Բաժիններ՝

«Մենք խնդիր ունենք ոչ միայն՝ անգրագետ և անճաշակ առաջարկի, այլ նաև՝ նմանօրինակ սպառողի հետ». Գարեգին Աղաբեկյան

Լուսանկարչական արվեստի զարգացման, դրա խնդիրների, ոլորտի ձեռքբերումների, ինչպես նաև՝ սեփական գաղափարների և դրանց իրականացման ուղիների մասին «168 Ժամը» զրուցել է «Նարեկացի» արվեստի միության լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի հետ:

Գարեգին, ե՞րբ սկսեցիր զբաղվել լուսանկարչությամբ, և առհասարակ մասնագիտական կրթությունդ ինչքանո՞վ կապ ունի լուսանկարչության հետ:

Մասնագիտությամբ գեղանկարիչ եմ: Նկարչական կրթությունս սկսել եմ չորս տարեկանից և շարունակել մինչև բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու տարիները: Ուսանողական տարիներին ֆոտոխցիկը երազանք էր, իսկ բանակային ծառայությունից հետո հրավեր ստացա աշխատելու «Ֆոտոէքսպրեսս»-ում, ինչը նույնպես, անկասկած, նպաստավոր ազդեցություն ունեցավ նկարչական կրթությանս կատարելագործման վրա:

«Ֆոտոէքսպրեսս»-ում աշխատելու տարիներին շփվեցի ամենատարբեր լուսանկարիչների հետ, ծանոթացա լուսանկարչության գաղտնիքներին, ինչն ինձ համար ճանապարհ հարթեց դեպի պրոֆեսիոնալ լուսանկարչության աշխարհ:

Ինչպե՞ս ես վերաբերվում այն իրականությանը, որ վերջերս Ֆեյսբուքում և առհասարակ մեր իրականության մեջ շատացել են լուսանկարչական խմբերը: Ամեն լուսանկարչական ապարատ ունեցող իրեն համարում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ և իր մասնագիտական ծառայություններն է առաջարկում հանրությանը: Որո՞նք կարող են լինել այս երևույթի դրական ու բացասական կողմերը:

Այդպիսի լուսանկարչական խմբերի բազմազանությանը բացասաբար չեմ վերաբերվում: Ի վերջո, փորձի և կարծիքների փոխանակումը, ճիշտ և կառուցողական քննադատությունը նպաստում են որակի բարձրացմանը: Վատ չէ, նաև, որ ժամանակակից կապի միջոցները թույլ են տալիս ներկայանալ արվեստի մարդկանց և ընդլայնել շփման շրջանակները:

Հարցը նրանում է, որ մերօրյա իրականության մեջ մենք խնդիր ունենք ոչ միայն՝ անգրագետ և անճաշակ առաջարկի, այլ նաև՝ նմանօրինակ սպառողի հետ, ով նույնիսկ չգիտի, թե ի՞նչ է ուզում ստանալ լուսանկարչից, կամ առհասարակ, ի՞նչ ակնկալել նրանից: Լուսանկարչական ապարատ ունենալը ոչ միայն ստեղծագործական և գեղագիտական դրսևորման միջոց է, այլ կարող է հանդիսանալ նաև որոշակի եկամտի աղբյուր: Այստեղ է, որ առաջ է գալիս անգրագետ ու անճաշակ առաջարկի ու սպառողի կոնֆլիկտը:

– Ինչպե՞ս ես վերաբերվում ֆոտոշոփին և նմանատիպ այլ ծրագրերին, ի՞նչ դեր ունեն դրանք լուսանկարչության մեջ:

Կարծում եմ՝ այս մասնագիտության մեջ մաքսիմալ արդյունք ստանալու համար միշտ էլ պետք է օգտագործել տվյալ պահի բոլոր հնարավորությունները: Ֆոտոշոփը, ինչպես նաև՝ նմանատիպ ծրագրերը նույնպես, գործիք են՝ նախատեսված ստեղծագործելու համար, բայց ոչ երբեք հենարան՝ պահի բացթողումները ու թերացումները շտկելու համար: Ի վերջո, լուսանկարը մշակելու ավանդույթը թվային տեխնոլոգիաների հետ չէ, որ ներմուծվել է բնագավառ, այլ ծնվել է լուսանկարչության զարգացման հետ:

– Մասնագիտական գնահատական տալով՝ որքանո՞վ է զարգացած լուսանկարչական արվեստն այսօր Հայաստանում: Կխնդրեմ համեմատություններ անցկացնել տարածաշրջանի երկրների հետ:

Լուսանկարչության բնագավառը, ինչպես նաև՝ արվեստի մնացյալ ճյուղերը, Հայաստանում վատ չեն զարգացած: Պետք է նկատեմ, որ լուսանկարչական արվեստը մեզանում զարգացման մեծ պոտենցիալ ունի: Երիտասարդության շրջանակներում ձգտում և մեծ հետաքրքրություն կա դեպի լուսանկարչական աշխարհը: Չմոռանանք նաև, որ հայ լուսանկարչությունը մեծ ներդրում ունի համաշխարհային լուսանկարչական արվեստում:

Հետևաբար՝ այդ արժեքավոր փորձը կենտրոնացնելով՝ կարելի է ստեղծել յուրօրինակ ու տարբերվող լուսանկարչական դպրոց, որը գուցե ունեցել ենք, բայց այսօր, ցավոք, չունենք, և որի կարիքը խիստ զգացվում է:

Խոսե՞նք արվեստի և լուսանկարչության՝ ավելի քան մեկուկես դար տևող բարդ փոխհարաբերությունների մասին:

– Չէի ցանկանա միանշանակ որակավորել արվեստի և լուսանկարչության փոխհարաբերությունների թեման, քանի որ մեկ հարցազրույցի համար այն չափազանց ծավալուն և բազմակողմանի քննարկման հարց է: Փոխարենը, ինչպես նորահայտ ցանկացած երևույթ, կցանկանամ անդրադառնալ այդ փոխհարաբերությունների դրական և բացասական կողմերի առարկայացմանը:

Օրինակ, արվեստասեր հասարակությանը հայտնի է, որ լուսանկարչության ի հայտ գալու հետ՝ դիմանկարիչներից շատերը պարզապես մնացին առանց աշխատանքի: Դրա հետ մեկտեղ, հիշենք 20-րդ դարի նկարիչ Ալֆոնս Մուխային, որի ստեղծագործություններից, հատկապես՝ դիմանկարներից շատերն արվում էին լուսանկարներից օգտվելու շնորհիվ: Կարող ենք հիշել նաև նկարիչ Վերեշչագինին, որը հաճախ էր լուսանկարում իր ավարտուն կտավները, և դրանցից շատերը մեզ հասել են հենց լուսանկարի տեսքով, մինչդեռ Աստված գիտի, թե որտեղ կարող էին լինել նրա կտավներն արդեն հիմա՝ մեր օրերում:

Ո՞րն ես համարում քեզ համար քո աշխատանքներից ամենակարևոր լուսանկարը կամ շարքը:

Լուսանկարներիցս կարևորում և առանձնացնում եմ հատկապես մի կադր, այն միակը, որն ունի վերնագիր՝ «Աղոթք», որից հետո ինձ համար լուսանկարչության մեջ բացվեց բոլորովին նոր թեմա՝ հոգևոր-եկեղեցական լուսանկարչությունը. թեև սա չի հավակնում լինել ավարտուն շարք, այլ՝ հարատև հետաքրքրություն ինձ համար: Հիմա «Նարեկացի» արվեստի միությունում «Հարության» տոնին ընդառաջ՝ հենց այդ թեմայով ցուցահանդեսի եմ պատրաստվում: Կա ևս մի թեմա, որը շատ եմ կարևորում. դա սոցիական իրավիճակն արտացոլող լուսանկարների շարքն է՝ ներկայացված մեկ և միայնակ մարդու կերպարի միջոցով:

Միայնակ մարդու՝ ոչ միայն ընտանեկան հարաբերություններում, այլ նաև՝ սոցիալական և գաղափարական առճակատման մեջ: Խոսքս «Մշակույթով ապրողը» ցուցահանդեսի հերոս տիկին Մաշայի մասին է, որի կերպարն արտացոլում է ոչ միայն՝ երկրի դիրքն ու վիճակն աշխարհի առաջ, այլ նաև՝ տարեց մարդու լքված կյանքն այսօրվա հասարակության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս