Թուրքիային դրեցին սև-սպիտակի առջև. Արդյո՞ք հաջորդ քայլը Հայաստանը մտածել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու հրեշը: Դա խաղաղության հրեշտակն է, որ խեղդում է պատերազմի հրեշին, մեկնաբանել է իր նվերը Ֆրանցիսկոս պապը: Վատիկանում Թուրքիայի նախագահը վերջին անգամ հյուր եղել էր 59 տարի առաջ: Պապի ու Էրդողանի ներկայիս հանդիպման մանրամասները հայտնի չեն եւ պարզ չէ, թե ինչի մասին են նրանք խոսել փակ դռների հետեւում, մեկ ժամ:

Էրդողանը Վատիկան մեկնելուց առաջ հայտարարել էր, որ Հռոմի պապի հետ քննարկելու է Մերձավոր Արեւելքի իրադրությունն ու Երուսաղեմի հարցը: Թուրքիան, կամ դրա նախագահ Էրդողանը ներկայումս հակամարտության մեջ է գրեթե ամբողջ աշխարհի, ուժային բոլոր կենտրոնների հետ: Թվում է, որ բացառություն է Մոսկվան, սակայն այստեղ էլ առերեւույթ ժպիտների ու ձեռքսեղմումների ներքո դրսեւորվում են տարօրինակ միջադեպեր, եւ Թուրքիան պարբերաբար հասցնում է «հարվածներ մեջքից»:

Առանցքայինը, սակայն, Արեւմուտք-Թուրքիա հարաբերությունն է, եւ ՌԴ-ի հետ հարաբերությունը պրոյեկցվում է հենց այստեղ առկա վիճակից: Այդ տեսանկյունից, Էրդողանի այցը Վատիկան ստանում է ուշագրավ երանգ: Տպավորություն է, որ Էրդողանը փորձում է հաշտության եզր գտնել այն քաղաքակրթության հետ, որտեղ ըստ էության ձեւավորվել է ներկայիս Թուրքիայի կենսունակությունն ու հզորությունը, եւ որից կտրվելը, Թուրքիային, թերեւս չի տանելու որեւէ լավ տեղ:

Էրդողանը, ըստ ամենայնի, հենց դրա մասին խոսելու համար է մեկնել Վատիկան: Իսկ այստեղ նրան փաստորեն դնում են ընտրության, կամ կողմնորոշվելու առաջ՝ հրեշտա՞կ, թե՞ հրեշ:

Հռոմի պապի հուշանվերը վկայում է, որ Արեւմուտքը շատ հստակ է դնում հարցն Անկարայի առաջ, այսպես ասած՝ սեւ-սպիտակ: Այդ համատեքստում նաեւ ուշագրավ է դառնում, որ արեւմտյան ուժային կենտրոններից մեկը՝ Փարիզը, վերջին շրջանում բավականին ընդգծված ժեստեր է անում հայկական հարցի մասով: Օրեր առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին իր առաջին մասնակցության ընթացքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ կատարում է նախընտրական խոստումը, եւ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես կնշվի որպես հայերի Ցեղասպանության հիշատակի օր:

Միեւնույն ժամանակ, դրանից մի քանի օր առաջ Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Հայաստանի շուրջ ծավալվում են ուշագրավ զարգացումներ, այդ թվում՝ թվարկելով նաեւ Թուրքիան եւ ասելով, որ խոսել են Սարգսյանի հետ այդ մասին եւ մարտահրավերների կողքին կա նաեւ գործելու անհրաժեշտություն:

Մակրոնը հայկական կազմակերպությունների ընթրիքին հանդիպել էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:

Այս խոսուն ժեստերը, անկասկած, ամենեւին պատահականության շարքից չեն եւ ակնհայտ է, որ առնվազն Ֆրանսիան հայկական հարցն առաջ է մղում Թուրքիայի դեմ: Միեւնույն ժամանակ, հայկական հարցում իր խոսուն դրսեւորումներով աչքի է ընկել նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ թե՛ Վատիկանում հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով պատարագին, թե՛ Հայաստան կատարած այցի ընթացքում:

Ինչքանով են ներդաշնակ այդ հարցում Փարիզն ու Վատիկանը, բավական բարդ է ասել, ու ընդհանրապես դժվար է ասել, թե հայկական հարցում արդյո՞ք կա որոշակի կոնսենսուսային մոտեցում Արեւմուտքում՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների պարզաբանման ներկայիս բարդ պրոցեսի հետ: Սակայն առավել քան ակնառու է, որ այստեղ Հայաստանն իսկապես մարտահրավերների եւ հնարավորությունների սահմանին է: Ընդ որում, ինչպես միշտ:

Հայկական հարցն անխուսափելիորեն միջազգային օրակարգի գործիք է, հայերից անկախ: Մյուս կողմից, ի գիտություն ընդունելով այդ իրողությունը, հայերը եւ ներկայումս նաեւ Հայաստանը մշտապես կանգնած են մի խնդրի առաջ՝ թույլ չտալ, որպեսզի այդ գործիքն այլ ձեռքում կիրառվելիս այս կամ այն կերպ վնասի Հայաստանին, եւ միեւնույն ժամանակ էլ Հայաստանը օգտվի այդ գործիքի կիրառումից անգամ այն դեպքում, երբ կիրառողն այլ ձեռք է:

Ասել կուզի, խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հայկական հարցը միջազգային օրակարգում չխաղարկվի այնպես, որ հակասության մեջ մտնի Հայաստանի շահերի ու անվտագության հետ, որոնք էլ իրենց հերթին չեն կարող պարփակվել լոկ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքով: Ի վերջո առաջնորդողը պետք է լինի ապագան, ոչ թե անցյալը, եւ անցյալը պետք է լինի ապագան կառուցելու գործիք: Ինչ ունի այստեղ Հայաստանը, որպես քայլ կամ գործողություն, Սերժ Սարգսյանի հայտարարած հայ-թուրքական արձանագրությունների գարնանային չեղարկումից բացի:

Արդյո՞ք հաջորդ քայլը Հայաստանը մտածել է, թե՞ մտածելու են Հայաստանի փոխարեն: Ընդ որում, այստեղ անգամ հարց է, թե ովքեր են մտածելու, եթե նկատի առնենք նաեւ այն, որ Թուրքիան որպես կանոն, Արեւմուտքում հայկական հարցի հետ կապված խնդիրների լուծումը մշտապես փնտրում է հյուսիսում՝ Մոսկվայում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս