«Ինձ խաբելու համար պատրաստվում եմ դատական պատասխանատվության ենթարկել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին և Հակոբ Սիմոնյանին». Սևակ Սաֆարյան
Օրեր առաջ մեզ ահազանգով դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, նույն գերատեսչության ենթակայությամբ գործող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, խաբել է իրեն, որի առնչությամբ ինքը պատրաստվում է դատական կարգով վիճարկել խախտված իրավունքները:
Դեռևս 2016 թվականի ապրիլին քաղաքացի Սևակ Սաֆարյանն իրեն պատկանող մետաղորսիչով Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերել էր ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտներ: Գտածոները (մոտ 200 օրինակ), որ ընդհանուր հաշվարկով կշռում էին մոտավորապես 130 կգ, Ս. Սաֆարյանը Ոստիկանության ներկայացուցիչների և այլ ականատեսների ներկայությամբ հանձնել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Սյունիքի մարզ գործուղված՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին, որից հետո դրանց մասին փաստացիորեն գրեթե ոչինչ չի լսել:
168.am-ի հետ զրույցում Սևակ Սաֆարյանը ներկայացրեց դեպքերի զարգացման սեփական վարկածը՝ ակնկալելով մեր օգնությունն իր նկատմամբ ստեղծված, իր բնորոշմամբ՝ անարդար իրավիճակի հանգուցալուծման հարցում: Քաղաքացին մատնանշում է Քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածի 3-րդ կետը, որը սահմանում է՝ պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքնված է եղել գանձը, և գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի 50 տոկոսի չափով: Այդ անձանց միջև վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Սևակ Սաֆարյանը, իր իսկ պնդմամբ, արդեն երկու տարի շարունակ փորձում է ստանալ օրենքով իրեն հասանելիք գումարը, որ սահմանված է վերոհիշյալ օրենքի դրույթով: Ի պատասխան սպասումների՝ նա արժանանում է նախարարության վերոհիշյալ աշխատակիցների, և, մասնավորապես՝ Հ. Սիմոնյանի և նրա որդու (ով այս պահին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենն է) կողմից հնչեցված անպատվաբեր և հայհոյախառն սպառնալիքներին:
Քաղաքացի Ս. Սաֆարյանը տարակուսում է. ինքը ոչ մի կերպ չի հասկանում՝ ինչո՞ւ և ինչի՞ց հետո է եզակի պատմական արժեք ունեցող գանձեր գտած և օրենքին հանձնած, նույն Հակոբ Սիմոնյանի կողմից խրախուսանքի արժանի մեկը հանկարծ հայտնվել խաբեության և հայհոյախառն սպառնալիքների թիրախում: Միաժամանակ նա տեղեկացնում է՝ հանդիպել և զրուցել է Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ, ով իրեն հորդորել է դադարել դիմել այս կամ այն մարմիններին և հատկապես զերծ մնալ Նախագահական նստավայրում այս հարցը բարձրացնելուց՝ փոխարենը խոստանալով զբաղվել օրենքով նախատեսված և իրեն հասանելիք գումարի փոխհատուցմամբ, սակայն ոչինչ չի արել.
«Արև Սամուելյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ, խնդրեց այլևս բողոքներով հանդես չգամ և հատկապես չանեմ դա Նախագահական պալատում աշխատող պատկան մարմինների հետ: Նա առաջարկեց մի թղթի կտորի վրա գրեմ, որ հրաժարվում եմ գանձերից՝ պայմանով, որ նրանք կփոխհատուցեն օրենքով ինձ նախատեսված գումարը, որն ինձ պետք է բուժման նպատակով, առողջական խնդիրներս լուծելու համար, և նրանք այդ մասին շատ լավ գիտեն: Արդյունքում՝ ես արժանանում եմ միայն հայհոյանքների և արհամարհանքի, որի համար Արև Սամուելյանն ու Հակոբ Սիմոնյանն անպայման պատասխան կտան, որովհետև ինձ խաբելու համար ես պատրաստվում եմ նրանց դատական պատասխանատվության ենթարկել»:
Մեր հարցին՝ արդյոք Ս.Սաֆարյանը տեղյա՞կ է՝ որտե՞ղ են այս պահին գտնվում իր կողմից գտնված, մոտավոր հաշվարկով՝ 130 կգ կշռող գանձերը, վերջինս պատասխանեց՝ մեկ անգամ տեսել է դրանք Հակոբ Սիմոնյանի և նրա որդու ղեկավարությամբ գործող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, սակայն, ի զարմանս իրեն, այնտեղից արդեն բացակայում էին իրենցից մեծ արժեք ներկայացնող պղնձե գտածոներից մի քանիսը: Թե որտե՞ղ կարող են դրանք լինել, ինքը չգիտի, ոչինչ ասել չի կարող:
Մեզ դիմած քաղաքացին զայրացած նկատում է՝ խնդրի լուծման ակնկալիքներով բազմիցս դիմել է ամենատարբեր պատկան մարմիններին՝ ոստիկանական համակարգին, Նախագահական, Վերահսկիչ պալատ, պատրաստվում է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին և դատական հայցով վիճարկել սեփական իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում