130 կգ կշռող եզակի գտածոներից անհետացել են մեծ թվով և, հատկապես՝ պատմագիտական նշանակության առավել արժեքավոր նմուշները
Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած՝ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված մոտ 200 օրինակ՝ ընդհանուր հաշվարկով մոտավորապես 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող արտեֆակտների լուսաբանման թեման նոր բացահայտումների տեղիք է տալիս:
«168 Ժամի» նախորդ անդրադարձը՝ ՀՀ ՄՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի մասնակցությամբ, հայտնի դարձրեց, որ վերոհիշյալ գտածոներից անհետացել են (ըստ Հակոբ Սիմոնյանի առաջարկած վարկածի) թվով երկու գտածո: Քանի որ, ըստ վերջինիս հաղորդած տեղեկատվության՝ իրենից առաջ գտածոների լուսանկարներին ծանոթ է եղել Հնագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, «168 Ժամը» ցանկություն հայտնեց հանդիպելու նաև վերջինիս հետ: Լրատվամիջոցի առաջարկին Պավել Ավետիսյանն արձագանքեց համաձայնությամբ՝ տեղեկացնելով նաև այն մասին, որ ինքն ունի գտածոներից առավել մեծ թվով անհետացած նմուշների վերաբերյալ փաստեր՝ լուսանկարներ:
Այսպիսով, Հնագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ոչ միայն չհերքեց, այլև հաստատեց՝ արժեքավոր գտածոները հայտնաբերած Սևակ Սաֆարյանը, նախքան դրանք պատկան մարմիններին հանձնելը, կապվել է իր հետ և առաջարկել իրեն՝ ի դեմս Հնագիտության ազգային ինստիտուտի, գնել դրանք: Քանի որ ինստիտուտն օժտված չէ նման լիազորություններով՝ գնելու գտածո գանձեր, անգամ, եթե դրանք պատմագիտական նշանակության մեծարժեք արտեֆակտներ են, վերջինս Սևակ Սաֆարյանին հորդորել է վարվել դրանց հետ այնպես, ինչպես սահմանում է օրենքը: Այնուամենայնիվ, Սևակ Սաֆարյանը Պավել Ավետիսյանին է ուղարկել մոտ 200 օրինակ գտածոներից մի քանիսի լուսանկարները, որոնք, ըստ գիտնականի, համարվում են պատմական նշանակության եզակի կարևորություն ներկայացնող բացառիկ նմուշներ:
Զարմանալի և մտահոգիչ է, սակայն, այն հանգամանքը, որ Կապանի երկրագիտական թանգարանի կողմից ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերականգնման և ուսումնասիրության համար տրամադրված հնագիտական արժեքների հանձնման և ընդունման ակտի համաձայն (06. 04. 2016թ.)՝ ցուցակագրված 198 կտոր իրերից բացակայում են հենց վերոհիշյալ առավել կարևոր պատմագիտական նշանակություն ունեցող գանձերի նմուշները:
ՀՀ ՄՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը պնդում է՝ պակաս նմուշներն ընդհանրապես իրենց չեն հանձնել, իրենք դրանք առհասարակ չեն էլ տեսել: Եվ, այնպիսի տեսքով, ինչպես որ հավաքածուն հանձնվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ին, դրանից ոչինչ չի պակասել:
Այսպիսով՝ Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված մոտ 200 օրինակ՝ ընդհանուր հաշվարկով մոտ 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող արտեֆակտների լուսաբանման թեման, ըստ «168 Ժամի» արձանագրած զարգացումների, մինչ այս պահն ուրվագծում է հետևյալ պատկերը. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանը 2016 թվականի ապրիլին Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում սեփական պատկանելության մետաղորսիչ սարքով հայտնաբերել և, իր պնդմամբ, սեփական նախաձեռնությամբ պատկան մարմիններին է հանձնել ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած՝ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված մոտ 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող պատմական նշանակության կարևորագույն արտեֆակտներն՝ ամբողջությամբ:
Մինչ դրանք պատկան մարմիններին հանձնելը, սակայն, նա դրանցից մի քանիսը լուսանկարել և ուղարկել է Հնագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին, ով «168 Ժամի» հետ զրույցում հաստատում է՝ գտածոներն անձամբ չի տեսել, բայց նույնիսկ լուսանկարներով, անգամ անզեն աչքով՝ հաստատում են՝ գործ ունենք պատմական նշանակության եզակի նմուշների հետ: Ստացվում է այնպես, որ ոստիկաններին հանձնված կամ վերջիններիս կողմից առգրավված՝ (հնչած տեսակետները տարբեր են) և Կապանի Երկրագիտության թանգարանին պահ տված գտածոները, Ոստիկանության ներկայացուցիչների և այլ ականատեսների ներկայությամբ, հանձնվել են ՀՀ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Սյունիքի մարզ գործուղված՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին: Վերջինս հաստատում է՝ գտածոներից պակասող նմուշները կան, որոնք ինքն առհասարակ չի էլ տեսել, ընդհանրապես դրանք իրեն չեն հանձնել:
Այսպիսով՝ «168 Ժամը» կշարունակի պարզել՝ որտե՞ղ են անհետացել ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած՝ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված մոտ 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող պատմական նշանակության գտածոներից պատմական նշանակության, հատկապես՝ առավել կարևորագույն արտեֆակտների նմուշները, որոնց լուսանկարներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Միաժամանակ խնդրահարույց հարցի շուրջ ենք հրավիրում ՀՀ Ոստիկանության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը: