«Պիտի բռնանա՞ն իմ կարծիքին». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարը արհեստական քաղաքական օրակարգ է:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունն է առաջադրելու վարչապետի թեկնածուին: Մեծամասնության 105 պատգամավորներից մեկը ես եմ, ու ինչ պիտի նա անի, որ ես իմ կարծիքը փոխեմ: Պիտի բռնանա՞ն իմ կարծիքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է իշխանափոխություն անել, եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն փողոցում, Է. Շարմազանովն ասաց.

«120 հազար մարդ իրենց է ձայն տվել, 770 հազար՝ մեզ: Ինչի՞ շուրջ պիտի սկսի իշխանափոխությունը: Իշխանությունը ո՞վ է ձևավորել»:

Հիշեցնելով, որ «Ելք»-ի առնվազն մեծամասնությունը չի միանում Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովը հորդորեց Փաշինյանին նախ համոզել իր գործընկերներին իր պայքարի ճշմարտացիության մեջ:

Կարդացեք նաև

Խոսելով ՀՀ վարչապետի թեկնածուի մասին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ՀՀԿ-ն չի ակնկալում, որ վարչապետի իր թեկնածուն բոլորի համար ընդունելի պիտի լինի:

«Ուզում են իրենք որոշեն, թե ով կլինի վարչապետ ու փոխվարչապետ, թող 2020 թվականին հաղթեն, գան ու ում ուզում են նշանակեն վարչապետ, դա իրենց իրավունքն է: Մենք չենք հավակնում բոլորին դուր գալ ու չենք հավակնում, որ մեր թեկնածուն բոլորի սրտով պետք է լինի. մենք ապրում ենք բազմակուսակցական համակարգում: Ժողովուրդն է որոշել իր քվեարկությամբ: Բնական է՝ կարող է մարդիկ էլ իրենց ընդդիմադիր զանգվածով դուրս գան փողոց, բայց դա չի նշանակում, որ ով բարձր գոռա, մենք պիտի ասենք՝ վայ կներեք, մեր իրավունքը տալիս ենք ձեզ»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս