Ասլամազյան քույրերի պատկերասրահը վերանորոգելու համար 100 մլն դրամ է անհրաժեշտ
Գյումրու Աբովյան 242 հասցեում է գտնվում «Մարիամ և Երանուհի Ասլամազյան» քույրերի պատկերասրահի շենքը: Կառույցը բավական անմխիթար վիճակում է գտնվում:
Գյումրու քաղաքապետարանում օրերս պատկերասրահի վերանորոգման հարցով հանրային քննարկում էր կազմակերպվել, որին ներկա էին կրթության, գիտության և մշակույթի գործիչներ:
Բանաստեղծ Սամվել Մարգարյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է պատկերասրահի շենքը հիմնանորոգել:
«Գյումրու միջոցառման հանդիսությունների ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել էր հանրապետության նախագահին՝ ներկայացնելով «Մարիամ և Երանուհի Ասլամազյանների» պատկերասրահի անմխիթար վիճակը: Պատկերասրահը նորոգելու համար անհրաժեշտ է զգալի գումար՝ շուրջ 100 մլն դրամ: Ինչպես պարզ երևում է լուսանկարներից, փայտից պատշգամբն ամբողջովին շարքից դուրս է եկել, խոնավությունից վնասվել են նաև պատկերասրահի պատերը, ջրահեռացման համակարգը շարքից դուրս է եկել:
Նշենք, որ Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։
Այն ընդգրկված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Այստեղ կան մի շարք ցուցանմուշներ՝ 600-ից ավելի կտավ, դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ, որոնք անձամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերն են նվիրել։ Պատկերասրահը գեղարվեստական թանգարան է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները։
Առաջին հարկում՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի Մարիամ Ասլամազյանի գեղանկարները, թասեր, սպասք, մոմակալներ։
Երկրորդ հարկում՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի գործերը: Պատկերասրահը, որը կառուցվել է 1980-ականներին, երկրաշարժից հետո որոշակիորեն վնասվել է, իսկ կանգուն մնացած հատվածը տրամադրվել է անօթևաններին։ Այն 2004 թվականին վերակառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով։
Անահիտ Սիմոնյան