ՀՀ Նախագահի առաջարկն «անսպասելի սպասվածն էր». Արմեն Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»: Այդ մասին Արմեն Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք գործող Նախագահի առաջարկն իր համար անսպասելի էր, այսինքն նա մի քանի օր առա՞ջ է իմացել դրա մասին, թե այնուամենայնիվ, ամիսներ առաջ գիտեր:

«Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից, ինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ՝ Bank of America, Alcatel և այլն: Նախ և առաջ, ես շատ լավ վարձատրվում էի, և դա հոյակապ փորձ էր ինձ համար և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր՝ փորձել այն մտքերը, այն առաջարկները, որոնք կան իրական կյանքում, որոնք կան տնտեսության մեջ, և երրորդը, սովորել նախ և առաջ էներգետիկ ոլորտը, նավթային ոլորտը , հեռահաղորդակցության ոլորտը, մի շարք ուրիշ ոլորտներ, այսինքն, իրական կյանք մտա այդ ճանապարհով»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդ տարիներին բոլոր նմանատիպ հաղորդագրություններին հումոր է վերաբերվել:

Սարգսյանի խոսքով, 2013-ից հետո կյանյքի այդ փուլից էլ բավարվածություն է ստացել ու իր հետաքրքրությունները նորից ուղղվել են դեպի հասարակական կյանք, դեպի միջազգային հարաբերություններ, նաև համալսարան: «Եվ այդ ժամանակ սկսվեցին մտքերը, եթե ինձ առաջարկեն՝ այո, կամ ոչ: Գիտեք, Աստծո ճանապարհները երբեք չենք կարող կանխագուշակել ու այդ ճանապարհն ինձ համար ինչ որ իմաստով շատ ցավալի եղավ, որովհետև իմ՝ դեսպան դառնալու պատմությունը ոչ ծրագրված էր, ոչ էլ ես էի ծրագրում: Եղավ այն ողբերգական դեպքից հետո, երբ մեր հանրապետության շատ լավ դեսպան Կարինե Ղազինյանը, ցավոք սրտի, ծանր հիվանդությունից վիրահատվելուց հետո Միացյալ Նահանգներում մահացավ: Կարինեն ուսանողական ընկեր էր, որին շատ էի աջակցում Լոնդոնում, ուղղակի ամեն ինչով, ով իր պարտականությունները հիանալի էր կատարում, եռանդով լեցուն, շատ հայրենասեր անձնավորություն էր, եվ երկար ժամանակ դեսպանի տեղը դատարկ մնաց: Հանրապետության Նախագահի հետ 2013-ի ամռանը երբ զրուցում էինք, նա ինձ առաջարկեց վերադառնալ, և այդ ժամանակ նույնպես խնդրեցի, որպեսզի մտածեմ, չնայած դեսպանի պաշտոնը բնականաբար ինձ շատ ծանոթ էր»,- ասել է Սարգսյանը՝ ավելացնելով. «Առաջարկին ի պատասխան նշեցի՝ կհամաձայնվեմ, եթե իմ պայմանը կատարվի, որ ես իմ աշխատանքը կատարեմ առանց վարձատրվելու՝ բոլոր իմաստներով. ոչ աշխատավարձ, ոչ բնակարանի վարձ, ոչ մի բան, այդ կերպ փորձելով ինչ որ կերպ աջակցել մեր հանրապետությանը , նախարարությանը, կառավարությանը, բյուջեին, քանի որ դեսպանի աշխատավարձը, մյուս ծախսերը բավականին մեծ են, և ընդհակառակը, իմ, ընտանեկան միջոցներից ներդրվել են տարբեր միջոցառումների համար: Համարում էի, որ դա հայրենիքին իմ կողմից չվերադարձրած պարտքի մասն է:

Անդրադառնալով ՀՀ Նախագահի ներկայիս առաջարկին՝ նա նշել է, որ այն շատ անսպասլի չի եղել իր համար և ավելացրել, որ նախկինում Նախագահի հետ նման խոսակցություն չէր եղել: «Բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի »,- ասել է Սարգսյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ուղիղ եթերո՞ւմ, թե դրանից առաջ էլ գիտեր, ինչի համար է գնում Նախագահի նստավայր, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, ամբողջ խոսակցությունը հենց տեղում է եղել: Ես, իհարկե, շնորհակալ եմ հանրապետության Նախագահին, ու ինքնին առաջարկությունը շատ մեծ պատիվ է, շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որովհետև նա առաջարկում է ոչ միայւն որպես Նախագահ, այլ նաև որպես կուսակցության ղեկավար: Շնորհակալ եմ, որ Նախագահը հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի, մտածելու: Եվ սա ձև չէ, իրականում շատ պարզ պատճառներ կան դրա համար: Նախ, ինչի մասին ենք խոսում. անցած ընդամենը 26 տարիների ընթացքում հստակ նախագահական համակարգից անցանք կիսանախագահականի և այսօր անցանք խորհրդարանական համակարգի: Հետևաբար, առաջարկը, որ ինձ տրվում էր, խոսքը չէր գնում դեսպանի պաշտոնի մասին, չէր գնում նախագահական համակարգում վարչապետի պաշտոնի մասին, ինչպես 1996 թվականին: Հարցը միայնն առաջարկությունը չէ, այլ՝ ընդունում ես՝ ի՞նչ ես անելու, ի՞նչպես ես անելու: Հանրապետության Նախագահն առաջարկում է լինել հանրապետության նախագահ, որի բոլոր իրավասությունները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրության մեջ, ամեն ինչ շատ պարզ է: Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ Սահմանադրությունը որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»,- նկատել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, հասկանալի է նաև, որ «Սահմանադրությամբ գծված սահմանները սահմաններ են, որոցից չես կարող անցնել այս կողմ կամ այն»: «Եվ հասկանալի է, որ հանրապետության ախագահն իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և տառը, և բառը: Սակայն շատ լավ գիտենք, որ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ գրել և տարբեր մտքեր արտահայտել, և լավ, և վատ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս