Բաժիններ՝

130 կգ կշռող եզակի գտածոներից նմուշներ են անհետացել

«168 Ժամը» շարունակում է անդրադառնալ Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած՝ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված մոտ 200 օրինակ՝ ընդհանուր հաշվարկով՝ մոտավորապես 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող արտեֆակտների լուսաբանման թեմային:

Օրեր առաջ լրատվամիջոցի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանը տեղեկացրել էր, որ խնդրո առարկա հանդիսացող վերոհիշյալ գտածոները Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրինությունը ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարականով և հանձնման-ընդունման ակտով՝ ուսումնասիրության և վերականգնման նպատակով, հանձնել է ՀՀ ՄՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ին, և, որ նշված հնագիտական բոլոր իրերը ներկայումս կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում են:

Միաժամանակ, ընդունելով լրատվամիջոցի՝ տեղում զրուցելու և լուսանկարելու առաջարկը, Տիգրան Սիմոնյանն ընդունեց լրատվամիջոցի լրագրողին, պատրաստակամությամբ ներկայացնելով նաև իրենց ձեռքի տակ առկա ՀՀ ՄՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ին ի պահ տրված գտածոների ծավալը՝ ամբողջությամբ:

Տեղում հանդիպեցինք և խնդրի շուրջ զրուցեցինք նաև վերոհիշյալ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, միաժամանակ փորձելով հասկանալ ինչպես՝ գանձերի շուրջ ծագած խնդիրների էությունը, այնպես էլ՝ վերջինիս հեղինակած բաց-նամակի դրդապատճառները, որով վերջինս դիմել էր «168 Ժամի» խմբագրին և փոխխմբագրին:

Կարդացեք նաև

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.

– Պարոն Սիմոնյան, ինչպես արդեն գիտեք, գտածո գանձերի խնդրին մենք տեղեկացել ու անդրադարձել ենք Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի հնչեցրած ահազանգի արդյունքում, որով վերջինս որոշակի պահանջներ է ներկայացնում ձեզ, և՝ ոչ միայն ձեզ: Կցանկանայի ձեզանից լսել՝ ինչո՞ւ է Սևակ Սաֆարյանը մեղադրում ձեզ, և ինչո՞ւմ է նա ձեզ մեղադրում:

– Ես այդ հարցերի պատասխանը չունեմ: Այդ մարդուն՝ Սևակին, ես միայն լավություն եմ արել: Ես՝ որպես Կապան գործուղված փորձագիտական հանձնաժողովի ղեկավար, կարող էի շատ խիստ եզրակացություն գրել, որն անդառնալի հետևանքներ կունենար նրա հետագա կյանքի համար: Պարզապես ես խղճացի նրան՝ հաշվի առնելով նրա ընտանիքի սոցիալական շատ ծանր վիճակը, փորձեցի ինչ-որ ձևով մեղմել այն հանցանքը, որ նա կատարել է, իսկ նրա կատարածն այլ կերպ, քան գանձագողություն որակել, պարզապես հնարավոր չէ:

Նա իր մոր հետ մի քանի անգամներ եղել է այստեղ, որտեղ մենք հիմա զրուցում ենք (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ում.- Ն.Մ.), սպառնացել է մեզ ու ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, խնդրանքներով է հանդես եկել, և այլն: Ես տեսել եմ, որ նրանք իրենց ձեռքին նույնիսկ տուն վերադառնալու գումար չունեն, ինքս եմ նրանց գումար տրամադրել, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց տուն: Ես իր հետ վարվել եմ՝ ինչպես հարկն է, մինչև որ նա դանակը ոսկորիս հասցրեց:

Պատկերացրեք՝ ձեզ օրը մի քանի անգամ զանգահարեն ու պահանջեն՝ ո՞ւր են իմ գումարները, ե՞րբ ես վերադարձնելու իմ գումարները, և այլն: Ես հարցնում եմ նրան՝ Սևակ, ես քեզ գումար խոստացե՞լ եմ, ասում է՝ չէ, երկրորդ հարցն եմ տալիս՝ ի՞նչ ես կարծում՝ այս գտածոներն ի՞մն են, ասում է՝ չէ: Հետևաբար՝ գալիս ենք հետևության, որ սա պետական արժեք է, ուրեմն ես էլ նրան ասում եմ՝ գնա պետությունից պահանջի քո գումարները, եթե, իհարկե, օրենքը քեզ նման իրավասություն տալիս է, ի՞նչ գործ ունես ինձ հետ: Անընդհատ շարունակվող այդ լարված վիճակը բերեց նրան, որ ես ափերիցս մի քանի անգամ դուրս եկա, ու պատահեց նաև, որ հայհոյեցի նրան: Ցանկացած նորմալ մարդու հնարավոր է հունից հանել, եթե շարունակաբար նման վարք դրսևորեն:

– Պարոն Սիմոնյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է վերոհիշյալ անձը ձեզ մեղադրում գտածոների հավաքածուից ենթադրաբար պակասող նմուշների համար:

– Որովհետև ինքն իրենով է չափում աշխարհը, չէ՞ որ ինքը սրանք ձեռք է բերել ու շարունակում է ձեռք բերել միայն ու միայն վաճառելու, շահույթ ստանալու ակնկալիքով: Նա ենթադրում է՝ եթե ինքն այդպես է վարվում, ուրեմն մյուսներն էլ դրանք պետք է յուրացնեն և վաճառեն, և, քանի որ դրանք ես եմ վերցրել ու տեղափոխել Երևան, ուրեմն անպայման պետք է վաճառած լինեմ, առանց հասկանալու, որ կան մարդիկ, որոնց համար ազգային արժեքներ կան:

– Քիչ առաջ, երբ ուսումնասիրում էինք հավաքածուն և ինձ հետ բերված լուսանկարները, դուք ինքներդ ֆիքսեցինք, որ, այնուամենայնիվ, պակաս նմուշներ կան, այո՞:

– Այո, երկու կտոր:

– Ի՞նչ եք կարծում՝ անհետացած նմուշներն այս հավաքածուի մի մա՞սն են:

– Փաստեր չունեմ, կարող եմ միայն ենթադրել, որ՝ այո: Այդ պակաս նմուշներն ընդհանրապես մեզ չեն հանձնել, մենք դրանք չենք էլ տեսել: Այնպիսի տեսքով, ինչպես որ հավաքածուն հանձնվել է մեզ, դրանից ոչինչ չի պակասել: Այս նկարները, որ ձեզ մոտ են, չգիտեմ՝ ձեզ որտեղից, ես դրանք առաջին անգամ եմ տեսնում:

– Իսկապե՞ս առաջին ագամ…

– Այո, լսել եմ դրանց մասին պարզապես: Մի մասնավոր կոլեկցիոներ, որ շատ խնդրեց՝ իր անունը չտամ, ինձ ցույց է տվել այս արձանիկի նման հեռախոսով արված մի լուսանկար, որի վրա ճանկախաչ կամ սվաստիկա կար, որը Սևակ Սաֆարյանն առաջարկել էր նրան վաճառքի համար: Բացի այդ, երբ այս կոլեկցիան արդեն հայտնաբերվել էր, նախքան մեր այս գործին կցվելը և քննչական մարմինների կողմից նյութերի առգրավումը՝ Սևակ Սաֆարյանը Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին է ուղարկել հավաքածուի նկարները և առաջարկել նրան, որպեսզի Հնագիտության ինստիտուտն իրենից գնի դրանք:

Երբ գնացինք Կապանի Երկրագիտության թանգարան՝ գանձերը Երևան բերելու, այդ նկարներում պատկերված գտածոներն այլևս չկային: Այս լուսանկարները, հավանաբար, պահպանվում են Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի մոտ: Դրանք լուսանկարել ու նրան է ուղարկել Սևակ Սաֆարյանն անձամբ: Թե դրանից հետո ի՞նչ է եղել այդ գանձերի հետ՝ Աստված գիտի:

– Նույն ճանապարհով, ինչպես Դուք եք վերցրել գանձերը Երկրաբանության թանգարանից, կարող էր վերցնել նաև Պավել Ավետիսյանը՝ որպես Հնագիտության ինստիտուտի տնօրեն և փորձագետ, հատկապես, որ, ինչպես դուք եք ասում, նա ձեզանից վաղ է իմացել այդ գտածոների մասին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդ գանձերը նրա մոտ չեն հայտնվել, այլ՝ ձեր:

– Մենք Պավել Ավետիսյանի հետ հանդիպել, խոսել ենք, ես ասել եմ նրան, որ ինձ փորձագետ են նշանակել, նա ուրախացած ասաց՝ ի՜նչ լավ է, որ դու ես զբաղվելու այդ հարցով, այդպես այդ իրերը կփրկվեն, չեն կորչի գիտության համար, էլ չեմ ասում, թե ինչ լավ կլինի, որ դու կարողանաս դրանք Երևան բերել: Գիտե՞ք, ուղղակի բոլորն այնքան են հոգնել այս պատմությունից, որ, եթե նա հանկարծ հրաժարվի ձեզ հետ հանդիպելուց՝ չզարմանաք:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿի տնօրեն Տիգրան Սիմոնյան. – Այստեղ պետք է հստակեցվի, որ նյութերը մեզ է հանձնել ոչ թե Սևակ Սաֆարյանը, ինչպես ինքն է պնդում, այլ ոստիկանության ներկայությամբ՝ Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրենը՝ ընդունման-հանձնման ակտի հիման վրա:

Հակոբ Սիմոնյան – Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենն ինձ հիմա էլ ասում է, եթե ես սրանք հետ տանեմ թանգարան, չգիտեմ, թե սրանց հետ ի՞նչ կարող է պատահել, որովհետև այդ նույն Սևակ Սաֆարյանը սպառնում է, որ կպայթեցնի թանգարանի շենքը, եթե այդ նյութերն իրեն չվերադարձնեն: Թանգարանի տնօրենն այդ մասին նույնիսկ անվտանգության մարմիններին է հայտնել: Եվ, առհասարակ, գիտե՞ք, ինձ վիրավորել էր այն հանգամանքը, որ իմ անունը հոլովվում է գանձագողի անվան կողքին, էլ չեմ ասում, որ մեր նկարները ձեր հրապարակման մեջ իրար կողք կողքի են հայտնվել: Ինձ համար դա անընդունելի է:

– Ձեր լուսանկարը տեղադրված է Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի լուսանկարի հարևանությամբ, պարոն Սիմոնյան, և կարծում եմ՝ շատ չեմ սխալվել այդ համադրման հարցում

– Ես ուզում եմ՝ դուք հասկանաք, որ այդ տղան, ով, իր ասելով՝ դեղեր և կերակուր գնելու գումար չունի, փաստաբաններ է վարձել, դրանք էլ ինձ են զանգահարում, թե բա՝ ե՞րբ եք փողերը տալու: Նույնիսկ Ռուսաստանից մի փաստաբան է զանգում ինձ, վերջերս էլ չդիմացա, դրան ասացի՝ դուք ի՞նչ իրավունք ունենք ինձ անհանգստացնելու, կարծում եք՝ Հայաստանը ձեզ համար Ռուսաստա՞ն է, ինչո՞ւ եք դուք անհանգստացնում ինձ, ի՞նչ իրավունքով…

Անգամ ռուսական կողմն է խառնվել այս գործին՝ փոխանակ գանձագողին պատժելու, որ ավերում է մեր պատմամշակութային հուշարձանները: Մենք ստիպված ենք անընդհատ արդարանալ՝ իսկ ինչո՞ւ, հարց եմ տալիս, ինչո՞ւ: Ես այս նյութերը Երևան եմ բերել՝ փրկելու համար, որ ժանգը չուտի, չփչանա: Եթե սրանք ևս մի քանի տարի այսպես մնան, այստեղ մետաղ չի մնա, այս ամենը կփչանա: Դուք հասկանո՞ւմ եք, որ այս ծավալի գտածոյի վերականգնման արժեքը մոտավորապես 5 մլն դրամ է կազմում: Մենք ուզում ենք անհատույց անել այդ գործը, որ հետո սրանք ցուցադրության գնան, հրատարակվեն, ժողովուրդն իմանա, որ նման գանձեր կան, ու այսքանի դիմաց դու ստիպված ես անդադար արդարանալ՝ ճի՞շտ ես դու, թե՞ սխալ, և այսպես շարունակ: Սա ինձ վրդովվեցնում է:

– Մեր զրույցի ընթացքում դուք ասացիք, որ գտածոներից մեկը Սևակ Սաֆարանն անձամբ նվիրել է ձեզ, այո՞:

– Այո, ահա այս գտածոյի մասին է խոսքը, որ ներառել եմ հավաքածուի մեջ: Հավանաբար նրան թվում էր, թե պետք է տանեմ-վաճառեմ:

– Իսկ ինչո՞ւ էր նա ձեզ նվեր անում:

– Չգիտեմ, երևի նրան ասել էին, որ իր ճակատագիրը կախված է այն եզրակացությունից, որ ես կգրեմ, չէ՞ որ ես այնտեղ էի գործուղվել՝ որպես փորձագետ: Թանգարանի տնօրենն ինձ տեղեկացրեց, որ նրա մոտ էլի գանձեր կան, ասաց՝ բեր համոզենք, մեղմ խոսենք, որ մյուս իրերն էլ բերի-հանձնի:

Արդյունքում՝ ինչ-որ բաներ բերեց հանձնեց, որոնք մենք նույնպես ներառեցինք կոլեկցիայի մեջ: Այս ամենի ցուցակագրումը, լուսանկարումն ու փաստագրումն արվել է Կապանի Երկրագիտական թանգարանում՝ այդ կառույցի ներկայացուցիչների ներկայությամբ: Սևակ Սաֆարյանը պարբերաբար հայտնվում է այստեղ, ասում է՝ արձանիկներից մեկը վերադարձրու ինձ, և ես ձայնս կկտրեմ: Այսինքն, հավանաբար նա իր ակնկալած արձանիկն արդեն խոստացել է որևէ մեկին՝ իրացնելու համար: Իմիջիայլոց, նա հենց այդ արձանիկի վրա էլ բռնվել է, երբ ոստիկանությունն առգրավել է ողջ գանձերը: Փորձել է մեկի վրա վաճառել այդ գանձերը, հավանաբար գնի հարցում պայմանավորվածության չեն եկել, նա էլ սրան հանձնել է ոստիկանությանը, ով եկել ու առգրավել է բոլոր գանձերը: Ինձ այս մասին հստակ պատմել են Կապանում:

– Սևակ Սաֆարյանի վրա քրեական գործ էր հարուցվել, որը, կարծեմ, կարճվել է: Ինչպե՞ս է դա պատահել, գիտե՞ք:

– Հավանաբար նա իր մեջքի հետևում օգնող ուժեր ունի, որոնք նրան սատարում են: Գործի կարճման հետ կապված՝ չեմ բացառում նաև մարդկային պահը, գուցե մարդիկ խղճացել և բաց են թողել:

– Եթե ամեն հանցագործի խղճան ու բաց թողնեն, կեսն անպատիժ կմնա

– Դե՛. նրանց սոցիալական վիճակը սարսափելի է, առողջական վիճակը՝ նույնպես, ակնհայտ է, որ նա հոգեկան խնդիրներ ունի:

– Կարծում եմ՝ մեկ այլ մարդու առողջական վիճակի մասին հանրային քննարկումներն էթիկայի նորմերից դուրս են, դա, կարծեմ, համարվում է նաև անձնական բնույթի ինֆորմացիա:

– Պարզապես ես այդ տղայի նկատմամբ ոչ մի վստահություն չունեմ: Այս հավաքածուի մեջ այնպիսի իրեր կան, որոնք, հստակ երևում է՝ դամբարանային նյութեր են, որոնք, հավանաբար, հենց թալանված դամբարաններից են: Այս գտածոները գիտության համար բացառիկ նշանակություն ունեն, քանի որ սրանք, ենթադրաբար, սկյութների կողմից բերված իրեր են, այսինքն՝ ուրարտական բանակում ծառայության մտած, ժամանակակից Ռուսաստանի տարածքից եկածների իրեր: Ես կարծում եմ, որ այս հավաքածուի մի մասը գուցե իսկապես հայտնաբերվել է հենց այն տեղից, որը մատնանշում է գանձագողը, իսկ մյուսը մասը պարզապես թալանված դամբարաններից հավաքված նյութեր են: Այս մասին ես փաստեր չունեմ, միայն կարող եմ ենթադրել՝ պարզապես շատ ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս