«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում
Նամակը, որը գրել էր «Տիտանիկի» փրկված ուղեւորուհի Քեյթ Բասը, շուտով աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնել է Fox News-ը: Նամակը գրվել է 1912 թվականի ապրիլի 10-ին, այն օրը, երբ նավը Սաութհեմփթոնից (Անգլիա) սկսեց իր առաջին ուղերթը: Քեյթ Բասը երկրորդ դասի ուղեւորուհի էր եւ, հիանալով նավով, տեղի ունեցած ամեն բան նկարագրել է թղթի վրա: Նա թղթի բոլոր երեսներին գրել է սեւ թանաքով: Հասցեատերը Փերսի Ջեյմսն էր:
Ապրիլի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» Ատլանտյան օվկիանոսում խորտակվել է այսբերգին բախվելու պատճառով: Նավի վրա գտնվում էր մոտավորապես 2 հազար 224 մարդ, որոնցից ավելի քան մեկուկես հազարը զոհվել են: Աղետի ազդանշանով ժամանած «Կարպատիա» շոգենավը փրկել է 700-ից քիչ ավելի մարդկանց, որոնց թվում եղել է նաեւ Քեյթ Բասը:
Նամակի հեղինակը մահացել է 1972 թվականին 96 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նամակը համարվում է նրա հետնորդների սեփականությունը: Դրա նախնական արժեքը գնահատվում է մոտավորապես 30 հազար դոլար, հաղորդել է Sputnik-ը: