
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել է «Սկրիպալների գործի» հետաքննությունը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) ավարտել է մարտի սկզբին Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը եւ արդյունքները փոխանցել է Մեծ Բրիտանիային:
Այդ մասին, ինչպես հաղորդել է Daily Star թերթը՝ հղում անելով բրիտանական ԱԳ նախարարությանը, հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ՔԶԱԿ-ը խնդրանքով դիմել է Մեծ Բրիտանիային՝ փորձագետների եզրակացությունները տարածել Քիմիական զենքի արգելման կոնվենցիան ստորագրած երկրների շրջանում եւ հրապարակել դրանք: Հետաքննության արդյունքները նախ Մեծ Բրտիտանիային են փոխանցվել, քանի որ հենց նա էր դիմել դրա անցկացման խնդրանքով:
Հետաքննության արդյունքների վերաբերյալ չի տեղեկացվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: