«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։

Բոլորին հայտնի է, որ Սարգսյանը վարչապետ է դարձել 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի, 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ակնհայտորեն այս ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը՝ տիրապետելով կառավարման ողջ լծակներին, երկիրը, ըստ էության, դարձրեց ավտորիտար պետություն:

Հասկանալով դրա վտանգավորությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների սկզբից մինչեւ այսօր պայքարում է այդ ամենը թույլ չտալու համար: Վերջին շրջանում սկսված այս համաժողովրդական պայքարի հիմքում «Ժառանգությունը» եւս կանգնած է եղել եւ շարունակում է մեր համաքաղաքացիների հետ միասին պայքարել՝ ղեկավար կազմից մինչեւ համակիրներ:

Մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին եւ պատրաստ ենք ընդդիմադիր գործընկերների հետ միասնական ջանքեր ներդնել ի շահ ժողովրդի եւ պետության՝ կյանքի կոչելով երկրի համար խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումներ:

Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն եւ անօրինականություն:

  «Ժառանգություն» կուսակցության վարչություն
19 ապրիլի 2018թ. , Երեւան

Տեսանյութեր

Լրահոս