Բաժիններ՝

Հայաստանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փրկել է 7779 կյանք

7779 կյանք՝ հենց այդքան մարդ է փրկել Հայաստանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Կենտրոնի աշխատանքներին էր նվիրված Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցած երեկոն, որի ընթացքում Հայաստանի կառավարության պարգեւների արժանացան Հայաստանում մարդկանց կյանքեր փրկած ամերիկացի բժիշկները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մեր երկկողմ հարաբերությունների կարեւոր խորհրդանիշներից մեկն է, իր խոսքի մեջ նշում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Որպես երկու աղջիկների հայր, պետք է նաեւ անձամբ նշեմ կենտրոնի աշխատանքների կարեւորությունը»:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնական նպատակն է կանանց առողջության բարելավումը, նպատակ, որի կարեւորությունը դժվար է թերագնահատել, ընդգծում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը.

«Երբ երջանիկ է ընտանիքի մայրը, երջանիկ է ամբողջ ընտանիքը: Կանանց առողջությունն ամբողջ մարդկության առողջությունն է»:

Կենտրոնը հիմնադրվել էր ամերիկահայ բարերար Ռիտա Բալյանի նախաձեռնությամբ: Այսօր կենտրոնը շարունակում է գործել է հայ բարերարների աջակցության շնորհիվ: Ամերիկյան կառավարությունն իր կողմից Հայաստանում գործող կենտրոնի համար անվճար տրամադրում է թանկարժեք սարքավորումներ, նշում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մոհամադ Լաթիֆը.

«Մենք տրամադրում ենք եռաչափ տոմոգրաֆիկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արագ ախտորոշել քաղցկեղը, իսկ արագ ախտորոշումն այս դեպքում կարող է կյանք փրկել»:

Իր գործունեության ընթացքում կենտրոնը սպասարկել է ավելի քան 400 հազար մարդու, հիմնականում կանանց:

«Մայրն է ամենակարեւոր սյունը, հիմքը իր ընտանիքի, – ինքը՝ Ռիտա Բալյանը միշտ առաջնորդվել է մեկ գաղափարով՝ հետեւել սրտի կոչին, լինել արժանի քաղաքացի այն երկրում, որտեղ բնակվում ես, ու երբեք չմոռանալ պատմական հայրենիքը, – Հայը հային պետք է օգնի ամենից առաջ, հայը հայրենիքին պետք է օգնի»:

Կենտրոնում աշխատած ամերիկացի բժիշկներն ու մասնագետներն ընդգծում են. Հայաստանում անց են կացրել իրենց աշխատանքային լավագույն տարիները: Կենտրոնի հայ աշխատակիցներին ախտորոշման ռենտգենաբանություն սովորեցրած Էն Արչերը նշում է՝ դա կյանքիս կարեւորագույն գործերից մեկն էր: Միշել Փարսոնսն օգնել է Հայաստանում մամոգրաֆիայի կենտրոն հիմնադրել.

«Սիրտս ընդմիշտ Հայաստանում մնաց, քանի որ դուք յուրահատուկ եք»:

Էմմա Զարգարյան, Հերոս Նորավյան, Քրիստին Ավաքոֆ, Վիկեն եւ Ջոն Փուչիգյան՝ մասնագետներ, որոնք օգնել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հիմնադրել գինեկոլոգիական, ընտանեկան առողջության բաժիններ: Կենտրոնի հիմնադիր Ռիտա Բալյանն իր կողմից հիշեցնում է միասնության կարեւորությունը.

«Մենք, հայերս, պետք է սովորենք միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս