Բաժիններ՝

«Աշխարհում երկու բանի պակաս կա՝ էֆեկտիվ լիդերների և մաթեմատիկոսների». Նաիրա Հովակիմյան

Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր և «IntelinAir» ընկերության համահիմնադիր, մաթեմատիկոս Նաիրա Հովակիմյանն այս օրերին Հայաստանում է: Անվանի գիտնականը հայրենիք է վերադարձել՝ ընտանիքի և ընկերների հետ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու, ինչպես նաև Ամերիկյան և Պոլիտեխնիկական համալսարաններում որոշ հանդիպումների մասնակցելու նպատակով:

«168 Ժամը» Նաիրա Հովակիմյանի հետ զրուցել է հայկական գիտական մտքի զարգացման, տեմպերի, հնարավոր համագործակցությունների ու տեսլականների մասին:

– Նաիրա, սովորաբար ի՞նչ տեսակի հրավերներով եք լինում Հայաստանում:

– Անցյալ տարի մայիսին Ամերիկյան համալսարանն ինձ առաջարկեց շրջանավարտներին ուղերձ հղելու համար մասնակցել ավարտական միջոցառմանը: Ամերիկյան կրթական համակարգում դա ընդունված պրակտիկա է, երբ հայտնի որևէ մեկը բարի ճանապարհ է մաղթում շրջանավարտներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ գիտական համագործակցությունը, ապա այն դեռևս արդյունավետ կերպով չի հաստատվել:

Կարդացեք նաև

– Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Երևի նրանով, որ Հայաստանի գիտական զարգացումներն իմ բնագավառի մեջ համապատասխան մակարդակի դեռևս չեն հասել: Ես աշխատում եմ մի քանի տարբեր ուղղություններով՝ ղեկավարման տեսություն, անօդաչու թռչող սարքերի նախագծում, machine learning, կիբեռանվտանգություն և այլն: Այս ուղղություններում Հայաստանում գիտական խմբեր հավանաբար չկան, ովքեր կկարողանան օգտվել իմ հեղինակած հոդվածներից, զարգացրած մշակումներից, կամ համագործակցեն ինձ հետ: Հիմա արդեն Պոլիտեխնիկական ինստիտուտում փորձում են նմանօրինակ լաբորատորիա կառուցել:

Երբ այն կկահավորվի, և համապատասխան տեխնիկական սարքեր կլինեն, միգուցե կկարողանան ստեղծել մի խումբ, ովքեր կկարդան մեր հոդվածները, որոնք իրականում մաթեմատիկորեն բավականին խրթին են գրված: Որպեսզի մասնագետները կարողանան դրանք կարդալ և այնտեղ նկարագրված մեթոդներն ու ալգորիթմներն օգտագործել, պետք է կարողանան խորապես հասկանալ մաթեմատիկական տարբեր ուղղություններ՝ գրաֆների տեսություն, ֆունկցիոնալ անալիզ, տոպոլոգիա, կայունության տեսություն, շարժման կայունություն, կայունության անխափան աշխատանք, և այլն:

Սա բավականին լուրջ բազային կրթություն է պահանջում: Հայաստանում այդ կրթական բազան այսօր բացակայում է:

– Առհասարակ ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանում կրթական համակարգի զարգացման տեմպերը:

– Պարզապես այն դեռ չի սկսվել, եթե համեմատելու լինենք այն ռիթմի հետ, որով զարգանում է համաշխարհային գիտական միտքը: Չեմ ուզում խիստ քննադատական մտքեր հնչեցնել, կնախընտրեի ավելի հուսադրող գույներով մոտենալ հարցին: Այսօր, երբ մարդիկ փորձում են աշխարհում որոշ բաներ փոխել, ես անհույս չեմ, բայց միաժամանակ պետք է նաև նկատեմ՝ այսօրվա դրությամբ եղած հանդիպումներիս արդյունքում իմ տպավորությունն այնպիսին է, թե բուհերում, օրինակ, դասախոսական կազմն իմ ժամանակներից ի վեր գրեթե չի փոխվել, կամ գուցե մաքսիմում՝ 20 տոկոսով:

Աշխարհը շատ արագ տեմպերով առաջ է գնում: Ես չեմ կարող մտնել լսարան ու երկու տարի անընդմեջ կարդալ նույն դասախոսությունը, ուսանողն ուղղակի իմ դասերին չի հաճախի, և ես չեմ կարող նրան դրանում մեղադրել: Գիտությունն ու դասախոսությունը պետք է սերտ կապի մեջ լինեն: Ամբողջ աշխարհում այդպես է:

Ավելին, այժմ համալսարաններից և գիտական ոլորտից ձևավորվում են հատուկ ընկերություններ, որոնք կարողանում են ձեռք բերված վերջին գիտական արդյունքները դնել պրոդուկցիայի մեջ, որը, իհարկե, իր նկատելի արդյունքներն է տալիս նաև գիտություն և բիզնես ոլորտի համագործակցության ոլորտում: Աշխարհն առհասարակ այդպես է հարստանում:

Երբ մենք Ամերիկայում աշխատում ենք զարգացնել գիտությունը, մենք գրանտներ ենք գրում՝ ուղղված տարբեր կազմակերպությունների, որոնցից գումար ենք ստանում, որով նաև կրթում ենք ատենախոսներին, նրանց դիսերտացիաների թեմաներն ենք մշակում այնպես, որպեսզի դրանք լինեն մրցունակ: Մրցունակ մտածողություն մշակելը նույնպես գիտության խնդիրն է, որպեսզի կարողանաս միշտ մնալ գիտության զարգացման զարկերակի վրա, որն իրականում շատ բարդ է։ Իսկ երբ այդ ուղղությունը չի հաջողվում պահել, դու պարզապես կորչում ես: Ամերիկյան հանրապետությունը դրան հասել է իր գոյության 300 տարիների ընթացքում:

– Փաստորեն մրցունակ պայքարի մեջ պետք է լինի նաև գիտությո՞ւնը:

– Այո: Ես շատ սիրում եմ օրինակ բերել սպորտը, որը մի բնագավառ է, որտեղ մարզիկներն իրենք իրենց համար արհեստական դժվարություններ են ստեղծում և փորձում են հաղթահարել դրանք՝ ամեն օր հասցնելով իրենց հնարավորությունները նոր նշաձողի: Այդ պրոցեսի ողջ ընթացքում լավ մարզիկը երբեք ինքն իր առջև վերջնագծեր չի դնում, որպեսզի չվերածվի մահացած մարզիկի ու մշտապես մնա առաջնագծում:

Առաջնագծում լինելն ու առհասարակ մարզական մտածողությունը շատ կարևոր մի բան է, որ մեր՝ հայաստանյան գիտնականների մոտ, թերևս, ինչ-որ չափով պակասում է: Արդեն վաղուց հայկական դպրոցներում շախմատ առարկան են մտցրել, որն ինձ շատ է ուրախացնում, որովհետև շախմատը ստրատեգիկ մտածողություն է ձևավորում:

Աշխարհում ամեն ինչի կարելի է հասնել երեք կարևոր պայմանի առկայության դեպքում միայն՝ մարդու մտքի թռիչքի, ջանասիրության և ճիշտ ռազմավարության մշակման պարագայում: Դու կարող ես լինել աշխարհի ամենահանճարեղ և աշխատասեր մեկը, բայց եթե չունեցար հստակ մտածված ռազմավարական մոտեցումներ, երբեք ճիշտ պահին ճիշտ տեղում չես հայտնվի: Թեև շախմատը դեռևս թիմային խաղ չէ: Այս առումով շատ լավ կլիներ, որ դպրոցներում շախմատին զուգահեռ՝ մտցվեր նաև ֆուտբոլը:

Այս սպորտաձևում գոյություն ունի հետևյալ մոտեցումը՝ երբ դու գնդակը որևէ մեկից պաս ես ստանում, ապա դա պետք է ուղարկես մեկ ուրիշին՝ անպայման զգալով, թե ով կա քո առջևում, ով է կանգնած քո հետևում, պետք է անպայման զգաս նաև քո դարպասապահին, եթե անգամ դաշտում նա քեզանից բավական հեռավորության վրա է աշխատում: Այդ մոտեցումը, որ դու մեկից գնդակը ստանալով՝ պետք է փոխանցես մյուսին, կոլեկտիվ աշխատանքի մտածողություն է մշակում, որը նույնպես շատ կարևոր է: Գիտության մեջ ևս մարդիկ պետք է առաջնորդվեն և՛ ֆուտբոլի, և՛ շախմատի տրամաբանությամբ:

Մի քիչ էլ, եթե մեր դպրոցներում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղը դառնա արդիական, խաղ, որտեղ խիստ անհրաժեշտություն է սահմանափակ ժամանակահատվածում ստանալ գոնե մեկ ճիշտ պատասխան, որն իր հերթին նպաստում է նաև ոգու դաստիարակմանը, բոլոր հարցերն ինքնըստինքյան կլուծվեն:

– Հայաստանում, այո, թիմային աշխատանքները մի տեսակ լավ չեն ստացվում:

– Այսօր ինքս մրցում եմ մի իրավիճակում, որտեղ, պետք է ազնվորեն խոստովանեմ, գիտելիքների այն բազան, որն ինձ անհրաժեշտ է ինձ համար ցանկալի խորության մակարդակի վրա, ես դեռևս չունեմ:

Իմ լաբորատորիայում ես փորձում եմ մշակել այնպիսի լուծումներ, որպեսզի դրոններն, օրինակ, կարողանան որևէ տեսակի ծառայություն մատուցել՝ մեծահասակներին դեղ փոխանցեն, երբ դրա կարիքը կա, և այլն։ Հաշվարկված է, որ 2030 թվականին ԱՄՆ-ում 65-անց մարդկանց քանակը կկրկնապատկվի, ու այդ պարագայում բավականաչափ երիտասարդներ չեն լինի, որպեսզի համապատասխան կառույցներում պատշաճ կերպով օգնեն նրանց, այդ իսկ պատճառով համապատասխան տեխնոլոգիաների մշակման կարիք կա, որոնք կօգնեն մարդկանց ապրելու իրենց տներում բավականին երկար ժամանակ ու նաև անկախ պայմաններում:

Նման դրոններ մշակելու համար պետք է հասկանալ մի քանի խնդիրներ. օրինակ՝ մարդը ե՞րբ կարող է դրանից վախենալ: Նման մշակումներ անելու համար ես, իհարկե, համագործակցում եմ տարբեր մասնագիտություններ ներկայացնող մարդկանց մի խմբի հետ, օրինակ՝ հոգեբանների, նրանցից ընդունելով որոշ անհրաժեշտ գաղափարներ: Ես վստահում եմ նրանց գիտելիքներին, հենվում եմ այդ գաղափարների վրա, դրանք օգտագործում եմ շարժումների՝ հետագծերի մշակման հարցերի շուրջ, փորձում եմ նաև հասկանալ, թե ինչպե՞ս կարգավորեմ ինտերֆեյսերը, որպեսզի դրանք մեծահասակների աչքերի համար գունային առումով լինեն ավելի հարմար:

Ես կարողանում եմ առաջ տանել տեխնոլոգիաների մշակումը, որը ինտերդիսցիպլինար է, նրանում ինտեգրված են տարբեր տեսակի դիսցիպլինաներ, այնպիսի հոգեբանություն և մարդկային գործոններ, որոնց մասին ես խորքային և ֆունդամենտալ գիտելիքներ չունեմ: Սա պատասխանն էր այն հարցին, թե որքան կարևոր է ունենալ և մշակել թիմային աշխատանքի մտածողությունը նաև գիտության ոլորտում և ամենուր՝ առհասարակ:

– Նաիրա, ինչի՞ պակաս ունի աշխարհը 21-րդ դարում:

– Կարծում եմ՝ աշխարհում երկու բանի պակաս կա՝ էֆեկտիվ լիդերների և մաթեմատիկոսների: Մնացած ամեն ինչից աշխարհում շատ կա, իսկ եթե անգամ չկա, ապա վստահ եմ՝ անվերջ և չընդհատվող աշխատանքի արդյունքում երևի թե առկա բացերը հնարավոր կլինի լրացնել: Եթե դու արդեն այս խաղի մի մասնիկն ես ու փորձում ես առաջ տանել գիտությունը, ապա մշտապես կա վախ՝ բախվելու ֆունդամենտալ լիմիտի սպառման վտանգի հետ, որովհետև մաթեմատիկական ինչ – որ ֆունդամենտալ արդյունք մշտապես պակասում է: Երբ դա լուծվի, ամեն բան հաջողությամբ առաջ կգնա:

Միևնույն ժամանակ՝ այս պրոցեսում շատ կարևոր է էֆեկտիվ լիդերների դերը: Այսինքն, պետք է կարողանալ աճեցնել առաջնորդների, ովքեր մտքի այնպիսի թռիչք և բեկումնային մտածողություն կունենան, որ աշխարհը փոխելու վախը պարզապես կվերանա:

– Կարծեմ՝ այդպիսի մտքի թռիչքով էր օժտված երջանկահիշատակ և անկասկած տաղանդավոր Սթիվ Ջոբսը:

– Ինձ էլ է այդպես թվում: Նա տեսլական ուներ, իսկ երբ տեսլական ես ունենում՝ կարող ես փոխել աշխարհը: Պետք է կարողանալ տեսնել, թե ի՞նչ է կատարվում պատերի հետևում, և համարձակություն ունենալ ջարդելու այդ պատերը: Կան մարդիկ, որ հապաղում են ռիսկի դիմել՝ վախենալով կորցնել արդեն ունեցածը:

– Ինձ թվում է՝ Հայաստանում դա այնքան էլ ակտուալ վախի տեսակ չէ, այն պարզ պատճառով, որ չգիտեմ, թե ի՞նչ կարելի է արդեն կորցնել այստեղ:

– Ես էլ ժամանակին այդպես մտածեցի, թե կորցնելու ոչինչ չունեմ, ու հեռացա այստեղից:

Մի քիչ դաժան է հնչում, պետք է խոստովանեմ:

– Իրականում կորցնելու բաներ, այնուամենայնիվ, կան, պարզապես պետք է փորձել ճիշտ համեմատությունների մեջ կողմնորոշում գտնել:

– Մենք ֆիքսում ենք, որ, այնուամենայնիվ, տեղում չունենք այնպիսի զարգացած գիտություն, որ մեզ կտա այն արդյունավետ սպասելիքները, որի կարիքն ունի մեր պետությունը: Դրանում դառնորեն համոզվեցինք նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Բայց չէ՞ որ աշխարհում կան հայ և հայազգի տաղանդավոր գիտական միտք ունեցող անհատներ: Հնարավոր համարո՞ւմ եք համատեղ գիտական մտքի զարգացում նաև Հայաստանում ապրող և արարող գիտնականների հետ:

– Այո, Հայաստանում ևս շատ խելացի մարդիկ կան: Գուցե հայաստանյան պայմաններն իրենց թույլ չեն տալիս լիովին բացահայտելու սեփական հնարավորությունները: Անկախ նրանից՝ Հայաստանում պետական մակարդակով ինչ-որ քայլեր կձեռնարկվե՞ն, թե՞ ոչ, բայց կան երևույթներ, որ տեղի են ունենում անխուսափելիորեն: Համացանցի բաց առկայությունն աշխարհի դռները լայնորեն բացում է բոլորի առաջ:

Եթե կան մարդիկ, ովքեր կամքից ուժեղ են, ովքեր ձգտում և պայքարի ջիղ ունեն, նաև՝ անսպառ հետաքրքրություններ, ովքեր վերջակետեր չեն դնում իրենց կյանքում, այլ միայն ստորակետներ են դնում և առաջ են շարժվում, ապա ոչ մի նշանակություն չունի, թե այդ մարդիկ աշխարհի որ կետում են ապրում՝ Հայաստանո՞ւմ, Մալազիայո՞ւմ, Հնդկաստանո՞ւմ, թե՞ Ամերիկայում:

Եթե նրանք իրենց ներսից ունեն այդ ծարավը, ապա անպայման գտնելու են այն ինֆորմացիան և այն ուղիները, որոնք կարող են ծառայել իրենց տեսլականի իրականացմանը: Չընդհատվող, շարունակական պրպտումներն անպայման տալիս են իրենց սպասված արդյունքները:

Այսօր Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, ովքեր հիանալի գիտական հոդվածներ են գրում, ընդ որում՝ աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում:

Այո, մենք ասում ենք, որ Հայաստանում գիտական մտքի վիճակն անմխիթար է, բայց չի կարելի անտեսել այն պայծառ դեմքերին, որոնք կան, և նրանք լույսի շողեր են: Նրանք Հայաստանում անտեսված են, որովհետև այստեղ չկան համապատասխան գնահատման չափանիշեր, վերլուծական համակարգ:

Մարդիկ Հայաստանում ըստ արժանվույն չեն գնահատվում: Նրանք, ովքեր ունեն մեծ տեսլական, ովքեր հավատում են իրենց այդ տեսլականի իրականացմանը, համապատասխան ներդրումների ապահովման պարագայում ինչ-որ պահից կարող են նաև ձևավորել ձեր ակնկալած այդ համախմբումը, որի մասին հարցրեցիք: Ի վերջո, այդպիսի մեծ համախմբում ստանալու և դրա գոյության համար երկարատև կյանք ապահովելու համար պետք է գործի դրվեն նաև պետական լուրջ միջոցներ:

– Մեր երկրի նախագահը բազմիցս իր աջակցությունն է հայտնել գիտելիքահեն պետություն կառուցելու տեսլականին:

– Ուրեմն նա պետք է կարողանա այստեղ համախմբել գիտելիքահեն մտածողությամբ օժտված մարդկանց: Կարծեմ՝ այդպիսի քայլեր արվում են այստեղ: Վերադառնանք Պոլիտեխնիկական ինստիտուտում ռոբոտիկայի լաբորատորիայի ստեղծման գաղափարին, որը շատ մեծ գումարներ է արժեցել մեր պետության համար:

– Որն իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ ստեղծվել է նույն քառօրյա պատերազմի հետևանքների հետ հաշվի նստելուց հետո…

– Այո, և Ռազմահայրենասիրական հիմնադրամի ֆինանսավորմամբ… Հիմա կա փաստ՝ ստեղծվել է շատ շքեղ շենք և շքեղ լաբորատորիա, մնում է հասկանալ, թե ովքե՞ր են այնտեղ աշխատելու: Եթե այն գումարները, որ ներդրվել են այդ շենքի պատերի կառուցման և տեխնիկայի ձեռքբերման մեջ, նույն գումարի հնգապատիկը ներդրվի նաև դրսից համապատասխան լավագույն մասնագետների ներգրավման պրոցեսի, ներսում ներկա լավագույն երիտասարդ կադրերին ընդգրկելու համար, ուրեմն, հավատացեք, արդյունքներ կունենանք:

Իսկ եթե հույսը դնելու ենք միայն Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների և դասախոսական կազմի վրա, ապա մենք կունենանք միայն շատ լավ կառուցված և տեխնիկական վերջին հնարավորություններով զինված մի դատարկ լաբորատորիա:

Ի դեպ, վերջին տասնամյակում ԱՄՆ-ի գիտական ոլորտում հավանության արժանացած ցանկացած գրանտ կամ ծրագիր իրենից ներկայացնում է ընդգծված մարդակենտրոն տեխնոլոգիա, ամեն ինչի հիմքում, և հատկապես՝ գիտության, ընկած է մարդու համար բարեկեցիկ կյանք ապահովելուն միտված տեխնոլոգիաների ստացումը: Աշխարհում արդեն վաղուց ինտենսիվ տեմպերով ձևավորվում է հենց մարդակենտրոն գիտությունը, մինչդեռ Հայաստանում դրա շունչն անգամ չի զգացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս