Որտե՞ղ են, ի վերջո, այս պահին գտնվում մոտ 130 կգ կշռող գտածո գանձերը
Դեռևս անցյալ տարեվերջին «168 Ժամ» թերթը (թիվ 119 համարում) և 168.am կայքը (2017թ. դեկտեմբերի 22-ին) ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին:
Հիշեցնենք, որ գտածոները (մոտ 200 օրինակ), որ ընդհանուր հաշվարկով կշռում էին մոտավորապես 130 կգ, ըստ քաղաքացի Ս. Սաֆարյանի, ոստիկանության ներկայացուցիչների և այլ ականատեսների ներկայությամբ հանձնվել է ՀՀ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Սյունիքի մարզ գործուղված՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին, որի դիմաց, ըստ քաղաքացի Ս. Սաֆարյանի պնդման, նախարարությունն իրեն խոստացել է օրենքով նախատեսված փոխհատուցում, որն այդպես էլ չէր ստացել:
Զերծ մնալով որևէ տեսակի որակական և նմանապես բնութագրական հեղինակային տեքստի կամ մեկնաբանությունից, «168 Ժամ» թերթը և 168.am կայքը ներկայացրել էին խնդրո առարկա հանդիսացող պատմությունը՝ բացառապես բողոքող կողմի՝ Սևակ Սաֆարյանի շուրթերից: Առաջնորդվելով և տուրք տալով լրագրողական էթիկայի նորմերին, հրապարակման հեղինակ լրագրող Նվարդ Մանվելյանը նյութի հրապարակումից անմիջապես հետո հեռախոսակապ էր հաստատել նաև Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ՝ լսելու և հանրությանը ներկայացնելու նաև երկրորդ կողմի կարծիքը, որին ի պատասխան՝ ստացել էր մերժում:
Օրեր անց, արդեն հունվարի 2-ին, նույն կենտորնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը խմբագրության էլհասցեով նամակով դիմել էր լրատվամիջոցի գլխավոր խմբագրին և փոխխմբագրին՝ փորձելով պարզաբանել ստեղծված իրավիճակի մանրամասները: Բաց թողնելով Հ. Սիմոնյանի՝ մեզ հասցեագրված նամակի որոշ հատվածներ, ներկայացնում ենք վերջինիս պարզաբանումները, որ վերաբերում են անհետացած գտածոների հետագա ճակատագրին:
Նամակում ասվում է.
«…Ամեն դեպքում իմացեք՝ դուք պաշտպանում եք մի մարդու, որն առնետի նման կրծում է մեր պատմության արմատը: Նա արհեստավարժ գանձագող է, ով շարունակաբար պղծում է մեր նախնիների գերեզմանները և թալանված ավարը հանում վաճառքի: Միթե հոդվածը տպագրելիս չմտածեցիք, թե ինչ գործ է ունեցել Կապան քաղաքի բնակիչը Եղվարդ գյուղում և ինչո՞ւ է մետաղորսիչով չափչփում հեռու ու մոտ հանդամասերը, քանդում և պղծում հուշարձանները: Գանձագողությունը դատապարտելի է միջազգային բոլոր օրենքներով, իսկ նրանց պաշտպանողները՝ արգահատելի:
Թեև հոգնել եմ այս պատմությունից, իմ թանկ ժամանակն անիմաստ վատնելու դրդող մարդկանցից, փորձեմ մի քանի տողով ներկայացնեմ իրականությունը: Սևակ Սաֆարյանը ոչ թե իր սեփական հողամասում (միայն այս դեպքում է օրենքը նախատեսում փոխհատուցում՝ մշակութային արժեքները հայտնաբերողին), այլ Եղվարդ գյուղի տարածքում է մետաղորսիչով հայտնաբերել բրոնզե իրերի գանձը: Դա՝ ըստ նրա պատմածի:
Չի բացառվում, որ շուրջ երկու հարյուր բրոնզե իրերը նա հավաքել է իր կողմից ավերած տասնյակ դամբարաններից: Գողոնը վաճառելու հերթական փորձը կանխել է Կապանի ոստիկանությունը և առգրավելով հնագիտական արժեքները, հանձնել Կապանի երկրագիտական թանգարանին, միաժամանակ հարուցելով քրեական գործ Սևակ Սաֆարյանի հանդեպ: Սյունիքի քննչական մարմինը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը՝ փորձագետ տրամադրելու խնդրանքով:
Նախարարի հրամանով ինձ նշանակեցին փորձագետ: Դրանից հետո մեր կազմակերպության արշավախումբը մեկնեց Կապան: Տեղի երկրագիտական թանգարանի աշխատակիցները, կրկնում եմ, ոչ թե Սևակ Սաֆարյանը, այլ Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակիցները՝ տնօրենի և Սյունիքի մարզպետի գիտությամբ, ինձ հանձնեցին գանձագողից առգրավված իրերը: Նկատի ունենալով հավաքածուի բացառիկ արժեքը (ափսոս, որ հնագիտական իրողությունը գանձագողը ոչնչացրել էր, մեծ վնաս հասցնելով գիտությանը), փոխադարձ հանձնման և ընդունման ակտով այդ իրերն ուսումնասիրելու, վերականգնելու, ցուցադրության և հրատարակության պատրաստելու նպատակով որոշեցինք տեղափոխել Երևան:
Եվ այս ժամանակատար և ծախսատար հսկայական աշխատանքը մեր կազմակերպությունը ստանձնեց կամովին, սեփական սուղ միջոցներով՝ բրոնզե իրերի հետագա քայքայումը կանխելու և հանրությանն իրազեկելու համար: Թվում է, որ նման նախաձեռնությունը պետք է խրախուսվեր, նախաձեռնությունը՝ արժանանար դրվատանքի, մեղավորը՝ պատժվեր: Շարունակեմ:
Բրոնզե իրերը Երևան բերելուց անմիջապես հետո իրավիճակի մասին զեկուցեցի ՀՀ մշակույթի նախարարին, որի հանձնարարականով ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ այս հարցը քննարկելու համար: Հանձնաժողովը մանրամասն ծանոթացավ գտածոների հետ և որոշեց, որ այս հավաքածուն հրատարակության պատրաստելու և վերականգնելու համար պետք է միառժամանակ մնա մեր կազմակերպության հնագիտական իրերի վերականգնման լաբորատորիայում, որպեսզի հետագայում, 2018 թ. աշնանը, ճապոնական գրանտի շրջանակում մեր կազմակերպությանը տրամադրված ժամանակակից սարքավորումներով դրանք վերականգնվեն:
Եթե Սևակ Սաֆարյանի անօրինական գործունեության հետևանքով նշված բրոնզե իրերը չբերեինք Երևան, ապա պարզ չէ, թե ինչ ճակատագրի կարժանանային դրանք, քանզի գանձագողին հովանավորողները հավանաբար օժտված են մեծ իշխանությամբ: Այլապես ինչպես բացատրել, որ երբ առկա էին հանցագործության՝ հուշարձանները քանդելու և թալանելու հավաստի փաստեր, դատարանում գործը կարճվել է հանցակազմի բացակայության հոդվածով: Դրանից հետո թևեր առած գանձագողը դիմել է զանազան քայլերի՝ ստոր բանսարկության, շանտաժի, սպառնացել պայթեցնել թանգարանի շենքը, կտրել իմ վիզը, երկաթե ձողով ջարդել գլուխս և պետությունից պահանջել գումար թալանված հուշարձաններից հայտնաբերված գողոնի դիմաց: Եվ Ձեր թերթը նպաստում է գանձագողին:
Հայտնում եմ և Ձեզ և ձեր բոլոր ընթերցողներին՝ Կապանի թանգարանի կողմից մեզ հանձնած բոլոր իրերը, առանց բացառության, տեղում են, և որևէ գտածո չի պակասել ընդունման-հանձնման փաստաթղթով մեզ տրամադրած համալիրից: Լսում եք, ոչինչ, նույնիսկ մեկ ծեղ չի պակասել:
Սևակ Սաֆարյանը չէր կարող տեսնել չհրկիզվող պահարանում պահվող իրերը, հետևաբար նրա վկայությունը պակասող իրերի մասին զրպարտանք է, որը Դուք տարածում եք, դարձնում հանրային քննարկման թեմա:
Առ այսօր Սևակ Սաֆարյանը հաջողությամբ շարունակում է գանձագողությունը և թալանված դամբարանների իրերը պարբերաբար բերում Երևան՝ վաճառքի: Նրան ես կարող եմ հասկանալ, սակայն լրագրողի կեցվածքը, որով նա նպաստում է գանձագողերին, մնում է անհասկանալի և անըմբռնելի:
Պատկերացնում էք, թե ինչպիսի թափ կհավաքի առանց այդ էլ մեծ ծավալներ ունեցող գանձագողությունը, եթե մեղավորները պատժվելու փոխարեն խրախուսվեն: Դրանից հետո ի՞նչ ճակատագրի կարժանանան Հայաստանի հնագիտական հուշարձանները:
Գիտեք հայտնի ասացվածքը, շպրտիր ցեխը, կպավ՝ լավ, չկպավ, գոնե իր կեղտոտ հետքը կթողնի: Խոսքով է ստեղծվել աշխարհը, և խոսքով, հատկապես, երբ այն գրավոր է, կարելի է կործանել: Խոսքը կրակոց է, գուցե ավելի հզոր, քան հրազենից արձակվածը: Դուրս մղեք Ձեր սրտից կեղծիքն ու չարությունը: Եվ մի պահ մտածեք ամեն մի խոսք ասելուց, հատկապես՝ գրելուց առաջ: Խնդրում եմ, առանց այն էլ կյանքը դաժան է: Եվ հասկացեք, որ ինձ համար ամեն րոպեն թանկ է, քանզի անելիքս շատ է, ժամանակս՝ քիչ: Դուք արդեն մի օր գողացաք ինձնից…
Անհիշաչար՝ Հակոբ Սիմոնյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
168.am Տեղեկացնենք, որ ահազանգի հետքերով տեղեկատվություն ստանալու ակնկալիքով «168 Ժամը» պաշտոնական նամակով արդեն իսկ դիմել էր ինչպես՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, այնպես էլ՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանին:
Հայցելով Հակոբ Սիմոնյանի ներողամտությունը՝ վերջինիս անհանգստություն պատճառելու համար, և օգտվելով օրենքով լրագրողին տրված իրավունքից, լրատվամիջոցը մեկ անգամ ևս ակնկալում է հրապարակման հեղինակ Նվարդ Մանվելյանին հնարավորություն ընձեռել ոչ միայն՝ հարցազրույց ունենալ վիճահարույց հարցերի շուրջ, այլև՝ լուսանկարել Կապանի թանգարանի կողմից նրանց հանձնված բոլոր գտածո իրերը, որոնք, ըստ Հ. Սիմոնյանի հավաստման, առանց բացառության, տեղում են, որևէ գտածո չի պակասել ընդունման-հանձնման փաստաթղթով տրամադրած համալիրից, և որոնք, ինչպես կարելի էր հասկանալ նրա նամակի բովանդակությունից, պահվում են չհրկիզվող պահարանում: