«Սարգսյանի անձն ընդունելի է կարծես բոլորի համար, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունն է ընդունելի». Դուբնով
«Երկրի ղեկսավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն ընդհանուր առմամբ չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին: Սարգսյանն արդեն կանխատեսելի և, ինչ-որ առումով վստահելի գործընկեր է այս տերությունների համար, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, համաձայն են»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական փոփոխություններին ու դրանց նկատմամբ ԵՄ-ի ու ՌԴ-ի վերաբերմունքին:
Նրա խոսքով, ամենակարևորը ՀՀ հասարակության կարծիքն է ու տրամադրությունները, թեև այս անգամ ՀՀ հասարակության անդամներն անձամբ չեն ընտրելու: Գերմանացի քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ համակարգը թույլ է տալիս վարել ինստիտուցիոնալ պայքար:
«Փողոցային պայքարն ու ռադիկալ քայլերն անընդունելի են և լի անկանխատեսելի հետևանքներով: Եթե կան պայքարի հարթակներ, պետք է պայքար վարել այդ հարթակներում ճիշտ ժամանակին»,- ասել է նա:
168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն առանձնահատուկ կերպով, ամենայն հավանականությամբ, քննարկված չէ գերտերությունների հետ:
Ըստ նրա՝ Սարգսյանի այս ծրագրերը նոր չեն, դրանք վաղուց հայտնի էին հայաստանյան հասարակությանը և ՀՀ իշխանությունների օտարերկրյա գործընկերներին: Ուստի, նրա հավաստիացմամբ, այդ ծրագրերն ընդունելի են, քանի որ Սարգսյանի անձը ընդունելի է կարծես բոլորի համար, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունն է ընդունելի:
Դուբնովի կարծիքով՝ Սարգսյանը բարեհաջող կերպով կստանձնի վարչապետությունն առաջադրվելու դեպքում, թեև ընդդիմադիր որոշ ուժեր փորձելու են դիմադրել:
«Խոշոր ցնցումներ Հայաստանում չեմ ակնկալում, քանի որ կարծում եմ, որ Սարգսյանի որոշումները համաձայնեցված են թե՛ դրսում, թե՛ ներսում, ուստի Սարգսյանի համար անակնկալներ չեն կարող լինել: Ընդդիմադիր ուժերը Հայաստանում շատ ավելի լուրջ ներուժ են ունեցել նախկինում, բայց որևէ արդյունքի չեն հասել, ներկայումս արդյունքի մասին խոսելը շատ արհեստական է, քանի որ կատարվող ամեն ինչը համակարգային բնույթ է կրում: Բոլոր հարցերը, թե՛ իշխանության ներսում, թե դրանից դուրս ընդդիմադիր շարքերում, կարծես թե՛ լուծված են, մնում է սպասել առաջադրմանը և ընտրություններին»,- նման տեսակետ է հայտնել Վադիմ Դուբնովը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: