Toyota-ն դադարեցրել է ԱՄՆ-ում անվարորդ ավտոմեքենաների փորձարկումները. Kyodo
Ճապոնիայի Toyota Motor ավտոհսկան մասնակիորեն դադարեցրել է անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, որոնք կատարվում էին ԱՄՆ-ում՝ Միչիգանի եւ Կալիֆոռնիայի նահանգների սովորական ճանապարհներին:
Ինչպես մարտի 21-ին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մատի 18-ին Արիզոնայի նահանգում նման փորձերի ընթացքում Uber ընկերության անվարորդ ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Փորձարկումների դադարեցումն, ինչպես հայտարարվել է, կապված է սթրեսը վերացնելու անհրաժեշտության հետ, որն Արիզոնայում տեղի ունեցած միջադեպից հետո կարող են ունենալ ապահովության համար ինքնավար ավտոմոբիլներում գտնվող վարորդները: Toyota Motor-ն այժմ ԱՄՆ-ի ճանապարհներին փորձարկում է երկու համակարգ:
Դադարեցված են առաջինի փորձարկումները. դա լիովին անվարորդ ավտոմատ վարում է: Սակայն շարունակվում է երկրորդի փորձարկումը, որը կոչված է ավտոմեքենայի կառավարումն իր վրա վերցնել սոսկ արտակարգ իրավիճակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: