Բաժիններ՝

7 ապրանքախումբ թանկացել են ԵԱՏՄ-ի պատճառով

Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի՝ ՀՀ-ին տրամադրվում է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներին (այսուհետ՝ ՄՄՍ) անցնելու անցումային շրջան՝ մինչև 2022թ., որի ընթացքում առավել շոշափելի ու կարևոր մոտ 770 ապրանքատեսակների ՄՄՍ-ից տարբերվող մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար հարմարեցվեն դրան:

Այսպիսով, ըստ վերոնշյալ պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում:

Հատկապես ուշադրության է արժանի «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միևնույն ժամանակ, նախատեսվում է մինչև 2022թ. այն հասցնել 50%-ի: Ընդ որում, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց երրորդ երկրներին: Այսպես, ԵԱՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, մինչդեռ երրորդ երկրներից ներմուծումը կազմել է 24 մլն դոլար: Սա նշանակում է, որ 2018թ. այս ապրանքախմբի ներմուծումը զգալիորեն կթանկանա: Դա վերաբերում է նաև հաջորդող ժամանակաշրջաններին, երբ դրա դրույքաչափը էլ ավելի բարձրանա:

Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար:

Կարդացեք նաև

«Մազերի, ատամների խնամքի միջոցներ» ապրանքախմբի համար նույնպես սահմանվում է 2% մասքսային դրույքաչափ՝ նախկին զրոյական մաքսատուրքի փոխարեն: Այս ապրանքախմբի՝ երրորդ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 9,3 մլն դոլար: «Տրիկոտաժե գործվածքներ» ապրանքախմբի մաքսային դրույքաչափը զրոյական մակարդակից բարձրացվել է 3%: Ընդ որում, այս ապրանքախմբի գրեթե ամբողջ ներմուծումը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ շուրջ 13 միլիոն դոլար:

«Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի համար նույնպես մաքսային դրույքաչափը սահմանվել է 3%: Այստեղ նույնպես ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ ավելի քան 6 մլն դոլար: «Սառնարաններ և այլ պաղեցնող սարքավորումներ» ապրանքախմբում ունենք երրորդ երկրներից ավելի քան 9.5 մլն դոլար ծավալով ներմուծում: Այս ապրանքախմբի համար սահմանվել է 2% դրույքաչափ՝ նախկին զրոյականի փոխարեն: «Ալյումինե նրբաթիթեղներ» հոդվածում մաքսային հարկման ենթակա (այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկրներից եկող) ներմուծման ծավալը հասնում է 4.2 մլն դոլարի, իսկ դրա մաքսային դրույքաչափը սահմանվել է 3% (նախկին 0-ի փոխարեն):

Այսպիսով՝ երրորդ երկրներից զգալի չափերի հասնող շուրջ 7 ապրանքախմբերում ունենք մաքսային դրույքաչափերի աճ: Մաքսադրույքների աճ (միջինում 2-3%) գրանցվել է նաև մի շարք այլ ապրանքախմբերում, մասնավորապես՝ «Խտացրած կաթ և կաթի սեր», «ներկեր և լաքեր», «կաղնուց անտառանյութեր», «ցիստեռններ և բաքեր», «խցան, թասակ և կափարիչ», «ալյումինե մետաղակոնստրուկցիաներ և դրանց մասեր» «ժամացույցի մեխանիզմներ» և այլ ապրանքախմբերում, սակայն երրորդ երկրներից այս ապրանքախմբերի ներմուծման ծավալները զգալի չեն, այդ պատճառով դրանց նկատմամբ կիրառվող մաքսային դրույքաչափերի աճը էական փոփոխությունների չի հանգեցնի:

2018թ.-ին 14 ապրանքատեսակների գծով Հայաստանը միանում է ՄՄՍ-ին, որոնցից 7 ապրանքատեսակի համար մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի նախատեվում, իսկ մնացած 7-ի դեպքում դրույքաչափերը աճում են 2-ից 3 տոկոսով:

Այպիսով՝ 2018թ.-ին մասքսային դրույքաչափերի աճը իր ազդեցությունը կարող է թողնել  վերը նշված 7 ապրանքախմբերում, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից զգալի են:

Հիշեցնենք, որ ապրանքատեսակներից շատերի մասով դրույքաչափերի էական աճ նախատեսված է 2020 թվականից: Առաջիկա տարիներին թանկացող ապրանքներին կանդրադառնանք առանձին:

Հովհաննես Մելքումյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս