Ռուսաստանը Եվրոպայի մաս է և պետք է լինի ԵԽԽՎ-ում. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ այդ երկիրը Եվրոպայի մի մասն է:
ՀՀԿ կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանն այս մասին ասել է ռուսական «Известия» պարբերականի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվային ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը վերադարձնելն արդյոք անհրաժեշտ համարո՞ւմ է:
«Իհարկե, Ռուսաստանը պետք է լինի Եվրոպայի խորհրդում, պետք է լինի դրա լիիրավ անդամ, այդ թվում և Խորհրդարանական վեհաժողովում: Ընդհանրապես, Ռուսաստանը Եվրոպայի մաս է, իսկ ԵԽԽՎ-ն այն հարթակն է, որտեղ պետք է անցկացվեն դեբատներ, երկխոսություններ, պետք է լսելի լինեն ձայներն ամենատարբեր եվրոպական անկյուններից:
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ռուսաստանը Եվրոպայի մասն է, այն պետք է լինի ԵԽԽՎ-ում: Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է, երբ քննարկվում են հարցեր՝ կապված որևէ երկրի հետ, իսկ այդ երկիրը ներկա չէ: Դա ճիշտ չէ: Պատժամիջոցները ամենածայրահեղ միջոցն են, իսկ դրանց տված օգուտը՝ խիստ կասկածելի»,- հայտարարել է Սարգսյանը: