
ԱՄՆ-ում 55 հազար դոլարով աճուրդի է դրվել Լենոնի ալբոմը, որը նա մակագրել է զոհվելու օրը

Ջոն Լենոնի Double Fantasy ալբոմը, որը բրիտանացի երաժիշտը մակագրել էր իր զոհվելու օրը (1980 թվականի դեկտեմբերի 8-ին), 45 հազար ֆունտ ստեռլինգով (55,2 հազար դոլար) աճուրդի է դրվել ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել է Daily Express բրիտանական թերթը:
20-րդ դարի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտներից մեկն ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցից հետո մակագրությունն արել էր Նյու Յորքի RKO ռադիոկայանի հաղորդավար Դեյվ Շոլինի խնդրանքով: Նա The Beatles խմբի նախկին մասնակցին համոզել էր ընծա անել իր ընկերոջը՝ Սոլթ-Լեյք-Սիթիի KCPX ռադիոկայանի աշխատակից Հերի Ուոլդրոնին: «Սիրով՝ KCPX-ին, Յոկո Օնո եւ Ջոն Լենոն, 1980»,-ալբոմի ներսում գրել է ռոք երաժիշտը՝ նկարելով նաեւ իր եւ կնոջ ծաղրանկարները:
Այժմ այդ ալբոմը դրվել է Haritage-ի աճուրդում: Աճուրդի կազմակերպիչները հուսով են, որ սակարկությունների ընթացքում նվիրական հուշաիրի արժեքը զգալիորեն կգերազանցի նախնական գնահատումը: Ինչպես նշել է առեւտրի տան պաշտոնական ներկայացուցիչ Ջայլս Մունը. «Որպես կանոն, բավականին հեշտ է կանխատեսել, թե քանի րոպեում կարող են վաճառվել Beatles-ի կողմից մակագրված ստեղծագործությունները, սակայն այդ հազվագյուտ իրի հետ համադրելի որեւէ բան գործնականում չկա»:
Նա հիշեցրել է, որ զոհվելու օրը Լենոնն ստորագրել է եւս մեկ ալբոմ՝ «այն մարդու ալբոմը, որը մի քանի ժամ անց սպանել է իրեն»: Ձայնասկավառակը, որը Լենոնն ստորագրել էր Մարկ Չեմփենի խնդրանքով, հանգուցային հանցանշան է դարձել 1980 թվականին երաժիշտի զոհվելու հանգամանքները հետաքննելիս: Հանցագործը սկավառակը վայր էր գցել ձերբակալման ժամանակ, իսկ հետո այն պատահական անցորդի կողմից գտնվել ու հայտնվել էր ոստիկանների ձեռքին:
Երբ հետաքննությունն ավարտվել է, սկավառակը վերադարձրել են այն գտնող մարդուն՝ դատախազի շնորհակալական նամակի եւ իրավապահ մարմինների կողմից արված նշումների հետ միասին: 19 տարի անց ալբոմը վաճառվել է այդ փաստաթղթերի հետ միասին: Մինչ օրս էլ, աճուրդների կազմակերպիչների խոսքով, ծրարի վրա երեւում են մարդասպանի մատնահետքերը, որոնք տեղ են գտել The Beatles խմբի նախկին մասնակցի ինքնագրի կողքին, եւ ամսաթիվը՝ «Ջոն Լենոն, 1980», հաղորդել է ՏԱՍՍ-ը: