Բաժիններ՝

«Ավելի քան շոկային էր՝ տեսնել, որ վարչապետն է հաստատում կառավարման խորհուրդը, և այն, որ ԵՊՀ-ն ունի բացառիկ դիրք». Արևիկ Անափիոսյան

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, կրթության փորձագետ Արևիկ Անափիոսյանի կարծիքով՝ բուհական համակարգի բոլոր խնդիրները պայմանավորված են այդ համակարգի քաղաքականացվածությամբ։ Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված  «Բարձրագույն կրթության նոր օրինագիծ. խնդիրների լուծմա՞ն, թե՞ խորացման օրենք» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ ներկայացվող օրինագիծը չի լուծում քաղաքականացվածության խնդիրը.

«Ավելի քան շոկային էր՝ տեսնել, որ վարչապետն է հաստատում կառավարման խորհուրդը, և այն, որ ԵՊՀ-ն ունի բացառիկ դիրք։ Եթե պատմական պատճառներով ենք նրան բացառիկ դիրք տալիս, ապա ԵՊԲՀ-ն նույնպես կարող էր բացառիկ դիրք ունենալ, բայց քանի որ քաղաքականացվածությունն եմ ես դիտարկում, մտածում եմ, որ ԵՊՀ-ն այն կենտրոնն է, որտեղից ծնունդ են առնում ուսանողական մեծ թափ ունեցող շարժումները, և չնայած նրան, որ իմ կրթությունը ԵՊՀ-ի է, ես շարունակում եմ այնտեղ դասավանդել և որպես դասախոս՝ իմ պարտքն եմ համարում նաև իմ ունեցած մի փոքր գիտելիքն այդ միջավայրում փոխանցել ուսանողներին, միևնույն է, կարծում եմ, որ բուհի հատուկ կարգավիճակը պայմանավորված է հնարավոր առաջադեմ երիտասարդության կողմից կազմակերպվող ուսանողական և քաղաքացիական շարժումները ճնշելով։ Նպատակը, կարծում եմ, դա է, որը բավականին խնդրահարույց է»։

Կրթության փորձագետը նկատեց՝ Որակի ապահովման ազգային կենտրոնը եվրոպական կենտրոնի ցանցի անդամ է, և քանի որ կան եվրոպական ստանդարտներ և ուղեցույցներ, Անափիոսյանի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի կողմից հավատարմագրված բուհերը կկարողանանք ճանաչել եվրոպական բարձրագույն կրթության տարածքում հավատարմագրված, երբ իրենց կողմից առաջ քաշվող ստանդարտներում ասվում է, որ բուհերը պետք է լինեն անկախ, քաղաքականացված չլինեն. «Եթե մենք բուհերի խորհրդի հաստատումն ունենք վարչապետի կողմից, ապա մեր Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հավատարմագրված բուհերը կլինե՞ն իսկապես հավատարմագրված»։

Անափիոսյանը մեկ այլ խնդիր էր առանձնացրեց. «Չենք ընկալում՝ ինչ է  նշանակում՝ ակադեմիական ազատություն։  Օրենքում նշված է, որ բուհերը հնարավորություն կունենան ընտրել իրենց դասախոսներին, ծրագրեր մշակել, բայց ակադեմիական ազատությունն ամենևին էլ դա չէ։ 3 գործընթաց կա, որով ակադեմիական ազատությունը հնարավոր է ապահովել․ առաջին՝ ակադեմիական ֆակուլտետի դասախոսը պետք է ունենա մինչև իր թոշակի անցնելն անժամկետ աշխատանքային պայմանագիր, որն իրեն թույլ է տալիս գրել և խոսել ամեն ինչի մասին, որի հետ մարդիկ կարող են չհամաձայնել, քանի դեռ այդ ինֆորմացիան և այդ եզրահանգումներն ակադեմիական մեթոդի կիրառմամբ են վեր հանվել։

Երկրորդը՝ պետք է լինի գործընկերների միմյանց գնահատել, ինչը նշանակում է, որ դասախոսական անձնակազմը պետք է կարողանա ազդեցություն ունենալ, իրենք մշակեն չափորոշիչները, ուղեցույցները, ակադեմիական ծրագրերը, ինչը մենք չունենք։ Երրորդ՝ պետք է կարողանան մասնակցություն ունենալ կառավարման համակարգին ոչ միայն բուհի ներսում, այլև ընդհանրապես բարձրագույն կրթության ոլորտի կառավարման համակարգին, որը ո՛չ օրենքն է  թույլ տալիս, ո՛չ էլ իրականությունն է այդպիսին։ Այսինքն՝ նույնիսկ չունենք հստակ պատկերացում, թե ինչ  են ակադեմիական ազատությունները»։

Արևիկ Անափիոսյանն օրենքից այն տպավորությունն է ստացել, որ այն գրողները չեն էլ հասկանում, թե ինչ է ակադեմիական բարեվարքությունը. «Օգտագործում ենք ազնվություն, բայց ակադեմիական ազնվությունը բարեվարքության տեսակներից է։ Տարբեր խնդիրներ կան, և մի բան է՝ միջազգային հարթակներից հպարտ ձևով ասել, որ մենք ունենք առաջընթաց ոլորտում, այլ բան է՝ իսկապես ձեռքերը կեղտոտել և բավականին դժվար ու մանրակրկիտ աշխատանք կատարել, ստեղծել օրենսդրական մակարդակով մի դաշտ, որը կապահովի կրթության որակը։

Այս օրենքում տեղ են գտել ամպագոռգոռ բառակապակցություններ, բայց մենք ընդհանրապես մոռանում ենք, որ այդ որակը հնարավոր է ապահովել դասավանդման և ուսումնառության մակարդակում։ Դասավանդողին և ուսանողին չենք տալիս ո՛չ գործիքներ, ո՛չ հնարավորություն, և ո՛չ էլ կարևորություն»։

Կրթության փորձագետը նկատեց. «Համաշխարհային դաշտում հանրակրթության ոլորտում են փորձում չափորոշիչներից ազատվել, իսկ  մենք բարձրագույն կրթության ոլորտում ենք չափորոշիչներ սահմանում և խոսում քննական մտածողության և մնացած կարևորությունների մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս