«Չեն ուտում մեր քաղաքացիները BMW-ի ֆառ, հիմա ի՞նչ անենք». Նաիրա Զոհրաբյան
«Օրեր առաջ կառավարության ղեկավարը այս ամբիոնից շատ հպարտ տեսքով հայտարարեց՝ համեմատելով գնաճը Վրաստանի և Ադրբեջանի հետ, որ գնաճը շատ նվազ է, ունենք 2.6% գնաճ։ Ես կարծում եմ, որ պետական վիճակագրական ծառայությունը, կամ այն կազմակերպությունները, որոնք ապատեղեկատվություն են ներկայացնում կառավարության ղեկավարին, պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Եթե 2.6% ենք հաշվում, պետք է իմանալ՝ ինչը և ինչպես ենք հաշվում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ էժանացում են հաշվում BMW-ի «ֆառերի» գնի իջեցումը, բայց առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մեջ BMW-ի «ֆառ» չկա։
«Չեն ուտում մեր քաղաքացիները BMW-ի ֆառ, հիմա ի՞նչ անենք»,- ասաց նա։
Ըստ Ն.Զոհրաբյանի՝ այս կերպ գնաճը հաշվելը և 2.6% ասելը պրիմիտիվ էժանագին մանիպուլյացիա է։ Նա դիմեց տնտեսագետներին և նշեց, որ ով կարողանա հաշվել նվազագույն սպառողական զամբյուղը, կներկայացվի Նոբելյան մրցանակի։
Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ այս պայմաններում միջին աշխատավարձ ստացողները համալրելու են տոտալ աղքատների շարքերը։
«Դուք չունեք ամոթ, եթե ամոթ ունենայիք, դուք այստեղ չէիք փորձի թվային աճպարարություններ անել միայն նրա համար, որ կես ժամ հետո գաք, միահամուռ քվեարկեք ու մերժեք այս նախագիծը»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը։