Բաժիններ՝

Նախարարը պնդում է, որ քաղաքական գործոնով պայմանավորված չէ Հայաստանի՝ Թուրքմենստանից և Իրանից գազ չներկրելը

«Գազի այլընտրանքային ներկրման համար այս պահին չունենք մրցակցային առաջարկ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ձեռնտու չէ, որ Հայաստանն Իրանից կամ Թուրքմենստանից գազ ստանա, Ա. Մանուկյանը պատասխանեց, թե ինքը չի կարող խոսել քննարկումների ընթացքի մասին, բայց շեշտեց, որ դեռևս մրցունակ առաջարկ չունեն:

Լրագրողի ճշտող հարցին՝ Թուրքմենստանում քննարկումների ժամանակ որևէ կոնկրետ եզրահանգման չե՞ք հանգել, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Ոչ, քննարկումները դեռ շարունակվում են, քննարկումների արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը»:

Խոսելով Իրանից գազ ներկրելու հավանականության մասին՝ նախարարն ասաց, որ ինքն իրավասու չէ գնահատական տալ: Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, թե դա քաղաքական հարց է, նախարարն այսպես պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն տվյալ դեպքում չկա»:

Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե Իրանի դեսպանները բազմիցս պնդել են, որ Իրանը պատաստ է մատչելի գնով գազ տրամադրել, նախարարն ասաց, որ առայժմ Հայաստանն Իրանից մրցունակ առաջարկ չունի: Հարցին, թե ո՞րը կլինի մրցունակ առաջարկը, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ այն պետք է լինի ավելի էժան, քան Հայաստանը հիմա ստանում է: Դիտարկմանը, թե Իրանի դեսպանը 100 դոլարով գազ տրամադրելու մասին է խոսել՝ Ա. Մանուկյանն ասաց, որ ինքը գրեթե օնլայն ռեժիմով դեսպանի հետ շփում է, բայց դեռևս 100 դոլարով գազ տրամադրելու առաջարկ չի ստացել:

Ա. Մանուկյանը նաև հրաժարվեց խոսել իր հրաժարականի դիմումի և այն հետ վերցնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս