«Սա փոքրիկ հաղթանակ է, մեծ հաղթանակ չէ. առջևում պատերազմ է». Հայկ Մարտիրոսյան

«Սերժ Սարգսյանին ստիպեցին հրաժարական տալ. ժողովուրդը վերջապես ցույց տվեց, որ ինքն արժանապատիվ և հարգանքի արժանի ժողովուրդ է և չի կարող անընդհատ ստորանալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։

«Երեկվա իրադարձությունները փոխեցին ամեն ինչ, որովհետև հստակ դարձավ այն, ինչ բոլորս գիտեինք, բայց չէինք կարողանում հավատալ, որ մարդը ոչնչացնում է Հայաստանը, չի սիրում Հայաստանը, և իր տգետ ադրբեջանական գավառական մտածողությամբ երկիրը հասցրել է ոչնչության։ Կա նոր սերունդ, փայլուն երիտասարդ սերունդ, որին անգամ ես ինչ-որ պահի չէի հավատում, որ կզարթնի, բայց այդ սերունդը զարթնեց, և պետք է շնորհակալություն հայտնեմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքն արեց անհնարը, որին ոչ մեկը չէր հավատում, և կարողացավ ժողովրդին դուրս բերել փողոց և հասնել նրան, ինչին մենք արժանի էինք»,- ասաց նա։

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ պայքարը չի ավարտվել. «Սա ընդամենը սկիզբն է, սա փոքրիկ հաղթանակ է, մեծ հաղթանակ չէ․ կառավարությունը տեղում է, հանցավոր ՀՀԿ-ն տեղում է, քծնողների բանակը տեղում է, ԱԺ-ից և հասարակությունից այդ մարդիկ պետք է մեկուսացվեն օրենքի շրջանակներում, և պետք է յուրաքանչյուրը պատասխան տա՝ իր կատարած հանցագործությունների և ապօրինությունների համար։ Պետք է հասկանալ, որ պայքարը դեռ առջևում է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս երկիրը վերջապես մաքրվի, որովհետև առջևում պատերազմ է, և մենք իրավունք չունենք պատերազմի մեջ մտնել թուլացած կամ մեկ այլ հանցավոր ՀՀԿ-ի հետ միասին»։

Մեր հարցին՝ առաջիկայում պատերա՞զմ է կանխատեսում, նա պատասխանեց, որ պատերազմն արդեն իրականություն է. «Ադրբեջանական կողմը շատ երկար ժամանակ  լրջագույն պատրաստություն է տեսնում և սահմանային գծի ողջ երկայնքով արդեն երկար ժամանակ զորքեր էր կուտակել, որին Հայաստանի նախագահը որևէ կերպ չէր պատասխանում, վախենում էր իր փոքրիկ աթոռը կորցնելուց։ Եվ հիմա, երբ այդ փոքրիկ մարդը գնացել է, պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք երկրի ներսում անելու՝ մաքրելու այս երկիրը, որպեսզի պատերազմ կարողանանք մտնել՝ որպես հաղթածներ և որպես հաղթողներ»։

Տեսանյութեր

Լրահոս