Բաժիններ՝

Բողոքի ակցիա-երթ Գյումրիում

Ապրիլի 17-ին՝ առավոտից Գյումրիում ուսանողները և դպրոցականները ընդդեմ Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետի նախաձեռնության շրջանակներում «Դասադուլ» և այլ ցուցապաստառներով, «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Քայլ արա, մերժիր Սերժին» և այլ վանկարկումներով երթ էին կազմակերպել. Գյումրու Վարդանանց հրապարակից նրանք շարժվել են տարբեր փողոցներով:

Երբ վերջիններս ուղղվեցին դեպի Շիրակի մարզպետարան, այնտեղ մեծ թվով ոստիկաններ շրջափակման մեջ վերցրեցին երթի մասնակիցներին, որպեսզի վերջիններս չմոտենային մարզպետարանի շենքին: Ցուցարարներն այստեղ նաև նստացույց էին կազմակերպել:

Մինչ այդ երթի մասնակիցները և ցուցարարները փակել էին Անկախության հրապարակը և թույլ չէին տալիս մեքենաների երթևեկությունը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ցուցարարներին՝ նշեց, որ վերջիններս իրավունք ունեն խաղաղ ցույցի միջոցով իրենց կարծիքն արտահայտել:

Կազմակերպված ցույցի և երթի ընթացքում երիտասարդները նաև հայրենասիրական երգեր էին կատարում:

Գյումրու Թատերական հրապարակի մոտ հավաքված երիտասարդներից ոմանք ցանկանում էին տեղի նստարաններից մեկը տեղադրել Սայաթ-Նովա փողոցում: Նրանց դա հաջողվեց, ինչի պատճառով ոստիկաններից ոմանք զայրացան և հեռացրեցին նստարանը Սայաթ-Նովա փողոցից: Ուսանողներն ու դպրոցականներն այստեղ ևս ցույց էին կազմակերպել:

Դիմելով ոստիկաններից մեկին՝ ցույցին մասնակցող տարեց կանանցից մեկը նշեց, որ մարդիկ պայքարում են իրենց ամենատարրական իրավունքների իրացման համար, ուստի ցույցերին և երթերին մասնակցող եիտասարդներին նեղել պետք չէ:

Ցույցի մասնակից Արմեն Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններից Արթուրը խփել է երթին մասնակցող երիտասարդներից մեկին:

«Սա սովորական վիճակ է ոստիկանների համար: Քաղաքացիական հագուստով ոստիկանը քաշքշեց, հարվածեց հավանաբար անչափահասի: Հանգամանքները չպարզեցինք, հավանաբար երեխան վախեցավ, գնաց, իսկ պարոն գնդապետը պաշտպանում է, ասում է՝ ես չեմ էլ ճանաչում, մինչդեռ ինձ ասացին, որ ոստիկանության Մուշի բաժանմունքից է»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Տեղում գտնվող որևէ ոստիկան, սակայն, չհաստատեց նրա ասածը՝ պնդելով, թե ոչ մեկը չի խփել:

Հակառակ ոստիկանների պնդումներին, ցույցին և երթին մասնակցողներից ոմանք պնդեցին, թե իրենք ականատես են եղել տեղի ուենցածին:

Ի դեպ, Գյումրու Թատերական հրապարակի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը բորբոքված դիմելով երիտասարդներից մեկին՝ ասաց. «Մե հատմ անշնորհքություն չեմ հանդուրժե»:

Նշենք, որ, երբ երիտասարդները փակել էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որոշ մեքենաների, այնուամենայնիվ, թույլատրեցին անցնել փողոցով, մեքենաների մեծամասնության պարագայում՝ ոչ, որոնց տերերի հետ անգամ երկար բանակցություններ էին ընթանում, որպեսզի վերջիններս այլ փողոցներով երթևեկեն:

Մարզպետարանի մոտ հավաքված անձանցից մեկը բացականչեց՝ բոլոր իշխանավորները կաշառակերներ են:

Այն ժամանակ, երբ ցուցարարներից մեկը պլաստիկե շիշ նետեց մարզպետարանի վրա, ոստիկանները զգուշացրեցին. «Բոլորիդ կհավաքենք ստեղից»:

Ցուցարարներից մեկն էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույցի են եկել, և ով սադրիչ գործողություններ է ձեռնարկում, նա իրենց նախաձեռնության հետ չէ:

Ցույցի մասնակից Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ այս նախաձեռնությունն իր համար մի քիչ զարմանալի էր, քանի որ այն հենց սկզբից դպրոցականները սկսեցին: «Մինչդեռ ուսանողությունը՝ որպես շարժիչ ուժ, քաղաքացիական ակտիվության դրսևորմամբ հանդես չեկավ, ավելի քիչ էին: Հրապարակում հավաքվածներից էլ երևում է, որ հիմնական շարժիչ ուժը ուսանողները չեն: Երթն անկազմակերպ է, ոստիկանության կողմից որևէ քայլ չի կարող ձեռնարկվել, որովհետև հանպատրաստից է, ինքնաբուխ:

Մարդն ընդհանրապես կարիք ունի իր դժգոհությունն իշխանությունների թերությունների վերաբերյալ բարձրաձայնել: Կարևոր է, որ մարդկանց բողոքն արտահայտվի կոլեկտիվ ձևով: Բոլորին էլ հայտնի է, որ այս շարժումն ուղղված է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ պաշտոնավարմանը, որը, չեմ կարծում, թե լավ բանի կտանի: Պաշտոնի փոփոխությունը բացարձակ նշանակություն չունի, քանի որ նույն լիազորությունները, որոնք նախագահինն էին, հիմա վարչապետինն են, ուստի ինքը դարձավ միահեծան կառավարիչ՝ ինչպես իրենց կուսակցության, այնպես էլ՝ ժողովրդի գլխին: Մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական առումով այս ամբողջը մեկ քայլ ետ է գցում Հայաստանի վարկանիշը»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը չեն միանում «Ելք» դաշինքի մյուս անդամները և այլ ընդդիմադիր ուժեր, չէ՞ որ ընդդիմության հաջողության գրավականը միասնականության մեջ է, ոչ թե այն, որ յուրաքանչյուրը ձգտի շարժման առաջնորդ դառնալ, մեր զրուցակիցը նշեց, որ բանակցություններ եղել են, բայց երևի առաջնորդվում են՝ սեփական ինքնագիտակցության վրա հիմնվելով: «Նման տենդենց կա, որ ասում են՝ Նիկոլն է իր քարոզչությունն անում»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս