Բաժիններ՝

«Հեղափոխական» իրավիճակ ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներ են տեղի ունենում: ՀՀ ԱԺ Կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի՝ ՇՊՀ կատարած այցից հետո աշխատանքից ազատվեցին համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը:

Այս ամենին արձագանքեց համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որևէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես: Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական և մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար:

Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում: Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև՝ ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք»:

Կարելի է ասել՝ ՇՊՀ-ում «հեղափոխական» իրավիճակ է հասունանում. անգամ բուհի ուսանողական խորհուրդն է դեմ դուրս եկել ռեկտոր Սահակ Մինասյանի վարած քաղաքականությանն այն դեպքում, երբ տարիներ շարունակ ուսանողական խորհուրդը երբևէ չէր խառնվել նմանատիպ հարցերին, այս կամ այն հարցի վերաբերյալ բողոքի ձայն չէր բարձրացրել, անգամ ուսանողները երբեմն դժգոհում էին ուսխորհրդի պասիվությունից, որն անվերապահ ենթարկվում էր ռեկտորի բոլոր հրամաններին:

Շիրակի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Նրանք, ովքեր ուշադրությամբ համակված հետևում են իմ գրառումներին, գնան և հաղորդեն ռեկտոր Մինասյանին հետևյալը.Արմեն Մելքոնյանը չի վաճառվում և չի վախենում: Պարոն Մինասյան մեր պայքարը ձեր դեմ գաղափարի վրա է հիմնված և միտված է արդարության վերականգնմանը բուհում, որը խախտվել է բացառապես ձեր կամայականությունների պատճառով: Իսկ դուք ամեն ինչ անձնավորում եք, փորձում ծնողներիս միջոցով ազդեցություն ունենալ իմ վրա: Մարդկանց զանգերն իմ ծնողներին անիմաստ են: Ձեր արարքն առնվազն ծիծաղելի է: Ես դաստիարակվել եմ արհեստավորի հայ ավանդական ընտանիքում և ունեմ հստակ հայացքներ, ոչ մեկի առաջ չխոնարհվելու: Ձեր հուսահատ քայլերն իմ վրա բացարձակ ազդեցություն չեն ունենա: Իմ ընտանիքում, ի տարբերություն ձեր պատկերացրած բուհի, իմ որոշումների հետ հաշվի են նստում»: 

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շիրակի պետական համալսարանի ռեկտորն աշխատանքից ազատել է Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին։ ԵՊՀ-ում պատիվ եմ ունեցել դասավանդելու Հովհաննես Խորիկյանին և կարող եմ ասել, որ բացառիկ շնորհալի ուսանող էր։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ Հովհաննեսի նման մարդը դասավանդում է ՇՊՀ-ում (ցավոք, Գագիկին անձամբ չեմ ճանաչում, բայց իմ տպավորությամբ՝ լավ մասնագետ է), ոչ թե՝ աշխատանքից հեռացնենք։ Առանց այդ էլ Հայաստանի բուհերի հեղինակությունը օրեցօր նվազում է։ Լավագույն մասնագետները դուրս են գալիս բուհերից, ինչի արդյունքում բուհերն առաջիկայում ավելի վատ վիճակում են հայտնվելու։ Հանուն կրթության և նույն ՇՊՀ շահերի, ԿԳ նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ այս մարդիկ մնան և դասավանդեն։ Չի կարելի այսպես վարվել Հայաստանում մնացած շնորհալի մարդկանց հանդեպ։ Նման դեպքերից հետո կրթական բարեփոխումները ոչ մի հավատ չեն ներշնչում»։

Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, մնում է, որ «զրպարտանքի համար» դատապարտեն Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին: Ա՛յ հենց այսպես կմեղմվեն կոռուպցիոն ռիսկերը:

«Դե կոռուպցիա, պարզ է, չկա, հիմա ռիսկերն էլ կվերացնեն, և կծաղկի գիտության կաճառը: Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, մարդկանց, ովքեր, կարծեմ հոկտեմբերից սկսած բարձրաձայնում են Շիրակի համալսարանում ռեկտորի գլխավորությամբ տեղի ունեցած և շարունակվող խայտառակությունների մասին, աշխատանքից ազատել են: Սա հենց այն դեպքերից է, ինչի դեմ կոռուպցիան վերացնելու շրջանակներում «պայքարում են» մեր իշխանությունները: Հաջողությամբ վերացնում են «մեկ առանձին վերցրած վայրում» կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնումները:

Ընդ որում, բոլոր դերերը հստակ բաշխված են. կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնել են մտավորականները, բուհի լավագույն դասախոսներից, մարդիկ, ովքեր «դաս տալուց» բացի, զբաղվում են գիտությամբ, գիտական ելույթներ են ունենում լուրջ գիտաժողովներում, և ոչ թե՝ ներհամալսարանական գիտաժողովների ելույթների պլան են կատարում, ուսանողներին վերլուծություն, մտածել, քննարկել են սովորեցնում: Այս մակարդակի քանի՞ դասախոս ունի Շիրակի համալսարանը: Մարդիկ, ովքեր ռեկտորի ընթացի հետ իրենց անհամաձայնությունը բարձրաձայնեցին որևէ համալսարանում հնարավոր ամենախայտառակ երևույթից՝ համալսարանի գրադարանը շպրտելուց, որը կար՝ այլևս չկա:

Պետք չէ այդ գրադարանը: Պետք չէ համալսարանին, պետք չէ ուսանողներին, պետք չէ դասախոսներին, պետք էլ չէ Գյումրի քաղաքին: Հայաստանին էլ պետք չէ: Այդպես է որոշել համալսարանի ռեկտորը: Սովորե՞լ եք ուզում՝ գնացեք եվրոպաներ, ամերիկաներ, վերջիվերջո, Չինաստան գնացեք: Այնտեղ գրադարաններ էլ կան, գրադարանների գրականությունն էլ է թվայնացված, և չնայած թվայնացված է՝ այնտեղ շարունակում են գրքերը պահել: Դրանք են այդ անառակ եվրոպաների արժեքները: Գնացեք այլասերվեք: Մեր մոտ՝ Շիրակի համալսարան սովորելու մի եկեք, եկեք՝ մենք ձեր ականջին կասենք՝ ինչի համար:

Մենք չենք այլասերի ձեր մաքուր հոգիները գրքերում գրվող անառակություններով: Ոչ թվայնացնում ենք, ոչ էլ նույնիսկ պահեստավորում: Մենք դրանցից ազատվում ենք: Հիմա, գրադարանը շպրտելուց հետո, պետք է շպրտվեն այդ գրադարանի կարիքն ունեցողները: Հավանաբար Շիրակի համալսարանում դրա կարիքն ունեին Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը: Գրադարանը չկա, ուրեմն դրա կարիքն ունեցող Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանն էլ չեն լինի: Ով գրքի, գրադարանի նման անառակությունների կարիքը չունի՝ կմնա: Կարիք ունեցող մնացողների մի մասն էլ թաքուն կանիծի իր բախտը և կշարունակի ժպտալով տառապել: Ու կծաղկի Շիրակի համալսարանը, կծաղկի կոռուպցիոն ծաղիկներով:

Կծաղկի այն համալսարանը, որի «առնեմ-ծախեմ»-ի ծավալների մասին Գյումրիում առասպելներ են պատմում թե ուսանողները, թե նրանց ծնողները, թե նույնիսկ որոշ դասախոսներ: Կիսաթաքուն են պատմում, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս փուլում պատմողներին կարող են դատական պատասխանատվության կանչել, ապացույցներ պահանջել, և որպես զրպարտիչներ մեղադրելով՝ ազատազրկման դատապարտել»:

Նշենք, որ ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գյումրիում առկա են որոշ կարծիքներ, որոնց համաձայն՝ բողոքող դասախոսները նաև պետք է բողոքեին բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի ժամանակ առկա կոռուպցիոն երևույթներից, քանի որ բուհում այն ժամանակ ևս առկա է եղել կոռուպցիա, բոլոր դասախոսներին էլ հայտնի է եղել, որ հատկապես հեռակա բաժնում սովորող ուսանողները սկզբից մինչև վերջին կուրսը մեծամասամբ կաշառքով են ավարտել բուհը:

Մեկ այլ տեսակետի համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը միտումնավոր հաշվեհարդար տեսավ Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի նկատմամբ, բոլորին դաս տալով, որ վերադասի և իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ու իրենց յուրային Սահակ Մինասյանի դեմ ոչ խոսել է պետք ոչ էլ բողոքել, և սա իշխանությունների «դաստիարակչական» մեթոդն է, որպեսզի ժողովուրդը հետայսու վախենա, ու երկրորդ անգամ որևէ մեկը չփորձի նման բան անել, այլապես կդիմեն ռեպրեսիոն մեթոդների՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:

Գյումրու մտավոր խավին հետաքրքրում է նաև այն հարցը, թե ինչո՞ւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մինչ օրս լռում է, որևէ պարզաբանում չի ներկայացնում, թե ի՞նչ են պարզել, ինչպիսի՞ չարաշահումներ են տեղի ունեցել Շիրակի պետական համալսարանում:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս