
Մարդկային կապիտալն իրապես զարգացնելու փոխարեն՝ «Կրթվելը նորաձև է» քարոզչական բլեֆը

Օրեր առաջ Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ, World Economic Forum) հրապարակեց իր «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում» ամենամյա զեկույցների շարքի 2025թ. տարեկան զեկույցը։ Համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանն աշխարհի 118 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում 65-րդն է։
Հայաստանի ինդեքսը 54.3 է՝ ցուցանիշ, որին համապատասխանում է միջինից մի փոքր վատ վարկանիշային դիրք։ Բանն այն է, որ էներգիայի վերափոխման ինդեքսի երկու ենթաինդեքսներից մեկի՝ «Վերափոխման պատրաստականության» «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչը 2025-ին (42.8 միավոր) շատ ավելի փոքր է, քան 2015-ին՝ 48.2 միավոր։
Այդ ցուցիչի «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքս» ցուցանիշը, որը երկրների մեծ մասի դեպքում անշեղորեն աճում է, Հայաստանի դեպքում երկու տարի անընդմեջ նվազում է՝ ընդ որում, բավական զգալի։ Արդյունքում` ինդեքսի գծով Հայաստանի 2025-ի միավորը նույնիսկ ցածր է, քան տասը տարի առաջվա ցուցանիշը։ Մինչդեռ այս ինդեքսն արտացոլում է երկրի կարողությունը՝ կուտակելու, պահպանելու և զարգացնելու տաղանդները (մարդկային կապիտալը):
Այս ինդեքսի՝ վերջին երկու տարիների կտրուկ անկման և տասը տարի առաջվա համեմատ առաջընթաց չունենալու ֆոնին պարզապես անհասկանալի են գործող իշխանության հայտարարություններն այն մասին, թե իբր իրենց կողմից քրտնաջան աշխատանք է տարվում մարդկային կապիտալի ավելացման և կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հարց է առաջանում, թե այդ «ջանքերն» ինչպիսի՞ գործողություններով են դրսևորվում։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում կադրային ջարդեր են տեղի ունենում. ընդ որում՝ այդ մամլիչի տակ ընկնում են հիմնականում բոլոր ընդդիմախոսները՝ անկախ նրանց մասնագիտական բարձր որակավորումներից։ ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմիններում ներկայացված քաղաքական ֆիգուրների մեծամասնությունը չունի բարձրագույն կրթություն, չի հանդիսանում որևէ ոլորտի մասնագետ, ինչը բնավ չի մոտիվացնում երիտասարդ սերնդին կրթվելու համար մաքսիմալ ռեսուրս ներդնել։ Ի դեմս Փաշինյանի՝ հանրային տիրույթում արդեն նոր իրողություն է հայհոյախառը խոսելաձևը։ Մարդկային կապիտալի տեսանկյունից՝ լավագույն ուղեղները լքում են երկիրը։ Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն առաջ են տանում «Կրթվելը նորաձև է» կարգախոսը։
Օրերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Այո’, ես փորձում եմ ամենօրյա ռեժիմով կրթություն քարոզել, գիրք կարդալու օրինակ ծառայել։
Անկախ մղումներից և կոնսպիրատիվ աշխարհաքաղաքական նպատակներից, որ դեռևս վերագրվում են ինձ, ես դա անում եմ, այն պարզ պատճառով, որ հասկացել եմ, որ մեր բոլոր, անխտիր բոլոր՝ ամենամեծ, մեծ, միջին, փոքր, ամենափոքր խնդիրների լուծման միակ ճանապարհը գիտելիքն է»։
Բայց ի՞նչ արժեք ունեն այդ պոպուլիստական խոսքերը, որոնք, ընդ որում, կրկնում է նաև Փաշինյանը, եթե ձեր «Կրթվելը նորաձև է» արշավը կրթության հետ ոչ մի ընդհանրություն չունի՝ ընդամենը մոդայիկ կարգախոսով քարոզչական շոու է, որի նպատակը մարդկանց ուղեղների լվացումն է, որպեսզի ձեր քաղաքական շահերին համապատասխանող թեզերն ամրապնդվեն մարդկանց գիտակցության մեջ։ Ի դեպ, եթե մինչ այս այդ քարոզչական հանդիպումներն ընթանում էին փակ ձևաչափով, մարդկանց սահմանափակ լսարանի համար, որը, որոշ շշուկների համաձայն, իրականում վարչական ռեսուրսի արդյունք է, ապա շուտով «Կրթվելը նորաձև է» արշավը եթեր է գնալու նաև Հանրային հեռուստաընկերությամբ։
Դե, առջևում ընտրություններ են, պետք է մարդկանց գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցել, թե ինչու Արցախը պետք էր ճանաչել Ադրբեջանի կազմում, ասել, որ վատ ենք ապրում, որովհետև չենք կրթվում, և, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր միայն լավն են կամենում։ Չմոռանաք նաև որոշ պարբերականությամբ գիրք կարդալու բեմադրված կարճ տեսանյութերի հրապարակումը, որոնք միայն երևան են հանում Աննա Հակոբյանի անհաջող դերասանական խաղը։ Եթե նշյալ անձը հանրայնացնում է, որ հասուն տարիքում համալսարան է ընդունվել ու կարևորում է գիտելիքի կարևորությունը, առնվազն իր իսկ կարդացած գրքերից բարեվարքության, վարվելաձևի, հագուկապի կանոններ կսովորեր և, ամենակարևորը, երբևէ թույլ չէր տար իր հանրային խոսքում կիրառել «ոջիլ», «մեռելի զդաչի» և նմանօրինակ այլ բառեր. վստահ ենք՝ այդ գրառումները կարդացել են շատերը։
«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ»,- ասում է Աննա Հակոբյանը Նյու Յորքում։ Գնահատականներն ու մեկնաբանությունները թողնում ենք մեր ընթերցողներին։
Սա՞ է արդյոք այն ապագան, որին ձգտում էինք։ Ո’չ։ Նման գործելաոճը միայն նսեմացնում է կրթության արժեքը և խեղաթյուրում ընկալումները երիտասարդների շրջանում։ Կրթվելը պաստառային կարգախոսով չի լինում, անհրաժեշտ են բովանդակային փոփոխություններ և էական քաղաքական կամք։ Այո’, քաղաքական կամք, որովհետև որքան հասարակությունը տգետ է, այնքան հեշտ է նրան կառավարել։ Դա ոչ միայն պատմական փորձով հաստատված իրողություն է, այլ նաև իշխանության պահպանման դասական ռազմավարություն՝ կիրառված ամենատարբեր ռեժիմների կողմից՝ սկսած միջնադարից մինչև ժամանակակից պոպուլիստական վարչակարգեր։
Այս գաղափարը հատկապես ակտուալ է այն դեպքում, երբ պետական մակարդակով կրթության ոլորտը դիտարկվում է ոչ թե՝ որպես ռազմավարական առաջնահերթություն, այլ՝ որպես վերահսկելի զանգված ստեղծելու գործիք։ Երբ մտածող, վերլուծող, գիտելիքով զինված քաղաքացին քիչ է, իշխանությունն ազատ է իր ապակառուցողական գործողություններում՝ առանց հանրային հաշվետվության և ճնշման։ Իշխանությունների համար կրթված, ինքնուրույն, քննադատ մտածող մարդը միշտ էլ վտանգ է ներկայացրել։ Որովհետև այդ մարդը լուռ չի մնում, երբ հանրային ռեսուրսները վատնում են, երբ պաշտոնյաները սուտ են խոսում, երբ արժեքներն արժեզրկվում են։
Ուստի շատ ավելի «հարմար» է ունենալ հասարակություն, որը «լայքերի» մակարդակում է ընկալում «կրթվելու» գաղափարը։ Սա է «նորաձև կրթության» էությունը Փաշինյանի իշխանության ներքո։
Իսկ մինչ այդ՝ իրական կրթված երիտասարդներն ու լավագույն ուղեղները փնտրում են այլ պետություններ, որտեղ կրթությունը ոչ թե «նորաձև» է, այլ պահանջված, արժևորված և պաշտպանված։