Գեղարքունիքում այս տարի պտղատու ծառերը մոտ 1 ամիս ավելի շուտ են բողբոջել
Համեմատաբար մեղմ ձմռան ու բարձր ջերմաստիճանի արդյունքում Գեղարքունիքի մարզում պտղատու ծառերը բողբոջել են մոտ մեկ ամիս ավելի վաղ, քան նախորդ տարիներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ Մարտունու մասնաճյուղի տնօրեն Համլետ Ղիմոյանը, մարտի վերջին եւ ապրիլի առաջին օրերին Գեղարքունիքում արդեն նշմարվել են ծիրանենու, սալորենու, կեռասենու դեղձենու ծաղիկների, տանձենու եւ խնձորենու տերեւների բողբոջները: «Սովորաբար մեզ մոտ ծառերը բողբոջում էին ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին: Այս ժամանակաշրջանի համար ծառերի բողբոջումը շատ անսովոր է: Այն օրինաչափ կարող էր լինել Արարատյան դաշտի համար: Ինչպես երեւում է, կլիման շատ է փոխվել:
Այս գիշեր ձյուն տեղաց Գեղարքունիքի մարզի մի շարք տարածքներում, բայց կորիզավոր պտուղներ ունեցող ծառատեսակների ցրտահարության վտանգը մենք սպասում ենք եկող գիշերվա ընթացքում: Եթե դա էլ հաղթահարվի, ապա այս տարի կարող ենք պտղի առատ բերք ակնկալել»,-նշեց վաստակաշատ անտառաբույծը:
Խոսրով Խլղաթյան