Արև Սամուելյանը տեղյակ չէ պատմագիտական նշանակության կարևորագույն գտածոների անհետացման փաստի մասին
Դեռևս անցյալ տարեվերջին 168.am-ը ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած, Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին, որոնք ընդհանուր հաշվարկով կշռում էին մոտավորապես 130 կգ՝ մոտ 200 օրինակ գտածո:
Քաղաքացի Ս. Սաֆարյանի հայտնած տեղեկության համաձայն՝ գտածոները Ոստիկանության ներկայացուցիչների և այլ ականատեսների ներկայությամբ հանձնվել են ՀՀ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Սյունիքի մարզ գործուղված՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին: Միաժամանակ քաղաքացի Ս. Սաֆարյանը մեզ տեղեկացնում էր, որ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, նույն գերատեսչության ենթակայությամբ գործող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, խաբել են իրեն, որի առնչությամբ ինքը պատրաստվում է դատական կարգով վիճարկել խախտված իրավունքները:
Ուսումնասիրելով խնդրահարույց թեման 168.am-ը հայտնաբերեց մի իրականություն, որին ի սկզբանե չէր անդրադարձել բողոքող կողմ հանդիսացող վերոհիշյալ քաղաքացին՝ Սևակ Սաֆարյանը: Պարզվում է՝ վերջինիս կողմից հայտնաբերված գտածոներից անհետացել են կարևորագույն պատմագիտական նշանակություն ունեցող 15-16 կտոր արտեֆակտներ, որոնց գոյության վայրի մասին, պարզվում է, դրանց հետ առնչություն ունեցող որևէ մեկը տեղյակ չէ:
Թեմայի և անհետացած արտեֆակտների առնչությամբ 168.am-ը հանդիպել և զրուցել է ՀՀ ՄՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Սիմոնյանի, նույն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ հեռախոսազրույց ունեցել Կապանի Երկրագիտության թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի հետ: Մեզ որևէ կերպ չհաջողվեց կապ հաստատել գործի հետ առնչություն ունեցած իրավապահ մարմրնների ներկայացուցիչներ՝ Մեղրիի ոստիկանապետ, գնդապետ Արա Դավթյանի հետ, ով չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, ինչպես նաև Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ Սուրիկ Սահակյանի հետ, ով պարզապես հրաժարվեց թեմայի շուրջ հեռախոսազրույց ունենալ 168.am-ի լրագրողի հետ:
Տեղեկացնենք, որ հրապարակումներից օրեր անց ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, համակարգային փոփոխությունների արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել էին ինչպես՝ Մեղրիի ոստիկանապետ, գնդապետ Արա Դավթյանը (26. 01. 2018թ.), այնպես նաև՝ Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ Սուրիկ Սահակյանը (30. 01. 2018թ.): Այս մասին տեղեկատվությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտնաբերված գտածոների խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով 168.am-ը պաշտոնական գրությամբ դիմել էր նաև Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, ով ի պատասխան մեր նամակի՝ տեղեկացրել էր՝ գտածոներն ամբողջությամբ գտնվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի լաբորատորիայում:
Վերոհիշյալ ՊՈԱԿ-ում մեր այցելության ընթացքում հնարավորություն ունեցանք ոչ միայն լուսանկարել այնտեղ առկա գտածոների ծավալը, այլև զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրենի և փոխտնօրենի հետ: Ինքը՝ Հակոբ Սիմոնյանը, մեզ հետ զրույցում չհերքեց՝ անհետացած արտեֆակտներ կան, բայց ինքը տեղյակ չէ՝ որո՞նք են դրանք և որտե՞ղ դրանք կարող են լինել: Մեր հաջորդ հանդիպումն արդեն ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ էր, ով ոչ միայն հաստատեց արտեֆակտների անհետացման փաստը, այլև տրամադրեց իր մոտ եղած անհետացած գտածոների լուսանկարները՝ թվով 15-16 կտոր պատմագիտական կարևորագույն նշանակության գտածոներ:
Անհետացած գտածոների թեմայով 168.am-ին հաջողվեց հարցեր ուղղել նաև Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, ում հետ մեր կարճ զրույցը ներկայացնում ենք ստորև, բացառապես առանց խմբագրման.
– Տիկին Սամուելյան, իմ հարցը վերաբերում է Սյունքի մարզի Կապան համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանին պատկանող արտեֆակտների ճակատագրին, որոշ տվյալների համաձայն՝ 130 կգ կշռող գտածոներին, որից, ըստ հանրապետության լավագույն մասնագետների հավաստման, անհետացել են հատկապես պատմագիտական կարևորագույն նշանակություն ունեցող 15-16 կտոր նմուշներ: Դուք տեղյա՞կ եք՝ ո՞ւր են դրանք անհետացել, ի՞նչ ճանապարհով են անհետացել և, ընդհանրապես, ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել այս ուղղությամբ:
– Ուրախ եմ, որ բարձրաձայնում եք այն հարցը, որը գրավոր ուղարկել էիք մեզ, և մենք գրավոր պատասխանել էինք ձեր բոլոր հարցերին…
– Սպառիչ պատասխաններ չէինք ստացել, տիկին Սամուելյան:
– Մենք ձեզ ուղարկած նամակին կցել էինք նաև ստացման-հանձնման ակտի փաստաթուղթը, թե որտե՞ղ են գտնվում այդ բոլոր մշակութային արժեքները, որոնք որ գանձագողի ձեռքից առգրավվել են և հանձնվել մեր գիտահետազոտական կենտրոնին, որտեղ և նրանք բոլորը գտնվում են: Հրավիրում ենք ձեզ դիտելու, ուսումնասիրելու, արձագանքելու, արձանագրելու, եթե ձեզ հետաքրքիր է: Եվ նաև փոխադարձ կուզենայի իմանալ լավագույն մասնագետների հնչեցրած մեղադրանքների մասին՝ կամ ներկայացնեք կոնկրետ փաստեր, կամ պարզապես միգուցե գանձագողին չորակե՞նք՝ որպես լավագույն մասնագետ:
– Լավագույն մասնագետ ասելով՝ նկատի ունեի Պավել Ավետիսյանին, ով և մեզ տրամադրել է ընդհանուր գտածոներից անհետացած 15-16 կտոր կարևորագույն պատմագիտական նշանակություն ունեցող արտեֆակտների լուսանկարները, և ես ձեզ հիմա հարցնում եմ անհետացած արտեֆակտների ճակատագրի մասին:
– Կխնդրեի ձեզ՝ ներկայացնեիք դրանք, կամ ես էլ կարող եմ պարոն Ավետիսյանից հարցնել և խնդրել, որ ներկայացնի, թե որո՞նք են դրանք, մեզ էլ դա հետաքրքրեց:
– Ես այդ մասին արդեն մանրամասն հրապարակային հոդված եմ հրատարակել, տիկին Սամուելյան:
– (Լռություն…):
Ի դեպ, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նույնպես ներկա էր զրույցին, հանձնարարեց փոխնախարար Արև Սամուելյանին՝ լրագրողի հետ միասին այցելել այն ՊՈԱԿ, որտեղ պահպանվում են այդ ցուցանմուշները, և խնդրի հետ կապված բոլոր հարցերը հասկանալ տեղում: