Բաժիններ՝

«Ալբերտ Մկրտչյանը հայ կինոարվեստին բերեց ընտանեկան նովելը»

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը, գյումրեցիների հիշողություններում, հատկապես՝ դերասանների և իր ուսանողների մոտ, կմնա՝ որպես վառ անհատականություն:

«Խորը կսկիծով և սրտի մեծ ցավով ընդունեցինք հայ կինեմատոգրաֆիայի ականավոր ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Գյումրու դրամատիկական թատրոնի երբեմնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մուշեղի Մկրտչյանի մահվան գույժը։

Հայ կինեմատոգրաֆիան անդառնալիորեն կորցրեց իր փառքն ու հեղինակությունը կերտող երախտավորներից ավագագույնին, վերջին մոհիկաններից մեկին, ում անընդգրկելի տաղանդի շնորհիվ հայ կինոն նվաճեց ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև համաշխարհային արվեստասեր հասարակության սիրտը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սիրելի վարպետի հարազատներին, բարեկամներին, գործընկերներին և մկրտչյանական արվեստի երկրպագուներին»,- Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Գյումրու պետական դրամատիկական թատրոնը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը մանկուց մտերիմ է եղել Ալբերտ Մկրտչյանի ընտանիքի հետ, քանի որ իր հորեղբայրն իրենց ընտանիքի հարևանությամբ էր ապրում:

Կարդացեք նաև

Ս. Ղուկասյանի բնութագրմամբ՝ Ալբերտ Մկրտչյանը, նախևառաջ, թատրոնի մարդ էր, սակայն միաժամանակ՝ մի մարդ, ով իր շուրջը չէր կարողանում դրական մթնոլորտ ստեղծել, քանի որ իր լեզուն սուր էր և համարձակ, ինչ-որ տեղ՝ նաև չընդունվող:

Ինչպես ակնարկում է Ս. Ղուկասյանը՝ միայն վառվող մարդը գիտի, թե ինչ բան է քննադատելն ու վերլուծելը:

Ա. Մկրտչյանը քննադատում էր այն մարդկանց, ովքեր ոչինչ չանելով հանդերձ՝ իրենց բարձր էին դասում այլ անձանցից:

«Բավական բարձր եմ գնահատում նրա բեմադրությունն Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որը, կարելի է ասել, մի շեդևր էր: Ցավոք, այս մասին ևս շատ քիչ խոսվեց: Նա վազող, բայց մնայուն արվեստագետ էր: Հատկապես նրա «Հուշարձանը» ֆիլմը բացառիկ, մեղմ, հայկական ֆիլմ էր:

Ե՛վ գեղագիտական, և՛ մարդկային դաստիարակությունը նա ստացել է իր եղբորից, և դրա շնորհիվ է, որ մենք այսօր ունենք բոլորովին նոր որակի կինոռեժիսոր: Շատ հաճախ ասում են՝ Մհերը չլիներ, ինքը չէր լինի: Ոչ, Ալբերտ Մկրտչյանն ուներ շատ անհատական մտածողություն, նա հայ կինոարվեստին բերեց ընտանեկան նովելը: Նրա արվեստն առ այսօր ճիշտ չեն բնութագրել, և ես ցավով պետք է նշեմ, որ նրա վերջին հրաժեշտն էլ այն մակարդակին չեղավ, ինչին որ նա արժանի էր:

Եթե մենք վերլուծենք Գալյա Նովենցին, որը շատ մեծ դերասանուհի էր, Ա. Մկրտչյանի ֆիլմում նրա դերակատարումը թատրոնի էր նման: Ես, իհարկե, շատ մեծ դերեր չհասցրեցի խաղալ իր ֆիլմերում, սակայն «Գյումրու փողոցի լուսաբացը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին, որ մասնակցում էի, լսում էի, թե ինչպես էր նրա միտքը սավառնում, ձգտում էր շատն անել, սակայն ինքն իրեն զսպելով՝ մի հետաքրքիր կադր, ֆիլմի բովանդակություն էր բերում: Նա տաղանդավոր կինոռեժիսոր էր: Մհեր Մկրտչյանի մահանից հետո տարիներ շարունակ «Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնը» կարողացավ պահել իրեն՝ կարողանալով ֆիլմի կադրերով Մհերին մտցնել թատերական բեմ, որով Ալբերտ Մկրտչյանն ապացուցեց, որ նա թատրոնի և կինոյի ռեժիսոր է»,- ասաց Ս. Ղուկասյանը:

Վերջինս հիշում է նաև Գյումրու այն պատմական վայրերը, որտեղ տեղի են ունեցել մեծ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մասնակցությամբ մի շարք ֆիլմերի նկարահանումները: Հատկապես կային պատմական վայրեր, որոնք իրենց պերճաշուք տեսքով գրավում էին իտալացիներին:

«Ես ավելի շատ նրա՝ Սլաբոդկայի նկարահանումներն եմ հիշում և գնահատում, քանի որ այնտեղից սերում էր հին Գյումրու ճարտարապետությունը: Իտալացիները զարմացել էին, երբ տեսել էին այդ կադրերը, և գնահատում էին նաև «Հին օրերի երգը» ֆիլմը, քանի որ Ալբերտը մեծ տեղ էր տալիս ազգային ճարտարապետությանը»:

Գյումրու Աբովյան 182 հասցեում գտնվող Իտալիայի պատվո հյուպատոսարանի շենքում՝ նախկին Գեղամովների առանձնատանն են տեղի ունեցել Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը նկարահանումները:

«Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը նկարահանվեց մեր քաղաքում: Երկու ամիս իրենք մեր տանն էին, ողջ դերասանական կազմով: Մեր տանը նաև նկարահանումներ են տեղի ունեցել «Սպանված աղավնի» և «Եռանկյունի» ֆիլմերի ժամանակ»,- մեզ հետ զրույցում նշեց Գյումրու Աբովյան 182 հասցեում գտնվող առանձնատան նախկին տանտիրուհին՝ Աիդա Մամիկոնյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մարտի 3-ին ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

Ա. Մկրտչյանը 1995-1999 թվականներին եղել է՝ Գյումրու դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։

Դերասանը ծնվել է 1937 թվականին, Լենինականում, մահացել է այս տարվա փետրվարի 27-ին:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս