ԿԳՆ-ն՝ աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերի մասին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից լուրեր էին շրջանառվում, որ ապրիլի 18-ին ՀՀ կրթության նախարարության շենքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, «Ազատություն ռադիոկայան»-ի կայք և «Youtube» մուտքն արգելափակված է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը հերքեց այդ տեղեկությունը:
«Թե երեկ, և թե այսօր ես հնարավորություն եմ ունեցել իմ գործառույթի՝ ԶԼՄ մոնիտորինգի շրջանակում մուտք գործել և դիտարկել բոլոր կայքերը»,-ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ նույնը կարո՞ղ է ասել նաև նախարարության մյուս աշխատակիցների համար, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե յուրաքանչյուր համակարգչի ինտերնետն այդ պահին ինչ վիճակում է եղել, բայց փաստում եմ, որ ունեցել եմ այդ հնարավորությունը: Մենք արգելափակման հնարավորություն չունենք: Երբևէ չի եղել, որ նախարարության աշխատակիցներն աշխատանքի ժամին աշխատելու փոխարեն օգտվեն սոցիալական ցանցերից, հետևաբար երեկ ոչ մի բանով նրանց բնականոն աշխատանքը չի խոչընդոտվել»,-եզրափակեց Բաղդասարյանը: