«Պոտենցիալ մարդասպաններ ենք աճեցնում». «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները դիմում են Վլադիմիր Գասպարյանին
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ Արսեն Պետրոսյան ու Արմեն Եփրեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանում կեղծ պետհամարանիշերով և օտարերկրյա հաշվառման համարանիշերով (տրանզիտ համարներ) երթևեկության առկայությանն ու դրանց վտանգներին, խոսեցին Ճանապարհային ոստիկանության կողմից «արտոնյալ» վարորդների անպատժելիության հետևանքների մասին։
Արսեն Պետրոսյանը նախ անդրադարձավ Սարգիս Վարդանյանի («Ճըվ-ճըվ Արոյի» որդու) մասնակցությամբ մահվան ելքով խոշոր ավտովթարին, որի հետևանքով 2 ոստիկան զոհվեց, նշելով, թե որոնք են նման դեպքերի պատճառները. «Հիմնական պատճառն արտասահմանյան պետհամարանիշերով մեքենաների անպատժելի երթևեկելն է Հայաստանում։ Բագրատաշենից մտնում են ներս (լինի դա տրանզիտ թե այլ պետությունների համարներով) և դիտավորյալ արագաչափերը հաշվելով, հազարավոր դրամների խախտումներ անելով՝ նույնը շարունակում քաղաքում։ Եթե մարդիկ անպատժելիություն են զգում, դառնում են անկառավարելի։ Եկեք այդ մարդկանց էլ լավություն անենք։ Այդ ինչո՞ւ ՃՈ-ն կարող է կանգնեցնել 5 րոպե ժամկետանց ԱՊՊԱ չարած մեքենային և 100 հազար դրամ տուգանել, և չի կարող նույն բանն այդ համարանիշերով մեքենաների դեպքում անել։
Թող մոնիտորներով համալրեն ՃՈ մեքենաները և խախտում կատարող մեքենաների դեմը միանգամից առնեն։ Չեմ հավատում, որ իրենք չգիտեն՝ այդ ամենն ինչպես անել։ ԱԺ-ում քննարկվեց արտասահմանյան համարանիշերով մեքենաների հարցը և ասվեց, որ իբրև թե հունվարից հետո պետք է տուգանվեն, բայց այդ օրենքում այնքան բաց տեղեր են մնացել»։
Նա նկատեց՝ ցանկացած վթարի մեջ ներգրավված է արտասահմանյան համարանիշով ավտոմեքենա. «Տրանզիտ համարներով ներս են մտնում Հայաստան, թող տեղեկացնեն, որ այստեղ նրանց բոլոր խախտումները պատժվելու են։ Հավատացեք՝ 1-2 դեպք եղավ, այդ ամենը միանգամից կվերանա։ Ես իմ խոսքն ուղղում եմ Ոստիկանության պետին, ՃՈ պետին՝ հետ կանչեք այդ օրենքը, թող վերամշակման ենթարկվի, մենք պատրաստ ենք մեր առաջարկությունները նորից ներկայացնել, և այս անպատժելի մթնոլորտը թող վերանա։ Պոտենցիալ մարդասպաններ ենք աճեցնում՝ այս անպատժելիության մթնոլորտով»։
Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն էլ նկատեց, որ խախտումեր անում են նաև դիվանագիտական, ՊՆ և նախագահականի կապույտ պետհամարանիշերով մեքենաները. «Նրանք կարող են խախտում անել, եթե շարասյան մեջ ինչ-որ ծառայություն են իրականացնում, բայց անհատական մեքենա վարելիս՝ ոչ»։
Ինչ վերաբերում է արտասահմանյան համարանիշերով մեքենաներին, նա ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես է տրանզիտ համարներով մեքենան որպես տաքսի շահագործվում. «Այսինքն՝ մեքենան հաշվառված չէ Հայաստանում, բայց տնտեսական գործունեություն է ծավալում այստեղ։ Մենք կոչ ենք անում պատկան մարմիններին՝ լուրջ զբաղվել այս հարցով, մեր ազգաբնակչության կյանքի ու անվտանգության մասին է խոսքը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում