Ի՞նչ է լինելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված աջ ղեկով մեքենաների հետ, թույլատրվելո՞ւ է դրանց վաճառքը. պարզաբանում են նախարարությունից

Հարցազրույց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի հետ

– Պարոն Մելքոնյան, ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը, բայց հասարակության շրջանում մտավախություն կա, որ հետագայում նաև արդեն ներմուծված մեքենաների շահագործման հետ խնդիրներ կարող են առաջանալ։ Կասե՞ք, թե ի՞նչ է լինելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված մեքենաների հետ, դրանց վաճառքը թույլատրվելո՞ւ է։

– Մինչև ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները պետք է շարունակեն շահագործվել, դրանց սեփականատերերը կարող են ազատ տնօրինել իրեն շարժական գույքի իրավունքները։

– Այսինքն՝ մինչև ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարող են շահագործվել այնքան, մինչև շարքից դո՞ւրս գան։

– Այո, դրանք կարող են շահագործվել, սեփականատերերը կարող են առք ու վաճառք անել, ուղղակի ապրիլի 1-ից այլևս չենք թույլատրելու, որ Հայաստանի Հանրապետություն նման տրանսպորտային միջոցներ ներմուծվեն, և դրանք չեն հաշվառվելու։

– Արգելքի հիմնավորումը ո՞րն է։ Խոսվում է աջ ղեկով մեքենաների վտանգավորության մասին, բայց նորմալ վիճակագրություն չկա, թե որքանո՞վ են աջ ղեկով մեքենաները վտանգավոր ձախ ղեկով մեքենաներից։

– Հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ-ում երթևեկությունն աջակողմյան է, բնականաբար, պետք է ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ։ Եթե երթևեկությունն աջակողմյան է, ապա աջակողմյան ղեկային համակարգով շահագործվող տրանսպորտային միջոցները և՛ իրենց, և՛ մյուս մասնակիցների համար որոշակի վտանգի աղբյուր կարող են լինել։

– Իսկ ինչո՞ւ ի սկզբանե թույլատրվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը։

– Ոչ թե թույլատրվել է, այլ արգելանք չկար։ Իսկ հիմա արգելանքը նախատեսում ենք, որովհետև տեսնում ենք, որ տենդենցը մեծացել է։ Եթե որոշ ժամանակ էլ այսպես շարունակվի, կդառնա քաոսային իրավիճակ։

– Եթե քաղաքացին արդեն իսկ աջ ղեկով մեքենա է պատվիրել, վճարել է դրա համար, և մեքենան ապրիլի 1-ից հետո նոր հասնի Հայաստան, այս դեպքում խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու։

– Մենք արդեն 2 ամիս շրջանառում ենք նախագիծը, և այն անձինք, ովքեր նման նպատակներ ունեին, պետք է արդյունավետ պլանավորեին իրենց գործողությունները։ Մարդ կարող է լինել, որ ասի, թե մարտի 30-ին է մեքենան գնել, ինչո՞ւ չենք թույլատրում, որ ներմուծի։ Այսինքն՝ քաղաքացին պետք է հասկանա, որ ապրիլի 1-ից արդեն հնարավոր չէ, և պետք է դա այնպես պլանավորի, որ, եթե ավելի ուշ է հասնելու, ուրեմն՝ պետք չէ նման ռիսկի դիմել։ Իհարկե, օրենսդրությունն այնպես է կարգավորվում, որ, եթե, Աստված ոչ անի, ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ լինեն, այդ դեպքում միգուցե ինչ-որ բացառություններ լինեն, եթե հիմնավորվի, որ դա պայմանավորված է ֆորսմաժորային իրավիճակով։

– Եթե քաղաքացին իր աջ ղեկով մեքենայով երկրից դուրս գնա ու մի քանի ամիս անց վերադառնա, հնարավո՞ր է՝ սահմանային անցակետում խնդիրներ առաջանան։

– Հայկական համարներով Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցով դուրս է գնում, հետո վերադառնում է Հայաստան, այդ դեպքում խնդիր չի լինի։ Իր մեքենան հաշվառված է։

Տեսանյութեր

Լրահոս