Բաժիններ՝

Արագաչափեր. մահվան ելքով ՃՏՊ-ների նվազեցման միջո՞ց, թե՞ լրացուցիչ փողի աղբյուր

«Մենք ահավոր բեռ ենք դնում մարդկանց վրա՝ դրանով իբր թե նվազեցնելով զոհերի թիվը». Աշոտ Խուրշուդյան

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել շարժական արագաչափերի ներդրման թեման։ Ինչպես հայտնի է, Ոստիկանությունը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ վարորդները, արդեն իմանալով տեղադրված արագաչափերի տեղերը, արագությունը նվազեցնում են միայն այդ հատվածներում, հետո նորից արագություն հավաքում։ Ու քանի որ, ըստ հնչող հիմնավորումների, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ-ների) զգալի մասը տեղի է ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով, շարժական արագաչափերի կիրառմամբ իրավիճակը կբարելավվի։ Այսինքն՝ վարորդը, չիմանալով արագաչափի տեղը, ամբողջ երթևեկության ընթացքում զգույշ կվարի և չի գերազանցի արագությունը։

Ինչպես ասացինք, այս թեմայով քննարկումը բավականին բուռն է։ Օգտատերերի մի մասը ողջունում է այս նախաձեռնությունը, մյուս մասը զբաղված է արագաչափ-մեքենայի փնտրտուքներով։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը համաձայն է՝ կանոններ խախտելը լավ բան չէ, սակայն խնդիրը այլ տեսանկյունից է դիտարկում։ Ըստ նրա, այն պնդումը, որ մահվան ելքով ՃՏՊ-ների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով,  թերի վերլուծության արդյունքում արված սխալ եզրահանգում է։

«Արագության ռեժիմի հետևանքով տեղի են ունենում ռիսկային ՃՏՊ-ներ։ Իսկ այդ ՃՏՊ-ների հետևանքով մահվան պատճառի վիճակագրությունը մեր ոստիկանությունը չունի, ոչ նորմալ հավաքում է, ոչ էլ դետալները գրանցում ու վերլուծում», – համոզված է նա։

Աշոտ Խուրշուդյանն ասում է, որ արագության հետևանքով ռիսկային ՃՏՊ-ներ աշխարհի շատ երկրներում մեզնից շատ են լինում /հարաբերական առումով/, սակայն մեզ մոտ զոհերի թիվը գերազանցում է։ Ահա սա  պետք է ուսումնասիրվի։

Փորձագետը մեկ այլ հանգամանքի վրա էլ է ուշադրություն հրավիրում՝ Հայաստանում բարձր է նաև արագությունը չխախտած ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը։ 60 կմ/ժ-ը մահացու է շատ-շատ դեպքերում։ «Այսինքն, արագության և մահվան կապը պայմանավորված է լրիվ այլ հանգամանքներով, որոնք մեր ոստիկանությունը չի կարողանում ուսումնասիրել»։

ՃՏՊ-ների հետևանքով մահվան պատճառները բազմազան են. օրինակ՝ ամրագոտիների պահը կամ մեքենաների տեխնիկական վիճակը։ Սակայն, ինչպես ցավով նշում է Աշոտ Խուրշուդյանը, Հայաստանում նմուշի համար մի տվյալների բանկ չկա, որ վերցնես ու վերլուծես՝ վթարի ամիսը, օրը, ժամը, վայրը, մեքենայի վնասվածքի ձևը, վթարը հարվա՞ծ է, թե՞ ոչ, շարժվո՞ղ օբյեկտի է հարվածել, թե՞ կանգնած, ինչի՞ է հարվածել, ո՞ր թվականի ու ի՞նչ մեքենա է և այլն։ Իսկ իրական ուսումնասիրությունը կարող է անգամ անսպասելի արդյունքներ տալ։ Տնտեսագետը ուսումնասիրել է այլ երկրների վիճակագրությունը, որտեղ մանրամասն վերլուծված են մահվան պատճառները։  «Օրինակ, երկրներից մեկի դեպքում պարզվել է, որ զոհերի հիմնական մասը ծառերի պատճառով է եղել։ Որոշել են կտրել ճանապարհների երկայնքով շարած ծառերը՝ զոհերը էական կրճատվել են»։ Մինչև այս հարցերը պատշաճ ուշադրության չարժանան, զոհերի թիվը չի նվազելու, արագաչափերն էլ մնալու են միայն որպես փողի աղբյուր։

Ընդհանրապես, տուգանքների մասին խոսելով, Աշոտ Խուրշուդյանն այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը համարում է cost-benefit (ծախս-օգուտ) վերլուծության անցկացումը.  «Այսպես ասեմ, եթե տուգանքը վճարվեր որպես առողջապահության ապահովագրություն, և մարդիկ նորմալ բուժվեին, Հայաստանում մահերի թիվը ավելի կպակասեր, քան ավտովթարներից զոհերի թիվն է։ Ամբողջ հարցը հենց օգուտի աստիճանն է։ Մենք ահավոր բեռ ենք դնում մարդկանց վրա՝ դրանով իբր թե նվազեցնելով զոհերի թիվը, արդյունքում շատ մեծ գումարներ են հավաքագրվում, մի մասը՝ ոմանց շահույթ, մյուս մասը՝ ոստիկանության «պրեմիա», սակայն զոհերի թիվը աննշան է փոխվում։ Սա կոչվում է շատ անարդյունավետ հանրային քաղաքականություն»։

«Հայաստանում վարչական վիճակագրությունը, մեղմ ասած, բարվոք չէ։ Քաղաքականություն մշակելու համար, քաղաքականության ու դրա ազդեցության կապը տեսնելու համար պետք է էականորեն բարելավենք վարչական վիճակագրությունը», – համոզված է Աշոտ Խուրշուդյանը։

Ընդ որում, խնդիրը միայն ՃՈ տուգանքներին չի վերաբերվում։ Նույն պատկերն է աջ ղեկով մեքենաների դեպքում, երբ դրանց դեմ պայքարում են՝ իբր ռիսկային լինելու պատճառով, սակայն սակայն 70-ականների սովետական ավտոպարկը թողնում են այնպես, ինչպես կա։ Կամ ձևական տեխզննման գործընթացը, որը այդպես էլ չկարողացան նորմալ կառավարել, և խնդիրը կրկին վերածվեց պարզ «փողի բազարի»։ Ամենաթարմ օրինակը հրավառությունների մասին օրինագիծն է։

Մի խոսքով, ըստ Աշոտ Խուրշուդյանի, պետք է արդյունավետ դարձնել հանրային քաղաքականությունը։ Առանց դրա՝ ոչինչ չի փոխվի, միայն տուրքերն ու տուգանքները կավելանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս