Բաժիններ՝

Սևանա լճի ափին հանգիստն ու աշխատանքը համադրելու «Sevup» նախագիծը փնտրում է ներդրողներ

Փոքր Սևանի ափին՝ Երևանից 110, իսկ Շորժա գյուղից 6 կիլոմետր հեռավորության վրա լողափնյա հանգիստն ու աշխատանքը համադրելու «Sevup» զբոսաշրջային նախագիծը տարբեր հարթակներում կներկայացվի ներդրողներին։ Ծրագիրը Հայաստանի զարգացման հիմնադրամի հայտարարած «Ձևափոխիր» մրցույթին ներկայացրել է ճարտարապետներից ու դիզայներներից բաղկացած The Lab թիմն ու դարձել երկրորդ մրցանակակիր, ստացել դրամական պարգև։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի ավագ Արա Հարությունյանը, ծրագիրը նախագծել են հենց այս մրցույթի համար, իսկ շահած 10 հազար դոլարն ուղղելու են թիմի ընդլայնմանը՝ խթանելով նախագծի լայնածավալ ուսումնասիրությունն ու վերջնական մշակումը։

Արա Հարությունյանի խոսքով՝ Սևանում լողափնյա հանգիստը կրում է խիստ արտահայտված սեզոնային բնույթ, ինչը վատ է անդրադառնում ոչ միայն այնտեղ գործող զբոսաշրջության ոլորտի բիզնեսների, այլև սեզոնային աշխատողների վրա: Իրենց նախագիծն առաջնահերթ ուղղված է այս խնդրի նվազեցմանն ու դեպի Սևան զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

«Sevup»-ը հյուրանոց և աշխատանքային տարածք (co-working) տրամադրող բիզնես մոդել է, որը մեծ թվով աշխատատեղեր կստեղծի տեղացիների համար՝ նվազեցնելով Գեղարքունիքի մարզում գործազրկության մակարդակը։ Տարածքի ընտրությունը պայմանավորված է կլիմայական, լանդշաֆտային բարենպաստ պայմաններով: Արդի ոճով կառուցված շենքերի համալիրում գործելու են ակտիվ հանգստի մասնաշենքը՝ ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցային մասնաշենքը, վիլլաներ, co-working տարածք, լողավազաններ, լողափ, անտառներ և այգիներ»,-ներկայացրեց նախագծի համահիմնադիրը։ Նա նշեց, որ ակտիվ հանգստի մասնաշենքը բաց է լինելու ոչ միայն հյուրանոցում հանգստացողների, այլև բոլորի համար, ովքեր ցանկություն կունենան օգտվելու այդ ծառայություններից, մասնավորապես լողափից, լողավազաններից, ռեստորանից ու սրճարաններից:

Նախատեսում են համագործակցել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ` նրանց առաջարկելով աշխատանքային տարածք, որում առկա կլինեն առանձնացված աշխատասենյակներ, 2 համաժողովային դահլիճ։ «Մենք համագործակցելու ենք աշխատանքային տարածք տրամադրող միջազգային ցանցերի հետ Հայաստանում առաջին անգամ հանգիստ + աշխատանք բիզնեսը ստեղծելու նպատակով։ Այդպիսով` Սևանը կդառնա ներկայանալի ամբողջ աշխարհում»,- հավելեց թիմի ավագը։

Ըստ Արա Հարությունյանի՝ իրենց ներկայացրած ծրագրի մրցակցային առավելությունը սոցիալական պատասխանատվության այն մոտեցումների մեջ է, որ իրենք որդեգրել են։ Մասնավորապես, ծրագրում են շենքերի տանիքներին տեղադրել արևային վահանակներ և աստիճանաբար «Sevup»-ի ամբողջ էլեկտրամատակարարումը կազմակերպել վերարտադրվող էներգակիրներից: Նաև հատուկ մեխանիզմի շնորհիվ անձրևաջրերն օգտագործվելու են շրջակա տարածքի ոռոգման համար: «Ունենալու ենք հուշանվերների խանութ, որտեղ տեղացի արհեստավորները կարող են ներկայացնել իրենց արտադրանքը։ Մենք կազմակերպելու ենք ափերի և Սևանա լճի մաքրման աշխատանքներ, զարգացնելու ենք էկոտուրիզմը։ Ու չնայած հանգամանքին, որ անտառապատ հատվածում է տեղի ունենալու կառուցապատումը, ծառեր չեն հատվելու, ընդհակառակը նորերն են տնկվելու։ Շենքային պայմաններն ու բոլոր ծառայությունները հարմարեցված են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածքը 2.5 հեկտար է, կառուցապատումը՝ 4 հազար 400 քառակուսի մետր: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 3.5 միլիոն դոլար է, որի հետվերադարձն, ըստ հաշվարկների, կկատարվի 4 տարում։ «Աշխատանքները կսկսվեն այն պահից, երբ կլինեն ներդրողներ, և եթե ամեն ինչ հարթ ընթանա, երկու տարում ծրագիրը կյանքի կկոչվի»,- եզրափակեց Արա Հարությունյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս