրանը պարտավոր է լինելու հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից:

Ինչպես նշում է SՖddeutsche Zeitung-ը, արեւմտյան երկրների միջեւ բանակցությունները դեռեւս ավարտված չեն, սակայն եվրոպական երկրները պայմանավորվել են, որ չեն հետեւի ԱՄՆ-ին, եթե Թրամփը որոշի դուրս գալ միջուկային գործարքից:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս