Մոտ 130 կգ կշռող գտածո գանձերի հետքերով
Դեռևս անցյալ տարեվերջին «168 Ժամ» թերթը (թիվ 119 համարում) և 168.am կայքը (2017թ. դեկտեմբերի 22-ին) ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած, Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին:
Հիշեցնենք, որ գտածոները (մոտ 200 օրինակ), որ ընդհանուր հաշվարկով կշռում էին մոտավորապես 130 կգ, ըստ քաղաքացի Ս. Սաֆարյանի, Ոստիկանության ներկայացուցիչների և այլ ականատեսների ներկայությամբ հանձնվել են ՀՀ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Սյունիքի մարզ գործուղված՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին, որի դիմաց, ըստ քաղաքացի Ս. Սաֆարյանի պնդման, նախարարությունն իրեն խոստացել է օրենքով նախատեսված փոխհատուցում, որն այդպես էլ չէր ստացել:
Հրապարակումից անմիջապես հետո, ինչպես կարող է ենթադրել լրագրողական էթիկայի նորմը, «168 Ժամ» թերթի լրագրող, հրապարակման հեղինակ Նվարդ Մանվելյանը հեռախոսազանգով կապվել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, լսելու նաև երկրորդ կողմի կարծիքը՝ խնդրո առարկա հանդիսացող հարցի շուրջ: Մերժելով հեռախոսազանգը, պարոն Սիմոնյանը դրան հաջորդող օրերին հանդես եկավ լրատվամիջոցին ուղղված նամակ-գրությամբ:
Տեղեկատվություն ստանալու ակնկալիքով լրատվամիջոցն այս անգամ արդեն պաշտոնական նամակով հարցում հղեց ինչպես ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, այնպես էլ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանին (ով հանդիսանում է Հակոբ Սիմոնյանի որդին):
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանի մեզ ուղղված պատասխան նամակում կարդում ենք.
«Ի պատասխան ձեր 10.01.2018 թվականի գրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված նյութերը Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրինությունը ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարականով և հանձնման-ընդունման ակտով հանձնվել է ՀՀ ՄՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, ուսումնասիրության և վերականգնման նպատակով: Ձեր նշած հնագիտական բոլոր իրերը ներկայումս կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում են:
ՀՀ Մշակույթի նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի որոշմամբ վերականգնման, ցուցադրության և դրանց վերաբերյալ տվյալները հրատարակության պատրաստելու համար այդ հավաքածուն, մինչև աշխատանքների ավարտը, պահպանվելու է վերոհիշյալ տեղում: Մեր մասնագետներն արդեն լուսանկարել, նկարագրել և ցուցակագրել են այդ գտածոները և այժմ շարունակում են դրանց վերականգնումը: Վերականգնման, հրատարակության և ցուցադրության աշխատանքների ավարտից հետո նյութերը սահմանված կարգով կվերադարձվեն Կապանի Երկրագիտական թանգարան:
Ցանկության դեպքում կարող եք այցելել մեր կենտրոն՝ տեղում ծանոթանալու և հավաստիանալու ինչպես արձանագրված իրերի քանակի անխաթարության, այնպես էլ դրանց պահպանվածությանը»:
Տեղեկացնենք, որ նամակը ստանալուց հետո մեկ անգամ ևս հեռախոսակապ հաստատեցինք Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, ով այս անգամ, ի ուրախություն մեզ, համաձայնեց հանդիպել և զրուցել լրագրողի հետ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել լուսանկարելու գտածոները, որոնք, ըստ վերջինիս հեղինակած նամակի՝ պահպանվում են ինչ-որ մի տեղ՝ չհրկիզվող պահարանում, իսկ պաշտոնական գրության համաձայն՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում: Հրապարակումը՝ շուտով:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին հասցեագրված մեր նույնաբովանդակ նամակը շարունակում է մնալ անպատասխան: