«Որևէ պաշտպանության նախարար երբևէ չպետք է իրավունք ունենա նայել հասարակության աչքերին և ասել, թե ամեն ինչ արել է, ամեն ինչ փայլուն է». Վիգեն Սարգսյան

«Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է։ Ցանկացած պահի, երբ մարդիկ, ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն՝ նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու»,- այսօր «Եռաբլուրում» զինվորական պանթեոնում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ի պատասխան ապրիլյան պատերազմից արված հետևությունների վերաբերյալ լրագրողների հարցադրման։

«Մեր բանակաշինությունը տասնամյակների ընթացքում բացառիկ պատմություն է պետական կառույցի ձևավորման, և հաղթական բանակի ձևավորման պատմություն է։ Ապրիլյան դեպքերը, որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ դեռ ի հայտ չի բերել։ Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, անգամ կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի հետ։ Ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, անդառնալի կորստի զգացում է ամեն անգամ։ Միևնույն ժամանակ, մեծ հպարտության զգացում է այն անձանց անցած ուղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ են պահում։ Մեր բոլորի պարտքն է՝ դրան համարժեք ձևավորել պայմաններ և միջավայր, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»,- ասաց նախարարը։

Վիգեն Սարգսյանը կարծում է, որ այս տարիների ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր բանն այն է, որ հասարակությունը գիտակցել է՝ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր, կամ հասարակության մի մասի ուսերին դրված, կամ պետության կենսակերպից առհասարակ կտրված. «Մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, ողջ պետական համակարգի, և դա է առանցքը մեր հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպես ազգ-բանակ՝ պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը, նաև այն հսկա ժառանգությունը, որ մենք՝ որպես ժողովուրդ, ունենք։ Մեր պայքարը չի սկսվում և ավարտվում Ղարաբաղում, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն, մենք պետք է որպես հասարակություն՝ պատրաստ լինենք առաջ շարժվելու, արագ զարգանալու և այդ զարգացումը պաշտպանելու համար»։

Պաշտպանության նախարարը չի կարծում, թե որևէ պաշտպանության նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայել հասարակության աչքերին և ասել, թե ամեն ինչ արել է, ամեն ինչ փայլուն է, որևէ խնդիր չունենք. «Ով նման բան ասի, կնշանակի, որ կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կամ անելիք չունի։ Ես կարող եմ մի բան ասել՝ մենք շատ հետևողական աշխատել ենք և աշխատելու ենք մեր մարտունակությունը բարձրացնելու, մեր բանակի համբավն այն մակարդակում պահելու, որով մենք դուրս ենք եկեք Ղարաբաղյան պատերազմից՝ զինադադարը կնքելիս, և մենք պետք է մշտապես ի վիճակի լինենք լուծելու ոչ միայն այդ, այլ նաև շատ ավելի խորը խնդիրներ, որ կարող են ի հայտ գալ 21-րդ դարի շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»։

Տեսանյութեր

Լրահոս