Հանրակրթության 10 տարիները՝ թվերով
Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հրապարակել է հանրակրթության 2017 թվականի վիճակագրությունը։ Ներկայացնենք հանրակրթության վիճակագրական որոշ համեմատական տվյալներ, որոնք արձանագրվել են վերջին 10 տարիներին։
Վերջին 10 տարիներին նվազել է Հայաստանի աշակերտների թիվը։ 2008 թվականին Հայաստանի դպրոցներում սովորում էր 414781 աշակերտ։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 368722։ Այսինքն՝ 46 հազարով նվազել է աշակերտների թիվը։ Էապես նվազել է գյուղաբնակ աշակերտների թիվը։ Եթե 2008 թվականին գյուղաբնակ աշակերտների թիվը եղել է 161908, ապա 2017 թվականին՝ այդ ցուցանիշը կազմել է 134200։ Փաստորեն, գյուղական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է շուրջ 27 հազարով։
Շարունակաբար նվազել է նաև մեկ դպրոցում սովորող աշակերտների թիվը։ 2008 թվականի համար տվյալներ չկան, բայց 2017 թվականին Հայաստանում մինչև 100 աշակերտ ունեցող 461 դպրոց կա։ 2015 թվականին այդպիսի 455 դպրոց կար։ Այս դպրոցները լուրջ խնդիր են, քանի որ անհնար է պատկերացնել որակյալ կրթություն 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցում։ Դպրոցը հասարակության միկրոմոդել է։ Ուստի կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր դասարանում առնվազն 15 աշակերտ լինի ուսուցումը սոցիալական դարձնելու համար։
Առկա են նաև աշակերտների արտագաղթի աճի միտումներ։ 2008 թվականին Հայաստանից արտագաղթել է 4126 աշակերտ, ներգաղթել է 2077-ը։ 2016 թվականին արտագաղթող աշակերտների թիվը 7000-ից ավելի էր։ 2017 թվականին արձանագրվել է որոշակի դրական տեղաշարժ։ Արտագաղթողների թիվը կազմել է 6320, իսկ ներգաղթողների թիվը՝ 2479 աշակերտ։ Մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ արտագաղթող աշակերտների զգալի մասը տղաներ են։ Հատկապես շատ են արտագաղթում միջին դպրոցում սովորող տղաները։ Սա կարող է կապված լինել բանակային ծառայությունից խուսափելու հետ։ Օրինակ՝ 2017 թվականին Հայաստանից արտագաղթած աշակերտներից 3549-ը տղաներ են, 2771-ը՝ աղջիկներ։
Էական փոփոխություններ կան ոչ պետական դպրոցների կառուցվածքում։ 2008 թվականին Հայաստանի բոլոր մարզերում կային ոչ պետական դպրոցներ։ 2017 թվականին ոչ պետական դպրոցներ կան միայն Երևանում, Շիրակում, Արմավիրում և Տավուշում։ 47 ոչ պետական դպրոցներից 39-ը Երևանում են։ Սա վկայում է այն մասին, որ վճարովի կրթությունը հասանելի է միայն երևանցիներին։ Ընդ որում, շեշտակի աճել է Երևանի ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների թիվը։ Եթե 2008-ին Երևանի ոչ պետական դպրոցներում սովորում էր շուրջ 4300 աշակերտ, ապա 2017-ին ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների թիվը հասել է 7400-ի։
Էական փոփոխություններ կան նաև ուսուցիչների տարիքում։ Հայաստանի ուսուցիչները ծերանում են։ Եթե 2008-ին մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը եղել է 1982, ապա 2017-ին մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը 1516 է։ Փոխարենը՝ շեշտակի աճել է 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը՝ 641-ից հասնելով 1758-ի։ Նկատելիորեն ավելացել է նաև 60-64 տարեկան ուսուցիչների թիվը։ Եթե 2008-ին 60-64 տարեկան 2657 ուսուցիչ էր աշխատում դպրոցներում, ապա այսօր այդ թիվը 4101 է։
Կառուցվածքային լուրջ փոփոխություններ են արձանագրվել աշակերտների համակազմում։ Ավանդաբար Շիրակի և Լոռու մարզերը Երևանից հետո համարվում էին երկրորդ և երրորդ խոշորագույն բնակավայրերը։ Այսօր կրթության ոլորտում այլևս այդպես չէ։ 2008 թվականին Շիրակի և Արմավիրի մարզերում աշակերտների թիվը եղել է շուրջ 39 հազարական, Կոտայքում՝ շուրջ 36 հազար, Լոռիում՝ շուրջ 35 հազար։ 2017-ին Շիրակում մնացել է ընդամենը շուրջ 30 հազար աշակերտ, Լոռիում՝ շուրջ 29 հազար։ Երևանից հետո ամենաշատ աշակերտներ այսօր կան Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Սա նշանակում է, որ աշակերտությունը գերազանցապես կենտրոնացած է Երևանում և մերձակա երեք մարզերում։ Աշակերտների շուրջ 60%-ը հենց այս 4 մարզերում է։
Դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքը չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին։ Արդեն 2018 թվականն է, բայց 72 դպրոցում դեռևս ջուր չկա, 137-ում կոյուղացում չկա, 398-ում գազամատակարարում չկա, իսկ 9 դպրոցում ընդհանրապես ջեռուցում չկա։
Վերջին տասը տարիներին կրկնապատկվել է դպրոցների համակարգիչների թիվը։ Եթե 2008-ին դպրոցներում եղել է 10848 համակարգիչ, ապա 2017-ին այդ թիվը հասել է 22714-ի։ Եթե 2008-ին ինտերնետին միացված էր 696 դպրոց, ապա այսօր Հայաստանի բոլոր դպրոցներն ունեն ինտերնետ կապ։ Այդուհանդերձ, դպրոցների համակարգիչների զգալի մասը հնամաշ է, իսկ ինտերնետային կապից ոչ բոլորն են գոհ։ Մասնավորապես, հեռավար դասերի ժամանակ երբեմն ինտերնետ կապն ընդհատվում է։
Դրական միտումներից մեկն այն է, որ այսօր դպրոցներից ավելի շատ տեղեկատվություն է հավաքագրվում, քան 2008-ին։ Եվ քանի որ 2008-ին շատ տեղեկություններ դեռևս չէին հավաքագրվում, ապա չենք կարող այսօրվա շատ տվյալներ համեմատել 10 տարի առաջվա տվյալների հետ։
Իհարկե, թվերը կարևոր են, բայց ավելի կարևոր որակական ցուցիչներ կան։ Մասնավորապես, էապես նվազել է հարգանքը և հոգածությունը ուսուցիչների հանդեպ։ Աշակերտների զգալի մասի մոտ նվազել է սովորելու ցանկությունը։ Էլ ավելի են մեծացել աշակերտների և ուսուցիչների մտածողության տարբերությունները։ Չափազանց ցածր է ուսուցիչների վարձատրությունը։ Ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչների մեծ մասի համար դժվար է դասարան մտնել դրական հույզերով։ Իսկ բացասական հույզերով դասարան մտած ուսուցչի բացասական էներգիան փոխանցվում է աշակերտներին, որոնց մեծ մասը դժկամությամբ է սովորում։