Բաժիններ՝

Հայաստանի բարձրագույն կրթության խնդիրները

Չնայած «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ուշադրության կենտրոնում է, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի բարձրագույն կրթության խնդիրներն այնքան են խորացել, որ օրենքով իրավիճակը բարելավելն անհնար է։

Խնդիրն այն է, որ ցանկացած օրենք ապահովում է միայն խնդրի ձևական կողմը, իսկ բովանդակայինն այն է, թե ինչ են անում ոլորտի կառավարիչները, դասախոսները, ուսանողներն ամենօրյա աշխատանքում։ Ցանկացած համակարգի իրական վիճակը հասկանալու գործում առանձնապես կարևոր չեն փաստաթղթերի ստուգելը, մատյաններ լրացնելը։ Դրանք կարելի է հեշտությամբ կեղծել։ Իմ կարծիքով՝ որակի գնահատման ավելի հասարակ, բայց շատ ավելի կարևոր գործիքներ կան։ Օրինակ՝ համալսարաններ հաճախող ուսանողները դատարկ ձեռքերո՞վ են գալիս-գնում, թե՞ տետրեր, գրքեր, ուսումնական նյութեր են իրենց հետ տանում-բերում։ Ժամը քանիսի՞ն է փակվում բուհի գրադարանը։ Արդյո՞ք այն աշխատում է շաբաթ և կիրակի օրերին։ Ընթերցասրահներո՞ւմ շատ մարդ կա, թե՞ բուֆետներում։ Ինչպե՞ս է բուհի ռեկտորը հաղորդակցվում դասախոսների, վարչական աշխատողների, ուսանողների հետ։ Արդյո՞ք դասախոսները համագործակցում են միմյանց հետ։ Ի՞նչ են անում դասախոսները լսարանում։ Ինչպե՞ս են ուսանողները հաճախում դասերի և ինչպե՞ս են հանձնում քննությունները, դիպլոմայինները՝ արտագրելո՞վ, թե՞ պահպանելով ակադեմիական ազնվության կանոնները։ Սրանք այն ցուցիչներն են, որոնք ոչ օրենքներում են ֆիքսվում, ոչ էլ, շատ դեպքերում, որակի գնահատման փաստաթղթերում։

Ամենօրյա այս խնդիրների անտեսման արդյունքում, բարձրագույն կրթության ոլորտում ի հայտ են եկել շատ ավելի բարդ խնդիրներ։ Օրինակ՝ իմ կարծիքով, Հայաստանի բարձրագույն կրթության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բուհերի (դասախոսների) և ուսանողների միջև կա լուռ համաձայնություն հետևյալի շուրջ. մենք ձեզ նշանակում ենք դրական գնահատականներ, իսկ դուք չեք խոսում մեր դասավանդման որակի մասին։

Սա շատ վտանգավոր երևույթ է, քանի որ, երբ երկու հիմնական խաղացողներ լուռ համաձայնում են ինչ-որ հարցի շուրջ, ապա շատ դժվար է իրավիճակը փոխելը։ Այս իրավիճակը հնարավոր դարձավ այն բանի արդյունքում, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան երկրի տնտեսական վիճակը բարելավել, ինչը հնարավորություն կտար ավելացնել բուհերի ֆինանսավորումը և նվազեցնել բուհերի կախվածությունը վարձավճարներից։ Հայաստանում արդեն կան պետական բուհեր, որոնք իրենց եկամուտների ընդամենը 5-10%-ն են ստանում պետական բյուջեից։

Կարդացեք նաև

Բուհերում նկատելիորեն նվազել է դասերին հաճախող ուսանողների թիվը։ Սկսած 3-րդ կուրսից՝ ուսանողների մի մեծ խումբ դասերի հաշվին աշխատում է։ Սա բազմաթիվ պատճառներ ունի, որոնցից մեկն անհետաքրքիր դասերն են։ Բայց սա հետևանքն է նաև այն բանի, որ կախված լինելով ուսանողների վարձավճարից՝ բուհերը չեն դրսևորում խիստ մոտեցում հաճախումների հարցում։ Եթե հանկարծ բուհերը խստապահանջություն դրսևորեն, ապա ուսանողների թվի էական կորուստ կունենան։ Շատ ուսանողներ հասկանալով, որ Հայաստանում բուհական կրթության հիմնական նպատակը դիպլոմ ստանալն է՝ մտածում են, որ դասի գնալու փոխարեն՝ կարելի է աշխատել և վաստակած գումարով վճարել ուսման վարձը։

Այս զարգացումների արդյունքում բուհում սովորելն արժեզրկվում է։ Վերջերս մի դիմորդի հետ էի խոսում, ով արդեն զգալի գումար է վաստակում՝ ծրագրավորող աշխատելով։ Ցանկանում է ընդունվել այնպիսի բուհ, որը կապ չունենա իր ապագա մասնագիտության հետ, բայց որտեղ քննություն ստանալը հեշտ լինի, իսկ դասերի հաճախելու հանդեպ խստապահանջություն չլինի։ Օրինակ՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծը հնարավորություն է տալու ուսանողներին բակալավրիատն ավարտել մինչև 8 տարում, որպեսզի, օրինակ՝ աշխատող կամ նորածին երեխա ունեցող ուսանողներն ավելի թեթև գրաֆիկով սովորեն։ Բայց եթե բուհ գնալու հիմնական մոտիվացիան դիպլոմ ստանալն է, ապա ի՞նչ իմաստ ունի դրա ստացումը երկարաձգել մինչև 8 տարի։

Բավական ծանր իրավիճակում են նաև բուհերի դասախոսները։ Դասախոսների հանդեպ տարվող քաղաքականության մեջ այսպիսի մի նրբերանգ կա։ Դասախոսներին ասվում է, որ, քանի որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անդամ է դարձել, կարևոր է, որպեսզի դասախոսներն իրենց դասախոսությունների նյութերը տեղադրեն կայքերում, յուրաքանչյուր կիսամյակ ստուգեն հարյուրավոր գրավոր աշխատանքներ, գիտական հետազոտություններ անեն, վերապատրաստվեն։ Այս ամենը, իհարկե, լավ է և ընդունելի։

Բայց խնդիրն այն է, որ մեր բուհերում անտեսվում են այն արտոնությունները, որոնք ունեն նույն եվրոպական տարածքի դասախոսները։ Օրինակ՝ Հայաստանի բուհերում մեկ դրույքով աշխատող դասախոսը պարտավոր է շաբաթական միջինում 14-16 ժամ դասավանդել։

Զարգացած երկրներում այդ ցուցանիշն էապես ցածր է։ Եվրոպական համալսարաններում դասախոսներն ունեն յուրաքանչյուր 5-10 տարին մեկ անգամ ստեղծագործական արձակուրդ վերցնելու արտոնություն։ Այդ շրջանում նրանք չեն դասավանդում, բայց աշխատավարձ են ստանում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ, մասնակցելով միջազգային գիտաժողովների։ Մեր մոտ դասախոսն անվերջ դասավանդում է։ Ստացվում է, որ մենք էկլեկտիկ ձևով ենք ինտեգրվում եվրոպական տարածքին։

Այնտեղ, որտեղ դասախոսից պահանջվում է լրացուցիչ աշխատանք կատարել, մենք ստիպում ենք, որ նա դա անի։ Բայց այնտեղ, որտեղ պետությունը կամ համալսարանն ինչ-որ բան պիտի անեն, ասում ենք՝ հնարավորություն չունենք։ Այսպիսի վերաբերմունքը դասախոսին օտարում է բուհից։ Իսկ օտարված դասախոսը կարող է խոչընդոտել ցանկացած բարեփոխման հաջող ընթացքը։

Դժվար է պատկերացնել, թե նոր օրենքն ինչպես է լուծելու վերոնշյալ և բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս