«Սա այլ իրավիճակ է. Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ». Սերժ Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, փոխվարչապետներ Արմեն Գևորգյանին և Վաչե Գաբրիելյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Հանրապետության վարչապետը կառավարության անդամներին առաջարկել է այսօր չանդրադառնալ կառավարության ծրագրերին, սկզբունքներին, մոտեցումներին, քանի որ դեռևս ամբողջովին չի կազմավորվել նոր կառավարությունը: Նշելով, որ այդ գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում՝ վարչապետ Սարգսյանն առաջարկել է միանգամից անցնել օրակարգի հարցերի քննարկմանը, որոնց ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է, իսկ հաջորդ նիստի ժամանակ խոսել վերոնշյալ թեմաների շուրջ:

Հանրապետության վարչապետը նիստի ավարտին անդրադարձել է ևս մեկ հարցի, որը վերաբերել է կառավարության որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը՝ որպես բնակարան, Հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրմանը:

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը:

Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկանցնեմ, այսինքն՝ այսօր: Պ

արո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս