«Արցախն իրական ժողովրդավարություն է». Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ
Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում: Մման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Լե Պեն Միրաբո քաղաքի քաղաքապետ Միշել Ամիելը, ում ղեկավարած քաղաքում Արցախի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել:
«Հենց նշված պատճառով էլ այդ երկիրն արժանի է մեր աջակցությանը»,- La Provence-ի հետ զրույցում նշել է Լե Պեն Միրաբոյի քաղաքապետը: Ամիելը նշել է, որ 2001թ-ին քաղաքապետ դառնալուց հետո իր առաջին որոշումներից մեկն էլ եղել է քաղաքի հրապարակներից մեկը վերանվանել հանուն 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակման: «Հայկական խնդիրները մոտ են իմ սրտին և հենց այդ պատճառով էլ Արցախի հարցը ևս մեզ համար կարևոր է: Մենք որոշեցինք կապեր հաստատել Արցախի հետ, և Լե Պեն Միրաբոն դարձավ Ֆրանսիայի առաջին քաղաքը, ով Արցախի համայնքներից մեկի՝ Մարտունու հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրեց»,- շեշտել է Ամիելը:
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով ևս ներկա է գտնվել Արցախի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, նշել է, որ Արցախի խնդիրը չի կարող լուծվել զուտ տարածքային զիջումների միջոցով: «Ազատագրված տարածքները հայկական են եղել դեռևս մինչ այն, երբ Ստալինը որոշեց դրանք նվիրաբերել Ադրբեջանին 1921թ-ին և մինչ 1923թ-ը, երբ «օբլաստի» ձևավորմամբ այդ տարածքները ներկվեցին «ադրբեջանական գույնով»: Այդ տարածքներն արցախյան են և այդպիսինն էլ կմնան: Մեր Սահմանադրությունն այս հարցում շատ հստակ է»,- ամփոփել է Բեգլարյանը:
Նշված միջոցառումների շրջանակներում Բուշ-դու-Ռոն շրջանի հայկական մշակութային ասոցիացիա շապիկների վաճառքի միջոցով դրամահավաք է նախաձեռնել Արցախում ծառայող զինվորներին օժանդակելու համար: