«Բոլոր նրանք, ովքեր դուրս մնացին շարժումից, շատ վատ իրավիճակի մեջ են հայտնվելու, և դժվար կլինի պատկերացնել նրանց քաղաքական ճակատագիրն այդ փուլից հետո». Ալեն Սիմոնյան

«Մենք միայնակ դուրս չենք գալիս պայքարի, մեզ միացել և կմիանան շատ ու շատ հասարակական կազմակերպություններ, հանրային շարժումներ, այդ ընթացքում նաև չեմ բացառում ձեր նշած կուսակցությունների միավորումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում իրենց հաջողության շանսերը՝ հաշվի առնելով, որ իրենց դաշնակից կուսակցություններն իրենց փողոցային պայքարում մենակ են թողնում:

Նա վստահ է, որ տարբեր ուժեր միանալու են իրենց շարժմանը. «Որովհետև մնացած բոլորը, ովքեր դուրս մնացին այդ պրոցեսից մինչև վերջին վայրկյանը, շատ վատ իրավիճակի մեջ են հայտնվելու, և դժվար կլինի պատկերացնել նրանց քաղաքական ճակատագիրն այդ փուլից հետո»:

Մեր ճշտող հարցին, թե նկատի ունեք նաև ձեր դաշնակից կուսակցությունների՞ն՝ Ա. Սիմոնյանը պատասխանեց, որ բոլորին նկատի ունի:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ բանակցությունների մասով Ա. Սիմոնյանն ասաց, որ ինքը ոչինչ չի կարող ասել, որովհետև ինքը չի մասնակցում այդ բանակցություններին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, թե կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միանա իրենց, ոչ թե իրենք՝ Ն. Փաշինյանին, որովհետև համարում է՝ այն, ինչ իրենք են առաջարկում, աշխատատար է։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ինչ-որ պահից դադար կտրվի շարժմանը, և դուք կմիանաք «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Ես անկեղծ չգիտեմ՝ ինչին մենք պետք է միանանք: Ես չգիտեմ՝ իրենց ճանապարհային քարտեզը լինելո՞ւ է, իրագործելո՞ւ են, մենք դրա հետ կապված որևէ տեղեկություն չունենք: Մենք հիմա զբաղված ենք մեր հայտարարած ճանապարհային քարտեզի վերջին մշակումներով, որը մոտ օրերս կներկայացվի և՛ հանրությանը, և՛ մեր գործընկերներին»:

Ա. Սարգսյանը նաև հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում միանալ մի գործընթացի, որը նախապես իր հետ համաձայնեցված չէ, և որին ինքը չի հավատում: Մենք Ա. Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչը համաձայնեցված չի եղել մյուս երկու ուժերի հետ: Ի պատասխան՝ Ա. Սիմոնյանն ասաց. «Որևէ բան, որը պետք է վճռորոշ լիներ և վճռորոշ է, չի եղել չհամաձայնեցված: Նույնիսկ հիմա մենք որևէ բան դեռ չենք հայտարարել, և մենք դեռ զբաղված ենք մշակման գործով, իսկ ընդհանուր սկզբունքները մեծ հաշվով հայտնի են եղել, նույնիսկ մամուլում են տպագրվել: Հայտարարելու, չհայտարարելու և համաձայնեցնելու որևէ խնդիր չի եղել, բայց չեմ կարծում, որ դա կարող է առիթ կամ պատրվակ հանդիսանալ՝ նման կարևոր հարցի ժամանակ որոշում կայացնելու:

Ես սպասում և ակնկալում եմ, որ ինչ-որ փուլում բոլոր ընդդիմադիր թևի ներկայացուցիչները միանալու են այս շարժմանը, որովհետև հակառակ պարագայում՝ նրանք, ովքեր չմիացան, շատ դժվար քաղաքական իրականության մեջ են հայտնվելու: Ես վստահ եմ, որ մեր գործընկերները, որոնց հետ մենք ունենք շատ ընդհանուր բաներ և անցած ճանապարհ, այդ ցուցակում լինելու են առաջինները»:

Մենք նաև հետաքրքվեցինք, թե արդյոք Ա. Սիմոնյանը համակարծի՞ք է Ա. Սարգսյանի այն գնահատականի հետ, որ իր համար հերոս է ՊՊԾ գնդում սպանված սպան: Ի պատասխան՝ Ա. Սիմոնյանն ասաց, որ իրենք նախկինում իրենց կարծիքը հայտնել են «Սասնա ծռերի» գործողությունների մասին, և ինքը չի ուզում մեկնաբանել Ա. Սարգսյանի ասածները:

Տեսանյութեր

Լրահոս