«Հայաստանի համար շատ կարևոր է ամրապնդել դիրքերը ռուսական զբոսաշրջային շուկայում». Դենիս Դվորնիկով
Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018 թվականին միայն դրական զարգացումներ է սպասում՝ միաժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին։
«Ամեն ինչ կորոշի տնտեսական իրադրությունը։ Եթե տնտեսությունում կարգուկանոն լինի, բարեկեցության աճ լինի և աշխատատեղեր, ապա ոչ մեկը չի հիշի որևէ լարվածության մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դ. Դվորնիկովը։
Ըստ նրա ՝ Հայաստանի համար շատ կարևոր է ամրապնդել դիրքերը ռուսական զբոսաշրջային շուկայում։ Դ. Դվորնիկովը նշեց, որ այսօր շատերը, որ նախկինում մեկնում են Փարիզ կամ Հռոմ, այլևս հնարավորություն չունեն հանգստյան օրերին Եվրոպա «թռնելու».
«Միջին ճաշը նույն Ֆրանսիայում կրկնակի թանկ է, քան Մոսկվայում։ Այս առումով Երևանը, ինչպես նաև այլ քաղաքները, այդ թվում՝ Ստեփանակերտը, կարող են լիովին եվրոպական հանգիստ առաջարկել, սակայն՝ մատչելի գներով։ Ինչ վերաբերում է պատերազմին և հակամարտությանը, ապա տոնական օրերին չեմ ուզում դրա մասին ո՛չ մտածել, ո՛չ խոսել։ Ամեն դեպքում, մենք՝ այսպես կոչված՝ փորձագետներս, ընդամենը դատողություններ ենք անում։ Իսկ այստեղ պետք չէ խորիմաստ բաներ ասել, պետք է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղություն լինի»։