Եզակի պատմագիտական նշանակության անհետացած գանձերի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ
«168 Ժամը» շարունակում է լուսաբանել Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած՝ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված մոտ 200 օրինակ՝ ընդհանուր հաշվարկով՝ մոտավորապես 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող արտեֆակտների լուսաբանման թեման, որ նոր բացահայտումների տեղիք է տալիս:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարզվում է՝ 130 կգ կշռող եզակի գտածոներից անհետացել են մեծ թվով և, հատկապես՝ պատմագիտական նշանակության առավել արժեքավոր նմուշներ, որի մասին տեղեկությունները զարմանալիորեն իսպառ բացակայում են: Ո՛չ գտածոները հայտնաբերած Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանը, ո՛չ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Սիմոնյանը, ո՛չ նույն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը, ո՛չ Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենը տեղյակ չեն, թե որտե՞ղ են անհետացել վերոհիշյալ գտածոները, որ մեր խմբագրությանը հրապարակման համար տրամադրել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Անհետացած գտածոների հետքերով «168 Ժամը» զրուցել է նաև Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի հետ: Տեղեկացնենք, որ հենց այս թանգարանում է, որ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերականգնման և ուսումնասիրության համար տրամադրված հնագիտական արժեքների հանձնման և ընդունման ակտի համաձայն (06. 04. 2016թ.)՝ ցուցակագրվել է 198 կտոր իր, որտեղ, սակայն, չեն ընդգրկվել հենց վերոհիշյալ առավել կարևոր պատմագիտական նշանակություն ունեցող անհետացած գանձերը:
Գրիշա Սմբատյանի հետ մեր զրույցը սկսվեց վերջինիս կողմից հնչեցված անհանգստությամբ այն մասին, որ Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանը շարունակ սպառնում է իրեն.
– Ես անդադար ստանում եմ իմ հասցեին ուղղված սպառնալիքներ, հայհոյանքներ, զանգեր և հաղորդագրություններ: Այդ մարդը մտածում է, որ այդ գտածոների հայտնաբերման համար, օրենքի համաձայն՝ իրեն փոխհատուցում է նախատեսվում, և նա այդ գումարները, չգիտես ինչու, ինձանից է պահանջում: Հիմա ես ուզում եմ ձեզանից հարցնել՝ ես որտեղի՞ց կամ ինչպե՞ս կարող եմ նրան նյութական փոխհատուցում տրամադրել: Ես արդեն իսկ դիմել եմ տեղի ոստիկաններին՝ խնդրելով՝ զսպեն այդ տղային, որպեսզի նա այլևս չանհանգստացնի ինձ:
– Պարոն Սմբատյան, իրականում փոխհատուցման այդ թեմային մենք ծանոթ ենք, բայց մեզ առավելապես հետաքրքրում է ընդհանուր հավաքածուից անհետացած գանձերի ճակատագիրը: Դուք տեղյակ ե՞ք, որ այդ հավաքածուից որոշակի թվով և առավել կարևոր նշանակության գտածո նմուշներ են անհետացել: Սկսենք նրանից, որ դրանք ի սկզբանե Ոստիկանությունից տեղափոխվել են անմիջապես Կապանի Երկրագիտական թանգարան: Ի՞նչ ծավալով են դրանք տեղափոխվել այնտեղ, և որտե՞ղ են անհետացել վերոհիշյալ նմուշները:
– Երբ այդ գտածոները տեղափոխվեցին Ոստիկանության բաժանմունք, ինձ իր մոտ հրավիրեց ոստիկանապետ պարոն Արա Դավթյանը և տեղեկացրեց, որ իրենց մոտ գտածո իրեր կան, և պետք է հասկանալ, թե դրանք իրենցից ի՞նչ արժեք են ներկայացնում: Ես և մեր թանգարանի ֆոնդապահը ներկայացանք Ոստիկանություն, լուսանկարեցինք տեղում առկա բոլոր նյութերը: Առաջարկություն եղավ, որպեսզի այդ գտածոները տեղափոխվեն Երևան, և ես, որպես թանգարանի տնօրեն՝ սիրով տվեցի իմ համաձայնությունը, որպեսզի դրանք լուրջ մասնագիտական փորձաքննություն ենթարկվեն:
Այդ պահին, որպես թանգարանի տնօրեն, ես շահագրգռված էի, որ դրանք ի պահ տրվեին հենց մեր թանգարանին, որպեսզի այնուհետև հնարավոր դառնա տեղափոխել մայրաքաղաք՝ առավել մանրակրկիտ մասնագիտական զննությամբ հասկանալու և պարզելու, թե ի՞նչ արժեքի և պատմական նշանակության գտածո իրերի հետ գործ ունենք:
Պատասխանելով անհետացած նմուշների վերաբերյալ ձեր հարցին, վստահաբար հաստատում եմ՝ այն ծավալով, որով մենք այդ հավաքածուն ստացել և լուսանկարել ենք Ոստիկանությունից, նույն ծավալով դա տեղափոխվել է Երևան, մայրաքաղաքից Կապան գործուղված փորձագիտական հանձնաժողովի անմիջական ուղեկցությամբ: Երբ այդ գտածոները տեղափոխվեցին Կապանի երկրագիտական թանգարան, ես անմիջապես կապ հաստատեցի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, խնդրեցի, որպեսզի նա շտապ կարգով ընդունի ինձ: Ես նրան հայտնեցի, որ հավանաբար մեծ արժեք ունեցող պատմական գտածոներ են հայտնաբերվել, և նա առանց ժամանակ կորցնելու՝ ինձ ընդառաջեց. մեկ ժամվա ընթացքում մարզպետարանից հատուկ հանձնաժողով կազմեց, որոնց անդամների հետ միասին էլ տեղում գրանցել, լուսանկարել և ցուցակագրել ենք գտածոների այն ծավալը, որ Ոստիկանությունում էր:
– Պարոն Սմբատյան, անդրադառնալով գտածոների հավաքածուից անհետացած՝ 15- 16 կտոր, մասնագետների բնորոշմամբ՝ առավել արժեքավոր նմուշների ճակատագրին, փաստում ենք՝ ձեր կողմից ցուցակագրված 198 կտոր պարունակող հավաքածուում դրանք ներառված չեն: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս իրականությունը:
– Ես այդ մասին միայն լսել եմ, այն, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կան լուսանկարներ, որոնցում պատկերված են իբրև այդ հավաքածուից անհետացած մի քանի նմուշներ:
– Այո, մեզ այդ լուսանկարները տրամադրել է հենց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
– Ես այդ գտածոները չեմ տեսել, այդ նյութերի հետ ես անձամբ ծանոթ չեմ: Մենք հատիկ առ հատիկ լուսանկարել ենք այն, ինչ մեզ է տրամադրել մարզային ոստիկանությունը:
– Մենք ունենք ինֆորմացիա այն մասին (այս պահին՝ ոչ ճշտված, և ես կցանկանայի ձեզանից ևս կարծիք լսել այս մասին), որ պարոն Հակոբ Սիմոնյանը, մինչ պաշտոնապապես որպես փորձագիտական հանձնաժողովի նախագահ՝ գտածոները տեղում ցուցակագրել և Երևան տեղափոխելը, հանդիպում է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Նմանատիպ հանդիպման մասին տեղեկություն ունե՞ք:
– Մենք միասին հանդիպում ունեցել ենք պարոն Սուրիկ Խաչատրյանի հետ: Նախկին մարզպետն ինձ հարցրել էր՝ համաձա՞յն եմ ես արդյոք, որ այդ գտածոները տեղափոխվեն Երևան: Ես ասել եմ, որ փորձաքննության, փորձագիտական եզրակացության և վերականգնման համար, անշուշտ, համաձայն եմ: Օրենքն է այդպես պահանջում, որպեսզի մենք կարողանանք հստակ տեղեկություններ իմանալ, թե ի՞նչ պատմական նշանակության գտածոների հետ գործ ունենք:
Հակոբ Սիմոնյանն այդ օրերին եղել է մեզ մոտ՝ Կապան քաղաքում, շատ լուրջ ու ծանր աշխատանք ենք կատարել միասին: Ինչ վերաբերում է նրան, որ նա առանձին հանդիպած լինի նախկին մարզպետի հետ, ես տեղեկացված չեմ, չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ մենք միասին մտանք նախկին մարզպետի մոտ:
– Պարոն Սմբատյան, երբ զրուցում էինք ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Սիմոնյանի հետ , նա տեղեկացրեց, որ իր կողմից ղեկավարած ՊՈԱԿ-ը ցանկություն է հայտնել այդ հավաքածուն վերադարձնելու Կապանի երկրագիտական թանգարանին, բայց դուք դեմ եք եղել: Ինչո՞ւ:
– Այո, ես նման բովանդակությամբ պաշտոնական նամակ ստացել եմ և, այո, մերժել եմ: Առաջինը հերթին՝ ինձ հայտնի է, որ կա ճապոնական գրանտ, որի շնորհիվ պետք է աշխատեն այդ գտածոների հետագա ուսումնասիրությունների վրա: Ես պատմաբան եմ և ունեմ նաև հնագետ ֆոնդապահ, բայց մենք ակադեմիական մակարդակի գիտնականներ չենք, որպեսզի կարողանանք պատասխաններ տալ այդ գտածոների հետ կապված մի շարք նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ: Դրանք պետք է մշակվեն, վերականգնվեն, նոր միայն տեղափոխվեն Կապանի երկրագիտական թանգարան՝ ցուցադրության համար:
Մի պատճառ էլ ասեմ, որի մասին պաշտոնական նամակում չեմ գրել՝ խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ մեր թանգարանային պայմանները՝ անվտանգության տեսանկյունից՝ համապատասխան ազդանշանային համակարգի բացակայությամբ, մեզ թույլ չի տալիս լինել այնքան ապահովված, որպեսզի մենք կարողանանք այդօրինակ մեծարժեք նմուշներն ապահով կերպով պահպանել մեր թանգարանի տարածքում: